ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-138-19.01.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-138-19.01.2022-ՏՀ-011/0) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

08.02.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28.2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ «Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքից ազատվում են՝

7) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1.0 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:»:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1.0 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաեւ նշված փոփոխությունը ուղղված է մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը:»։

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ պատճառաբանված չէ՝ ինչով է պայմանավորված մաքսային մարմինների կողմից Օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաեւ նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի գծով արտոնության սահմանումը հենց մեկ միլիոն դրամը չգերազանցող ապրանքների համար մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվելու պարագայում: Հարկ է նկատել, որ Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված արտոնության հիմքը Եվրասիական տնտեսական միության մասքսային օրենսգրքի (136-րդ հոդվածի 2-րդ մաս, 225-րդ հոդվածի 2-րդ մաս) կարգավորումներով սահմանված համապատասխանաբար 200 եվրոն չգերազանցող գումարային շեմն է, մինչդեռ անհասկանալի է՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում նախատեսված գումարային շեմի ընտրության օբյեկտիվ հիմքը: Ուստի առաջարկում ենք հիմնավորմամբ հստակեցնել մեկ միլիոն դրամ գումարային շեմի ընտրության հիմքերը՝ մասնավորապես փաստարկելով հենց տվյալ գումային շեմը չգերազանցող ապրանքների համար պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու նպատակահարմարությունը: 

Նախագծի տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1) Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ՀՀ» հապավումը չկիրառել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «1.0» գրելաձեւը փոխարինել «1» գրելաձեւով:

2) Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 28.2-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, սակայն փոփոխություն է  կատարվել միայն Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում եւ սահմանվել է պետական տուրքի գծով եւս մեկ արտոնություն: Հետեւաբար, կարծում ենք, որ Օրենքի քննարկվող հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու փոխարեն՝ նպատակահարմար է փոփոխություն կատարել համապատասխան կետում, իսկ նոր արտոնությունը նախատեսել լրացուցիչ համարով՝ «6.1»-ին կետի տեսքով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա  անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորել քննարկվող գումարային շեմի ընտրության օբյեկտիվ հիմքերը, ինչպես նաեւ ապահովել համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

07.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

07.02.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1.0 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող` մաքսային վճարների մեջ ներառվող պետական տուրքը: Նշված փոփոխությունն ուղղված է նաեւ մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, իսկ դրա ընդունումը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմանը:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

26.01.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, վերաշարադրելով 28.2-րդ հոդվածը նոր խմբագրությամբ՝ ամրագրելով պետական տուրքից ազատվող ապրանքները:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1.0 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները:

Ըստ հեղինակի, առաջարկվող փոփոխությամբ տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: 

Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում հեղինակը, մի կողմից, ակնկալում է գործարար եւ ներդրումային միջավայրի վրա դրական ազդեցություն` մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմամբ, փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմամբ, մյուս կողմից, ներկայացվող փոփոխության ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների նվազեցում՝ միջինում 106.35 մլն դրամի չափով: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

26.01.2022թ.