ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-136-17.01.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-136-17.01.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
07.02.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պայմանագրային զինծառայողները ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են ծառայողական բնակարաններով` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: Ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը: Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ (այսուհետ` Հիմնավորում) նշվում է, որ Նախագծի նպատակն է պայմանագրային զինծառայողներին դրամական փոխհատուցում վճարել ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու ցանկացած դեպքում, այլ ոչ միայն բնակելի տարածություն վարձակալելու դիմաց: Նախ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունների արդյունքում ստացված ձեւակերպմամբ հստակ չի արտացոլվում Հիմնավորմամբ նշված նպատակը: Այսպես՝ Օրենքում «փոխհատուցում» բառի կիրառության դեպքում համապատասխան հատուցումը պետք է տրամադրվի կատարված ծախսերի դիմաց՝ կատարման փաստը հավաստող տվյալների առկայության դեպքում: Մինչդեռ Նախագծով նախատեսված փոփոխության արդյունքում, պայմանագրային զինծառայողը փոխհատուցում ստանալու համար կատարված ծախսը հավաստող որեւէ փաստաթուղթ չի ունենա (օրինակ՝ բարեկամի տանը բնակվելու փաստը հավաստող), ուստի, կարծում ենք առավել նպատակահարմար է, ոչ թե փոխհատուցում սահմանել պայմանագրային զինծառայողի՝ այլ բնակելի տարածությունում բնակվելու համար, այլ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող պայմանագրային զինծառայողներին տրամադրել ֆիքսված դրամական օգնություն՝ նշված զինծառայողների բնակարանային ապահովության նպատակով: Հետեւաբար առաջարկում ենք Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսել այնպիսի կարգավորում, որը հնարավորություն կտա ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու ցանկացած դեպքում պայմանագրային զինծառայողներին ստանալու դրամական օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ֆիքսված չափով կամ վերջիններիս կողմից կատարված ծախսերի դիմաց փոխհատուցում տրամադրելու հնարավորություն սահմանել: 2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ նախադասության մեջ «ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս» բառերը փոխարինել «սույն մասով սահմանված ամսական դրամական փոխհատուցումը հաշվարկելիս» բառերով: Նշենք, որ Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ նախադասության բովանդակությունից բխում է, որ պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների մի շարք տվյալներ հաշվի են առնվում ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի համապատասխան փոփոխությամբ պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների տվյալները նախատեսվում է հաշվի առնել բացառապես ամսական դրամական փոխհատուցում հաշվարկելիս եւ ոչ ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս: Հետեւաբար, եթե Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ նախադասությունից հանվեն «ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս» բառերը, կստացվի մի իրավիճակ, որ պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամներին վերաբերող մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնվեն միայն ամսական դրամական փոխհատուցում հաշվարկելիս, մինչդեռ պայմանագրային զինծառայողը ապահովվում է կամ ծառայողական բնակելի տարածությամբ, իսկ վերջինիս անհնարինության դեպքում համապատասխան դրամական փոխհատուցմամբ: Վերոգրյալի հիման վրա, կարծում ենք, որ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ նախադասությունից «ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելիս» բառերը հանելը նպատակահարմար չէ եւ չի բխում զինծառայողի բնակարանային ապահովության սոցիալական երաշխիքից:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող կարգավորումներ նախատեսված չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248) 03.02.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Տ.Բադալյան (հեռ.` 011-513-248) 03.02.