ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-145-24.01.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-145-24.01.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

03.02.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսնակյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

02.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Արդադադատության նախարարության՝ «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունում Հայսատանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաեւ արձանագրությունը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին» եզրակացության համաձայն՝ «Արձանագրությունում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր, սակայն այն պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Մասնավորապես, Արձանագրությունը անդամ պետությունների համար նախատեսում է պարտավորություն սահմանելու քրեական պատասխանատվություն ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելու (հոդված 4), ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելու (հոդված 5), ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելու կամ այլ կերպ դրան օժանդակելու համար (հոդված 6): Վերոնշյալ հանցագործությունները նախատեսված չեն ո՛չ գործող քրեական օրենսգրքով, ո՛չ քրեական նոր օրենսգրքով (ընդունված 05.05.2021 երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, սակայն դեռեւս գործողության մեջ չդրված): Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխությունները քրեական օրենսգրքում՝ սահմանելով քրեական պատասխանատվություն վերոնշյալ արարքների համար:»: 

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծին առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտությունը, կարծում ենք՝ բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ.

«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված «ահաբեկչության նպատակով որեւէ միավորման կամ խմբի մասնակցելու» համար քրեական պատասխանատվություն է սահմանված 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքքի (այսուհետ` Օրենսգիրք) 312-րդ հոդվածով:

«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված «ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալու» համար քրեական պատասխանատվություն է սահմանված Օրենսգրքի 309-րդ հոդվածով:

«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 4-րդ հոդվածով նախատեսված «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելու» համար քրեական պատասխանատվություն է սահմանված Օրենսգրքի 309-րդ հոդվածով:

«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 5-րդ հոդվածով նախատեսված «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելու» համար քրեական պատասխանատվություն է սահմանված Օրենսգրքի 310-րդ հոդվածով:

«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 6-րդ հոդվածով նախատեսված «ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը» քրեական պատասխանատվություն է առաջացնում Օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված կանոններին համապատասխան: 

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

02.02.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը, որի անհրաժեշտությունը կապված է սույն արձանագրության 2-6-րդ հոդվածներում նկարագրված գործողությունները քրեականացնելու հետ, այդպիսով ամրապնդելով Կողմերի՝ ահաբեկչության կանխարգելմանը եւ մարդու իրավունքներից, մասնավորապես՝ կյանքի իրավունքից լիարժեք օգտվելու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության չեզոքացմանն ուղղված ջանքերը՝ ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ միջազգային համագործակցության շրջանակներում: 

Սույն արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ չի պարունակում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

03.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին ստորագրված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը՝ 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) դրույթներում լրացումներ կատարելու նպատակով:

Կոնվենցիան կամրապնդի Կողմերի՝ ահաբեկչության կանխարգելմանը, կյանքի իրավունքից լիարժեք օգտվելու վրա դրա ունեցած բացասական ազդեցությանն ուղղված ջանքերը՝ թե՛ ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցներով, թե՛ միջազգային համագործակցությամ միջոցով՝ համնաձայն  Կողմերի միջեւ գործող կիրառելի բազմակողմ կամ երկկողմ համաձայնագրերի կամ պայմանագրերի: 

Արձանագրության վավերացման/հաստատման արդյունքում, Հայաստանում կստեղծվի 24/7 կոնտակտային կենտրոն, որը կմիանա ձեւավորված ազգային կոնտակտային կենտրոնների ցանցին, ինչը տեղեկատվության արագ փոխանակման հնարավորություն կտա, ինչպես նաեւ վավերացմամբ Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ ԵԽ գործող/առկա փաստաթղթերին միանալու գործընթացը:

Արձանագրությամբ նախատեսվում է քրեականացնել ահաբեկչության նպատակով որեւէ միավորման կամ խմբի մասնակցելը, ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը, եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

03.02.2022թ.