ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-118-13.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-118-13.12.2021-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                        ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

29.12.2021թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, այն է՝ 

«Սույն մասին համապատասխան վաղեմության վերջնաժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:»:

Օրենսգրքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության կամ ի հայտ եկած այլ հանգամանքների հետեւանքով անհնարին է դառնում ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման իրականացումը: Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը սույն մասով սահմանված հիմքերով կասեցվում է այդ հիմքերի (կամ դրանցից որեւէ մեկի) առկայությունը հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու պահից: Սույն մասով սահմանված՝ կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին:»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Խնդիրն այն է, որ օրենսգիրքը հստակ չի կարգավորում, թե կասեցման հիմքերի վերացումից հետո քանի օրով կարող է երկարաձգվել վաղեմության ժամկետը:»:

Օրենսգրքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի տրամաբանությունից բխում է, որ վաղեմության ժամկետի հոսքը դադարեցվում է վերջինիս կասեցմամբ եւ կասեցման հիմքերի դադարեցումից հետո ժամկետի հոսքը շարունակվում է: Այլ կերպ ասած, ժամկետի կասեցման պայմաններում ժամկետի ընթացքը դադարեցված է. կասեցման ժամանակահատվածը չի ներառվում վաղեմության ժամկետում, հետեւապես այն երկարաձգելու վերաբերյալ կարգավորում նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է: 

2.  Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված է Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «վճարած հարկերի» բառերից հետո լրացնել «եւ վճարների» բառերը:

Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»:

Վերը մեջբերվածի կապակցությամբ ընդգծենք, որ պարզ չէ՝ որն է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգավորման գործողությունը 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա տարածելու օբյեկտիվ հիմքը, ինչը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: 

3.  Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հարկային իրավախախտում հայտնաբերելուց» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբերելուց» բառերով,

2) 3-րդ մասում «հարկային իրավախախտման փաստը» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտման ռիսկերը» բառերով:»:

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի 398-րդ հոդվածում նախատեսված փոփոխությունների արդյունքում, կարծում ենք, որ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այն տվյալները, որոնք պարունակում է արձանագրությունը՝ վերանայման կարիք ունեն (օրինակ՝ հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբվերելու դեպքում արձանագրության մեջ նշում է կատարվելու հնարավոր իրավախախտում կատարած անձի վերաբերյալ):

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

29.12.2021թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

29.12.2021թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ստուգման կամ ուսումնասիրության վաղեմության ժամկետի ընթացքը երկարաձգել կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով,  վաղեմության ժամկետներով պայմանավորված սահմանափակումները չտարածել հարկային հաշվարկներով հարկային պարտավորությունն ավելացնող եւ (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող փոփոխությունների նկատմամբ, հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ, ինչպես նաեւ վերացնել հորիզոնական մոնիթորինգի համակարգը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող` գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

20.12.2021թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Օրենսդրական նախաձեռնության նպատակը պայմանավորված է Օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման եւ հստակեցման, Օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է.

- ուժը կորցրած ճանաչել 44-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 65-րդ գլուխը,

- հստակեցնել, որ ստուգման կամ ուսումնասիրության վաղեմության ժամկետի ընթացքը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով,

- վաղեմության ժամկետներով պայմանավորված սահմանափակումները չտարածել հարկային հաշվարկներով հարկային պարտավորությունն ավելացնող եւ (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող փոփոխությունների նկատմամբ,

- հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունմամբ կառավարությունն ակնկալում է  բովանդակային եւ խմբագրական փոփոխություններով ու լրացումներով հստակեցնել եւ կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

17.12.2021թ.