ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-125-27.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-125-27.12.2021-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                    ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

17.01.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1.   «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ 

«1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

(...)

3. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Նախագծի հոդվածներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելիս առաջարկում ենք նշում կատարել նաեւ թվերի եւ կետադրական նշանների մասին, եթե լրացվող կամ փոփոխության ենթարկվող կարգավորումներում առկա են նաեւ այդպիսիք:

2.   Նախագծի 7-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք)  345-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվում է նոր 7-րդ կետ.

«7) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին հանձնարարագիր չի պահանջվում:»:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի՝ հսկիչ գնումներին վերաբերող  345-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ «15. Սույն հոդվածով սահմանված՝ հսկիչ գնումների իրականացման կարգն ու պայմանները կիրառվում են նաեւ հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում:»:

Օրենսգրքի 345-րդ հոդվածում 3-րդ մասում նշում է կատարվում  հսկիչ գնումներն՝ Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա իրականացնելու վերաբերյալ: Օրենսգրքի 345-րդ հոդվածում նախատեսվում են վերոնշյալ հանձնարարգրին վերաբերող կարգավորումներ: Միաժամանակ՝ Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասում թվարկված են արտագնա հարկային ուսումնասիրությունների իրականացման ժամանակ հարկային մարմնի ղեկավարի տված գրավոր հանձնարարագրում ներառվելիք տվյալները: Օրենսգրքի 339-րդ հոդվածը վերաբերում է հարկային ստուգման հանձնարարագրին, որում ներառված են նաեւ թեմատիկ ստուգումների դեպքում տրվող հանձնարարագրին վերաբերող կարգավորումները, սակայն հարկ է նկատել, որ քննարկվող հանձնարարագրի շրջանակում՝ հսկիչ գնումների իրականացման դեպքում, դրանց վերաբերյալ տվյալները թեմատիկ ստուգման հանձնարարագրում հատուկ նշելու վերաբերյալ կարգավորումները Օրենսգրքում բացակայում են: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող լրացման դեպքում հստակեցնել նաեւ թեմատիկ ստուգումների հանձնարարագրում՝ առանձին դեպքերում ներառվելիք տվյալների շրջանակը:

3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետում կատարվող լրացումն իրականացնելիս առաջարկում ենք հաշվի առնել, որ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սահմանվում է որպես հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի տեսակ: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Օրենսգրքի 351-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի եւ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վերաբերյալ նշում կատարելիս չկիրառել «եւ» շաղկապով ձեւակերպումը:

4. Նախագծի 11-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենքգրքի 384-րդ հոդվածը, որը վերաբերում է հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող անձանց գործունեության կասեցմանը, կասեցման մասին որոշումների ընդունմանը եւ կասեցման ավարտին: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ քննարկվող հոդվածի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նշվում է հետեւյալ դիտարկումը. 

«3)  օրենսգրքի 384-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ՀԴՄ կիրառող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցվում է ՀԴՄ-ի բացակայության կամ ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքերում (բացառությամբ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման, նոտարական եւ (կամ) փաստաբանական գործունեությունների): Միաժամանակ, օրենսգրքով սահմանված է հնարավորություն, որ ՀԴՄ կիրառության կանոնների խախտման արդյունքում գործունեությունը կասեցված հարկ վճարողը կարող է կասեցումը փոխարինել տուգանքով: Այս կարգավորումների պարագայում, ըստ էության, կասեցումը արդյունավետ գործիք չէ, քանի որ

ա. կասեցումը հնարավոր է փոխարինել տուգանքով եւ շարունակել գործունեությունը,»:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է, որ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված դեպքերում հարկ վճարողի գործունեության կասեցումը կարող է փոխարինվել տուգանքի վճարմամբ՝ հարկ վճարողի գրավոր դիմումը ներկայացնելու եւ սույն մասով սահմանված չափով հաշվարկվող տուգանքը վճարելու դեպքում: Օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը վերաբերում են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության հետեւյալ դեպքերին՝ խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին անգամ կրկնելու եւ հարկային մարմնի կողմից հոդվածի 3-րդ մասով սահմանված խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքերին: Օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտման դեպքում կիրառված գործունեության կասեցումը տուգանքով փոխարինման ենթակա չէ: Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 416-րդ հոդվածի  1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված խախտումների դեպքում գործունեության կասեցման կիրառումը կարող է տրամաբանական դիտվել հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան սուբյեկտները պետք է որոշակի ժամկետում ապահովեն հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենայի առկայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող անձանց գործունեության կասեցման ինստիտուտից ամբողջական հրաժարման նպատակահարմարության հարցը:

