ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-126-27.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-126-27.12.2021-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
17.01.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույքաչափի ընդհանուր կանոնի համաձայն, իսկ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքի 150-րդ հոդվածում լրացվող 5.1-ին մասում բացառություն է նախատեսվում միայն բանկային ավանդի եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների մասով: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ տոկոսների առնչությամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընդհանուր կանոնը կիրառելու անհրաժեշտության, Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված լրացմամբ որոշակի տեսակի տոկոսների համար եկամտային հարկի դրույքաչափի տարբերակված մոտեցում սահմանելու օբյեկտիվ հիմքի վերաբերյալ պատճառաբանությունը բացակայում է: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք հիմնավորել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված փոփոխության եւ լրացման նպատակը՝ ընդգծելով տարբերակված մոտեցում նախատեսելու հիմքերը: 2. Նախագծի 4-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերի եւ 2-րդ հոդվածի: Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ից, իսկ 1-ին հոդվածի 4-րդ, 5-րդ կետերը եւ 2-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից հաշվեգրված պասիվ եկամուտների վրա:»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածում համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը՝ 2022 թվականի հունվարի 1-ը՝ ապահովելով համապատասխանությունն այդ նորմի պահանջին: 2) Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված փոփոխության արդյունքում ստացվում է, որ տոկոսների մասով եկամտային հարկը հաշվարկվում է Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով. այն Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող դրույթ է: Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:»: Վերը նշված նորմի տրամաբանությունից հետեւում է, որ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող դրույթը կարող է ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից: Այն դեպքերում, երբ համապատասխան հարկային տարվա սկզբին 7 ամսից պակաս ժամկետ է մնում, քննարկվող նորմի պահանջն է ուժի մեջ մտնելու համար առնվազն 7 ամիս ժամկետի պահպանումը: Հաշվի առնելով ներկայացվածը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա 1-ը՝ ապահովելով համապատասխանությունն Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի հրամայականին: 3) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ «Ռեզիդենտ շահութահարկ վճարողին եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան որոշելիս հարկային տարվա ընթացքում անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող պասիվ եկամուտները համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում այդ եկամուտները չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով եւ ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:»: Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարների մեջ ներառվում են նաեւ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դեպքերում հաշվարկվող եկամտային հարկի գումարները՝ որպես նվազեցում կատարելու հարկային տարվան հաջորդող 12-րդ ամսվա հարկման բազա:»: Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում հարկային գործակալի կողմից վճարվող պասիվ եկամուտները, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով եւ ներառվում է 12-րդ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում: Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով Օրենսգրքի 150-րդ հոդվածում լրացվող 14.1-ին մասի համաձայն՝ «Անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային գործակալ չհանդիսացող անձից ստացվող պասիվ եկամուտները, այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստանալու դեպքում, ներառում են դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա եկամտային հարկով հարկման օբյեկտի մեջ, եւ դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:»: Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով սահմանված փոփոխության եւ Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետով սահմանված լրացման արդյունքում ստացվում է, որ պասիվ եկամուտները անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց չվճարվելու դեպքում դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում: Միաժամանակ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխությունից բխում է, որ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարների մեջ ներառվում են նաեւ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դեպքերում հաշվարկվող եկամտային հարկի գումարները՝ որպես եկամտի ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-րդ ամսվա հարկման բազա: Վերը ներկայացված նորմերի լույսի ներքո հարկ է արձանագրել, որ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող պասիվ եկամուտները (հարկային գործակալի կողմից, ինչպես նաեւ հարկային գործակալ չհանդիսացող անձի կողմից վճարվելու դեպքերում), այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չվճարվելու դեպքում, ներառվում են դրանց ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող հարկային տարվա եկամտային հարկի հաշվարկում, եւ դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով. Նախագծի քննարկվող հոդվածներով գործող օրենսդրության համեմատությամբ անձանց այլ շրջանակի պարագայում եւս եկամտային հարկի հաշվարկման հատուկ կարգավորում է սահմանվում: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի եւ Նախագծի 2-րդ հոդվածի դրույթների գործողությունը 2022 թվականի հունվարի 1-ից հաշվեգրված պասիվ եկամուտների վրա տարածելու կանոնը՝ դրա գործողությունը տարածելով ուժի մեջ մտնելուց հետո հաշվեգրված պասիվ եկամուտների վրա: Նախագծի տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1) Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հերթականությունը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: 2) Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ, 156-րդ հոդվածի 4-րդ, 158-րդ հոդվածի 2-րդ մասերում նախադասությունը սկսել մեծատառով: Ուստի առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում համապատասխան նշում կատարել այդ մասին:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 17.01.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 17.01.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է տոկոսների (բացառությամբ բանկային ավանդի եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց ստացվող տոկոսների) մասով եկամտային հարկի դրույքաչափը տասը տոկոսի փոխարեն հաշվարկել ընդհանուր հարկման դրույքաչափերով, ինչպես նաեւ որոշակի դրույթներ նախատեսել եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքերը կանխելու եւ հարկային հաշվառումը կատարելագործելու նպատակով: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան սահմանափակել կամ կանխել եկամտային հարկի վճարումից խուսափելու կամ հարկի վճարումը հնարավորինս հետաձգելու, ինչպես նաեւ շահութահարկի հարկման բազան արհեստականորեն նվազեցնելու հնարավորությունները, ինչն անբարեխիղճ հարկ վճարողների դեպքում միանգամայն արդարացված է? Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը կարող է զրկել բարեխիղճ տնտեսվարողներին առավել մատչելի ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորությունից եւ ստեղծել ֆինանսական դժվարություններ՝ դրանից բխող հետեւանքներով:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ/ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ ԳԵՎՈՐԳ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կատարող՝ կրտսեր մասնագետ Ա. Գյոզալյան 13.01.2022թ.
1. Ներկայացված Նախագծի նպատակն է կանխել տնտեսավարող սուբյեկտների կողմից ագրեսիվ հարկային պլանավորման, եկամտային հարկի վճարումից խուսափելու դեպքերը եւ կարգավորել հարկային հաշվառման որոշ հարցեր: 2. Հաշվի առնելով ագրեսիվ հարկային պլանավորման եւ եկամտային հարկի վճարումից, ինչպես նաեւ եկամտային հարկի հաշվարկումից խուսափելու դեպքերը, Նախագծով առաջարկվում է՝ - վերանայել փոխառությունների եւ ոչ հրապարակային եղանակով տեղաբաշխված պարտքային արժեթղթերի դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը, իսկ եկամտային հարկի ընդհանուր դրույքաչափից տարբերվող՝ առավել ցածր դրույքաչափը (տվյալ դեպքում՝ 10 տոկոս) կիրառել միայն բանկային ավանդների եւ հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող տոկոսների մասով, - ֆիզիկական անձանց ստացման ենթակա պասիվ եկամուտները դրանց հաշվեգրման (եկամտի ստացման իրավունքի ձեռքբերման) հարկային տարվան հաջորդող 12 ամիսների ընթացքում չստացվելու դեպքում, դրանց նկատմամբ եկամտային հարկը հաշվարկել 12-րդ ամիսը ներառող հաշվետու ժամանակահատվածում՝ 20 տոկոս դրույքաչափով: 3. Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում: Մասնավորապես, առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվող օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը:
Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 12.01.2022թ.
|