ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինե» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-110-07.12.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինե» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Խ-110-07.12.2021-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին  եւ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

28.12.2021թ.





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսնգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին։

2. Առաջարկում ենք շտկել նախագծում առկա վրիպակները, մասնավորապես՝ Նախագծի վերնագրում «ՄԱՍԻՆԵ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՄԱՍԻՆ» բառով, Նախագծի 1-ին հոդվածում նշված «1.1» ու «4.1» թվերը փոխարինել «1.1-ին» եւ «4.1-ին» գրելաձեւերով՝ հաշվի առնելով դասական թվականների գրության ձեւը: Նույն առաջարկը  վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածում նշված  «25.1» թվին, 4-րդ հոդվածում նշված «28.1»  թվին եւ այլն։

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում անհրաժեշտ է  «Տուգանային միավորը,» բառերից հետո նշված  «առարկաները» բառը նշել մեծատառով, ինչը հնարավոր է «Տուգանային միավորը, առարկաները» բառերը «Առարկաները» բառով փոխարինելու միջոցով։

4. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է վերացնել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցում տույժի տեսակը՝ անհրաժեշտություն է առաջանում Օրենսգրքի 132-րդ հոդվածից եւս հանել «իրավունքը կասեցված կամ այդ» բառերը։

5. Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ՝ Հիմնավորում) տուգանային միավորի եւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման վերաբերյալ կարգավորումներն ուժը կորցրած են ճանաչվում՝ նպատակ հետապնդելով ապահովել Օրենսգրքի համապատասխանությունը Սահմանադրության՝ կրկին դատվելու արգելքի հետ: Նախ նշենք, որ Հիմնավորմամբ ներկայացված է միայն Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի՝ հակասահմանադրական լինելու վերաբերյալ վերլուծություն, մինչդեռ Նախագծով նախատեսվում է ոչ միայն ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 129.3-րդ հոդվածը, այլ նաեւ վերացնել տուգանային միավորի եւ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցման ինստիտուտներն ամբողջությամբ։ Այս առումով անհրաժեշտ է շատ ավելի ծավալուն վերլուծություն, որով կհիմնավորվի վերոնշյալ վարչական տույժի տեսակների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու փաստը կամ դրանց անհրաժեշտության բացակայության նպատակահարմարությունը։ Բացի այդ Օրենսգրով սահմանված «տուգանային միավոր» եւ «տրանսպորտային միջոցնել վարելու իրավունքի կասեցում» վարչական տույժերի կարգավորումներից բխում է, որ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հանրային վտանգավորությունը գնահատելով, Օրենսգրքով նախատեսվել է մեկ տարվա ընթացքում ճանապարհային երթեւեկության կանոններ խախտելու առավելագույն թույլատրելի չափ։ Հետեւաբար կանխատեսելի է, որ տարեկան 9 միավորի սպառվելու դեպքում փոխվում է հանրային վտանգավորությունը եւ վրա է հասնում ավելի խիստ հետեւանք, քան տուգանային միավորը, ինչն էլ սահմանված է Օրենսգրքի 129?3-րդ հոդվածով՝

«1. Տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը (???), եթե այդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի եւ տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով»։ Այսպես՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում վարչական տույժի տեսակը կիրառվում է միայն մեկ պայմանի առկայության դեպքում, այն է՝ եթե մեկ անձին տրված տարեկան 9 միավորը պարբերաբար խախտումներ կատարելու արդյունքում արդեն սպառվել է։ Այս դեպքում ավելի խիստ պատիժ նախատեսելը, կարծում ենք, արդարացված է, քանի որ անձն իր ցուցաբերած վարքագծով փաստում է, որ ընդունակ չէ պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ որ նրա նկատմամբ կիրառվող տույժի ավելի մեղմ տեսակներն արդյունավետ չեն, իսկ Օրենսգրքի  22-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժի նպատակն է «վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել ... օրենքները պահպանելու, ... համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաեւ կանխել ինչպես իր իսկ՝ իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը»։

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

28.12.2021թ




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «տուգանային միավոր» եւ «տրանսպորտային միջոցները վարելու իրավունքի կասեցում» վարչական տույժերին վերաբերող կարգավորումները, սակայն համապատասխան վարչական տույժերին վերաբերող այլ ակտերում որեւէ փոփոխություն չի կատարվում, օրինակ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Միաժամանակ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք այլ օրենքներում, ինչպես օրինակ՝  Հայաստանի Հանրապետության քրեական օրեսնգրքի 243.1-ին հոդվածում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածում եւ այլն։

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

28.12.2021թ





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծի ընդունումը, ըստ Նախագծի հեղինակի, պայմանավորված է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունը բացառելու անհրաժեշտությամբ:

Նախագծով առջարկվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, մասնավորապես՝ ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի այն դրույթները, որոնք վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ տուգանային միավորներ կիրառելուն եւ այդ միավորները սպառելու դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցմանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                             

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-248)                              

15.12.2021թ.



Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծի նպատակն է բացառել անձի նկատմամբ նույն արարքի համար  կրկնակի պատասխանատվությունը:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360)  

28.12.2021թ.