5. Նախագծի 12-րդ հոդվածով Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությունների արդյունքում ավելացվում են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները խախտելու համար նախատեսված տուգանքների չափերը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ կատարվող փոփոխությունների վերաբերյալ ներկայացված են հետեւյալ դիտարկումները.

«7) գործող օրենսդրության համաձայն՝ սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության խախտման փաստի հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից: Մեկ տարվա ընթացքում երկրորդ խախտման փաստի հայտնաբերման դեպքում սահմանված է տուգանք անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից, իսկ երրորդ եւ ավելի խախտման փաստի հայտնաբերման դեպքում սահմանված է տուգանք՝ անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Խնդիրն այն է, որ հաճախ նշված տուգանքի կիրառումը հարկ վճարողի համար առավել ձեռնտու է, քան տվյալ ապրանքների մասով համապատասխան փաստաթղթերի դուրս գրումը եւ այդ մասով իրական շրջանառության արտացոլումը,

(...)

7) քանի որ որեւէ արարքի համար պատասխանատվության միջոցի սահմանումն առաջին հերթին պետք է նպատակաուղղված լինի տվյալ արարքի կանխարգելմանը, միաժամանակ ապահովելով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ պատասխանատվության համաչափության սկզբունքի պահպանումը եւ հաշվի առնելով այն, որ նախատեսվող պատասխանատվությունը որքան համաչափ լինի իրավախախտման ծանրությանը, այնքան արդյունավետ կլինի դրա կանխարգելիչ նշանակությունը, առաջարկվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը (1-ին դեպքի համար՝ 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 2 միլիոն դրամ, 3-րդ եւ ավելի դեպքերի համար՝ 1 միլիոն դրամի փոխարեն 10 միլիոն դրամ), (...)»:

Հարկ է նկատել, որ Նախագծի 12-րդ հոդվածով Օրենսգրքի 410-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող տուգանքները զգալիորեն գերազանցում են մինչ այդ նույն խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը, միաժամանակ՝ Օրենսգրքի 77-րդ գլխում ներառված հարկային խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի հետ համեմատության արդյունքում կարող ենք նշել, որ նախատեսվում է բավականին խիստ պատասխանատվության միջոց: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ կատարվող փոփոխությունների վերաբերյալ միայն նշում է կատարվում, որ դրանք արդյունավետ չեն, սակայն հիմնավորմամբ չեն ներկայացվում տվյալներ, որոնք հնարավորություն կտան գնահատելու նախատեսված միջոցների ոչ արդյունավետությունը, ինչպես նաեւ նոր նախատեսվող միջոցների անհրաժեշտ եւ բավարար լինելը:

6. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«1. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին եւ վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը  տուգանվում է 500 հազար դրամի չափով:»:

Օրենսգրքի  416-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված կարգավորման դեպքում հաշվի է առնված շրջիկ առեւտրի կետի համար գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի առանձնահատուկ դեպքերը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու դեպքում հաշվի առնել նաեւ վերոնշյալ առանձնահատկությունը:

7. Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 2-րդ եւ 5.1-ին մասերով սահմանված նախորդ եռամսյակը որոշվում է որպես հսկիչ գնման արձանագրության կազմման ամսաթվին նախորդող եռամսյակ:»:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ եւ 5.1-ին մասերով նախատեսված խախտումներն կարող են արձանագրվել նաեւ համապատասխան թեմատիկ ստուգումների արդյունքում: Օրենսգրքի  335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետի համաձայն՝ թեմատիկ հարկային ստուգման տեսակ է համարվում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումը: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 416-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի կարգավորումը:

8. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 416-րդ հոդվածի 5.1-ին մասում կատարվում են որոշակի փոփոխություններ, ինչի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«5.1. ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առեւտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից այդ ծրագրերի եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտության արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում տպագրված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանման, ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության կոդի, քանակի եւ (կամ) ծավալի կամ արժեքի վերաբերյալ տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում են հինգ միլիոն դրամի եւ տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 1 տոկոսի գումարի հանրագումարի չափով:»:

Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 416-րդ հոդվածի 5.1-ին մասում փոփոխություններ կատարելիս, կարծում ենք, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ Նախագծի 10-րդ հոդվածով Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետում կատարվող լրացումը:

9. Հաշվի առնելով Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի 416-րդ հոդվածում կատարվող  փոփոխությունների ծավալը՝ առաջարկում ենք Նախագծով Օրենսգրքի 416-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

10. Նախագծի 16-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(...)

4. Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածների դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների վրա:»:

Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասում Նախագծի 12-րդ եւ 13-րդ հոդվածներին կատարված հղումներն առաջարկում ենք հստակեցնել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքի ուժի մեջ մտնելուց  հետո հայտնաբերված խախտումների նկատմամբ կիրառելի են Նախագծի 12-րդ եւ 13-րդ հոդվածներով՝ Օրենսգրքով նախատեսված համապատասխան խախտումներին վերաբերող կարգավորումներում կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող դրույթները:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`« (...)2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

(...)

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

(...)

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: (...):

(...)

8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:(...)»:

Այսպիսով՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, այսինքն՝ Նախագծի 12-րդ եւ 13-րդ հոդվածներով՝ Օրենսգրքով նախատեսված համապատասխան խախտումներին վերաբերող կարգավորումներում կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող դրույթները տարածվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կատարված հարկային խախտումների վրա: Ինչպես նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի պահանջներին, ուստի վերոնշյալ կարգավորման նխատեսման անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 
 

17.01.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 
 

17.01.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու մասին դրույթները, hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ եւ ավելի անգամ խախտումների հիմքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, հսկիչ գնման իրականացման համար որպես հիմք սահմանել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, վերացնել  հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու հնարավորությունը, ինչպես նաեւ ավելացնել հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակի ներկայացման մասին դրույթ? Նախագծով նախատեսվում է նաեւ իրավախախտումների կանխարգելման նպատակով բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը  եւ սահմանել ՀԴՄ չկիրառելու կամ կիրառության կանոնները խախտելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից եւ գործունեության ոլորտից:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ 

գլխավոր մասնագետ                                                                                   Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

10.01.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), ինչը պայմանավորված է Օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման եւ հստակեցման, առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: 

Նախագծով առաջարկվում են հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.

-  ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները,

- ուժը կորցրած ճանաչել hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ եւ ավելի անգամ խախտումների հիմքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, միաժամանակ, հանել նաեւ գործունեությունը կասեցված հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հրապարակելու պահանջը,

- հստակեցնել, որ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին ուսումնասիրության հանձնարարագիր չի պահանջվում,

- անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) եւ հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման հիմքերի ցանկում ներառել նաեւ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը,

- ուժը կորցրած ճանաչել հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու վերաբերյալ դրույթը,

- հստակեցնել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա է պետք է տպագրված լինի նաեւ փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի եւ հացաբուլկեղենի եւ գնովի այլ ապրանքների անվանումները),

- քանի որ որեւէ արարքի համար պատասխանատվության միջոցի սահմանումն առաջին հերթին պետք է նպատակաուղղված լինի տվյալ արարքի կանխարգելմանը, միաժամանակ ապահովելով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ պատասխանատվության համաչափության սկզբունքի պահպանումը եւ հաշվի առնելով այն, որ նախատեսվող պատասխանատվությունը որքան համաչափ լինի իրավախախտման ծանրությանը, այնքան արդյունավետ կլինի դրա կանխարգելիչ նշանակությունը, առաջարկվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը (1-ին դեպքի համար՝ 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 2 միլիոն դրամ, 3-րդ եւ ավելի դեպքերի համար՝ 1 միլիոն դրամի փոխարեն 10 միլիոն դրամ),

- սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից եւ գործունեության ոլորտից,

- սահմանել ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից եւ գործունեության ոլորտից:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ հեղինակն ակնկալում է առաջարկվող բովանդակային, խմբագրական փոփոխություններով ու լրացումներով հստակեցնել եւ կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը:

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

11.01.2022թ.