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով առաջարկվում է պայմանագրային զինծառայողներին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկել ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու դիտողությունները: Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ պայմանագրային զինծառայողներին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ գույքի վարձակալության դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում, ինչը համապատասխանում է Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պահանջներին, այսինքն` հադիսանում է նվազեցվող եկամուտ: Իսկ Նախագծով առաջարկվող կարգավորմամբ փոխհատուցումը դառնում է ոչ նպատակային տրամադրվող դրամական միջոց: Այդպիսի եկամուտը կարող է դիտվել որպես աշխատավարձին հավասարեցված վճարում, եւ կարող է առաջանալ եկամտային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորություն հարկային գործակալի համար, հետեւաբար՝ զգալիորեն կարող է ավելացնել բյուջեի` աշխատանքի վարձատրության գծով ծախսերը: Մյուս կողմից, հարկ ենք համարում հիշեցնել, որ սույն Նախագծից առաջ ներկայացված եւ նույն խնդրի լուծումը հետապնդող նախագծի տարբերակում եւս առկա էր «փոխհատուցման» էությունը խաթարող հանգամանք, ուստի նորից կրկնում ենք մեր կողմից բերված փաստարկները: Մասնավորապես, նշվել էր, որ զինծառայողներին տրվող գումարը դրամական փոխհատուցում է՝ որոշակի կոնկրետ պայմանի առկայության դեպքում (այն է՝ բնակելի տարածության վարձակալության դեպքում, որն էլ հավաստվում է համապատասխան պայմանագրով): Առաջարկվող փոփոխության արդյունքում կստացվի, որ այդ դրամական փոխհատուցումը տրվելու է ոչ թե կոնկրետ պայմանի առկայության դեպքում, այլ ընդհանուր առմամբ «բնակվելու համար», ինչն էլ փոխհատուցում տրամադրելու համար որեւէ փաստաթղթի ներկայացման անհրաժեշտություն չի առաջացնում: Նման մոտեցում սկզբունքորեն կարող է որդեգրվել եւ կիրառվել, սակայն՝ - դա կարող է կատարվել ոչ թե փոխհատուցման, այլ հավելումի կամ հավելավճարի տեսքով, քանի որ առաջարկվող կարգավորման իմաստով վերանում է փոխհատուցման եւ դրա չափի հաշվարկման կոնկրետ հիմքերը, - սոցիալական երաշխիքից գործող իրավակարգավորումը վեր է ածվում աշխատանքի վարձատրության տարրի, ինչն էլ նշանակում է, որ սկզբունքորեն այն պետք է տարածվի բոլոր զինծառայողների վրա (բացառությամբ, իհարկե, ժամկետային զինծառայողների), - առաջարկվող մոտեցման դեպքում ոչ միայն չի վերանա բնակարանի վարձակալության դիմաց փոխհատուցման անվան տակ բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման (յուրացման) ռիսկը, այլեւ այն ավելի կմեծանա, ընդ որում՝ ստանալով այդ յուրացումն «արդարացնող» օրենսդրական հիմք, - նման մոտեցման կիրառությունը գործնականում մի շարք հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ եթե, օրինակ, պետք է հավելում տրվի ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածությունում բնակվելու համար, արդյո՞ք նման (կամ թերեւս՝ ավելի մեծ) հավելում չպետք է տրվի, օրինակ, սահմանամերձ բնակավայրերում ծառայություն անցնողներին, կամ բարձր լեռնային գոտիներում ծառայություն անցնողներին եւ այլն: Բացի այդ, Նախագծի ընդունման դեպքում կա ռիսկ, որ մինչ այժմ օրենսդրության պահանջների պահպանմամբ կնքված եւ գործող վարձակալության պայմանագրերը կլուծվեն, վարձատուների եկամուտները կհայտնվեն ստվերում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ Նախագիծը չի պարունակում արդեն իսկ սահմանված կարգի խախտմամբ հատուցում ստացած զինծառայողների խնդիրների իրավական կարգավորման դրույթներ, թեեւ Նախագծի հիմնավորման մեջ հենց այս հանգամանքն էր կարեւորվել որպես այն շրջանառության մեջ դնելու փաստարկ:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ կրտսեր մասնագետ Ա. Գյոզալյան 26.01.2022թ.
1. Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ կատարել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում: Նախագծով հեղինակն առաջարկում է Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ իրականացնել, համաձայն որոնց՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին կհաշվարկվի ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: 2. Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված Նախագիծը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին (Պ-078-29.10.2021-ՊԱ-011/0) փաստաթղթային կոդով շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնության լրամշակված տարբերակն է, որի վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 5-ին մեր կողմից ներկայացվել է եզրակացություն, որում բարձրացված առաջարկություններն ու դիտողությունները հիմնականում ընդունվել են: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 21.01.2022թ.
|