ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-143-25.01.2022-ՊԻ-011/0) եւ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1431 -25.01.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-143-25.01.2022-ՊԻ-011/0) եւ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1431 -25.01.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

09.02.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:

2.  Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո նշված կրճատ տարբերակը Նախագծում չի կիրառվում: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

08.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

08.02.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Համանման կարգավորում է նախատեսվում ներդնել նաեւ «Պետական սահմանի մասին» օրենքում:

Խնդիրը, ըստ նախաձեռնության հեղինակի, կայանում է նրանում, որ գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Օրենքների նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում՝ լիզինգառուին հնարավորություն տալով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ այսպիսով նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող  տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը:

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

01.02.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը:

Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ ներկայումս, գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված խնդիրները: Ինչի արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: 

2. Նախագծերի փաթեթով նախատեսվում է լիզինգառուին հնարավորություն տալ հատել Հայաստանի Հանրապետության սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ՝ նվազագույնի հասցնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի հնարավոր կորստի ռիսկը:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովվել լիզինգի առարկայի վերադարձելիությունը:

3. Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

08.02.2021թ.