ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-139-21.01.2022-ՊԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1391 -21.01.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-139-21.01.2022-ՊԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1391 -21.01.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

31.01.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1.   «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք)  կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին` օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը, եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասին՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ՝ հանելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» բառերից հետո գրված «ՀՀ» հապավումը:

2.   Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 17.5-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 7.1-ին մաս.

«7.1. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով:Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:

Օրենքի 17.2-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները.

1) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարանտինային եւ այլ սանիտարահամաճարակային միջոցառումներ՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ.

2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.

3) իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.

4) ապրանքների փոխադրման սահմանափակումներ.

5) կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.

6) սահմանափակումներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ հաստատություններում:

Օրենքի 17.5-րդ եւ 17.7-րդ հոդվածները վերաբերում են համապատասխանաբար՝ տնտեսական գործունեության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանմանը եւ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներին: Հարկ է նկատել՝ վերոնշյալ կազմակերպությունների եւ կրթական հաստատությունների վերաբերյալ սահմանափակումները Օրենքով նախատեսվում են որպես կարանտին սահմանելու դեպքում կիրառվող առանձին միջոցառումներ եւ դրանց վերաբերյալ կարգավորումները ներառված են առանձին հոդվածներում:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 17.5-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7.1-ին մասում չկիրառել «տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ» ձեւակերպումը:

3.    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին` սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» եւ  «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներին:

Հաշվի առնելով Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու հանգամանքը՝ նշենք, որ բացակայել է վերջինս ամբողջական եւ համապարփակ փորձաքննության ենթարկելու հնարավորությունը, ուստի սույն եզրակացությունը չի բացառում Նախագծերի փաթեթի՝ լրացուցիչ ուսումնասիրության եւ քննարկման արդյունքում նոր դիտողությունների, առաջարկությունների եւ եզրահանգումների ներկայացում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Մ. Մնացականյան            (հեռ.` 011-513-248)

31.01.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 
 

Կատարող` Մ. Մնացականյան         (հեռ.` 011-513-248)

31.01.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է պարզեցնել տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

24.01.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է պարզեցնել տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում  տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները, որը կբարձրացնի այդ վարույթների իրականացման արդյունավետությունը, կնվազեցնի ժամանակատարությունը, անհարկի վարչարարությունը՝ նպաստելով տեսչական մարմինների արդյունավետ օգտագործմանը:

Փաթեթը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,  ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

25.01.2022թ.