ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-137-17.01.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-137-17.01.2022-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

01.02.2022թ. 






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «մասի» բառն առաջարկում ենք փոխարինել «պարբերության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին պարբերության «ը» կետում՝ «քաղաքաշինության փաստաթղթերը» բառերից հետո նախատեսվում է լրացնել «, այդ թվում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` Կառավարության կողմից սահմանված կարգի պահանջներին համապատասխան մշակված բազմակի օգտագործման օրինակելի (ճարտարապետաշինարարական) նախագծերը:» բառերով:

Վերոնշյալ լրացումը, կարծում ենք՝ առավել նպատակահարմար է կատարել Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասում հետեւյալ հիմնավորմամբ.

Օրենքի 3-րդ հոդվածում սահմանված են քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որի 1-ին պարբերության «ը» կետի համաձայն՝ «Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են` (…)

ը) քաղաքաշինական փաստաթղթերը:»:

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են եւ բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր եւ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:»: Նույն հոդվածի 14-րդ մասում սահմանված են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը՝ «Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են՝

ա) կառուցապատման նախագծերը, ինչպես նաեւ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով գործառական տարածքների հատակագծման եւ բարեկարգման նախագծերը.

բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի եւ շինությունների կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաեւ ինժեներական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների եւ դրանց մասերի նախագծերը։»:

Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության «ը» կետում նախատեսված լրացման բովանդակությունից բխում է, որ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը ճարտարապետաշինարարական նախագծեր են: Ուստի, առավել նպատակահարմար է դրանց վերաբերյալ կարգավորումը նախատեսել ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի շարքում: Նման կարգավորման պարագայում եւս ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի շարքում ներառված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կհամարվեն քաղաքաշինական գործունեության օբյեկտ՝ քաղաքաշինական փաստաթուղթ:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում լրացվող նոր՝ «ե» ենթակետի համաձայն՝ «ե) կիրառել բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում շինարարական ծրագրերի մեկնարկի եւ դրանց ֆինանսավորման (անկախ ֆինանսավորման աղբյուրից) համար, եթե այդպիսի պայման նախատեսված է շինարարական աշխատանքների եւ խորհրդատվական ծառայությունների կապալի պայմանագրերով:

Ընդ որում՝

պետական բյուջեի միջոցների հաշվին բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի (աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների) ֆինանսական հատկացումների չափը` մինչեւ նախագծերի տեղակապման (տեղայնացման) (օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված ժամկետում) ավարտը, ենթակա է հաշվարկման քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից հաստատված գնագոյացման համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգերին ու խոշորացված ցուցանիշներին համապատասխան:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ գլխում սահմանված են կապալի վերաբերյալ կարգավորումներ: Մասնավորապես՝ Օրենսգրքի 700-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք եւ դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը եւ վարձատրել դրա համար:

2. Կապալի պայմանագիրը կնքվում է գրավոր:

3. Կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային եւ հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են սույն պարագրաֆի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:»:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ Օրենսգրքով սահմանված կապալի պայմանագրի հասկացությունը եւ կապալի պայմանագրի առանձին տեսակներն՝ առաջարկում ենք վերանայել «շինարարական աշխատանքների եւ խորհրդատվական ծառայությունների կապալի պայմանագրերով» ձեւակերպումը: Մասնավորապես՝ հասկանալի չէ խորհրդատվական ծառայությունների կապալի պայմանագիրը ինչ է ենթադրում, շինարարական աշխատանքների կապալի պայմանագիրը արդյո՞ք շինարարական կապալի պայմանագիրն է, թե՞ նախագծային աշխատանքների կապալի պայմանագիրը: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Հաշվի առնելով Նախագիծն անհետաձգելի համարվելու հանգամանքը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծի լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.01.2022թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.01.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված  Նախագծով առաջարկվում է մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության, մասնավորապես՝ նախադպրոցական եւ դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական եւ այլ հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար սահմանել բազմակի օգտագործման նախագծերի կիրառման հնարավորություն, ինչը թույլ կտա տնտեսել ոչ միայն ֆինանսական զգալի միջոցներ, այլեւ ժամանակ: 

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

24.01.2022թ. 






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքում: 

Ներկայացված օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից բխող մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության (կրթական՝ նախադպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական եւ այլն) հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար առաջիկա տարիներին բազմակի օգտագործման նախագծերի կիրառման պահանջով:

Ներկայում նախադպրոցական եւ դպրոցական մասնաշենքերի ու շինությունների հիմնական մասի համար պահանջվում են նմանատիպ հզորություններով, կարողություններով համալրված, մարզական կամ վարչական ժամանակակից կոնստրուկտիվ լուծումներով մասնաշենքեր: Մասնակի փոփոխություններով մեծաթիվ պահանջարկի դեպքում, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը համարվում է տնտեսապես շահավետ ու նպատակահարմար, իսկ գործնականում՝ ծախսերի եւ ժամանակի խնայողություն:

Նախագծով առաջարկվող լրացումներով նախատեսվում է կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը, իսկ վերջինիս ընդունմամբ ակնկալվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հատուկ պահանջների ապահովումը եւ համապատասխան իրավունքների վերապահումը կառուցապատողներին:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

         Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70)

26.01.2022թ.