ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-142-25.01.2022-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1421 -25.01.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-142-25.01.2022-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1421 -25.01.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
11.02.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) վերնագրում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ:»: 2. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակման մեջ «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք նշել «քրեական դատավարության» բառերից առաջ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանման հիշատակմանը: 3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 190-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 6.3-րդ մասով՝ «6.3. Նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած` սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:»: Նշված կարգավորման վերաբերյալ առաջարկում ենք Նախագծում որպես անցումային դրույթ նախատեսել նաեւ նախաքննության փուլում գտնվող քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը ըստ ենթակայության փոխանցելու եւ փոխանցման ժամկետի վերաբերյալ կանոն: 4. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսնակյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 10.02.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 10.02.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքերում, մասնավորապես՝ առաջարկվում է քրեական որոշ գործերի մասով հստակեցնել դրանց քննչական ենթակայության հարցը եւ ապահովել նշված հանցակազմերի քննության վերաբերյալ առկա միջազգային չափանիշներին ներպետական կարգավորումների համապատասխանությունը, ինչպես նաեւ փոխել որոշ հանցակազմերի, մասնավորապես՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելու կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելու կամ իրացնելու քննչական ենթակայությունը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն կապված վերը նշված հանցակազմերի քանակից, հնարավոր է առաջանա քննչական մարմինների միջեւ բյուջետային հատկացումների վերաբաշխման խնդիր: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ կրտսեր մասնագետ Ա. Գյոզալյան 02.02.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների եւ ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը անկախ մարմնի կողմից ապահովվելու անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի համաձայն Ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է Վարչապետին, ինչը չի համապատասխանում անկախության այն չափանիշներին, որոնք պետք է հաշվի առնել խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով քննչական ենթակայությունը սահմանելիս: Ընտրական հանցագործությունների պարագայում եւս վարույթ իրականացնող մարմնի անկախությունը առանձնակի նշանակություն ունի: Ուստի, Նախագծերի փաթեթով առաջարկվում է նշված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու լիազորությունը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Մասնավորապես,Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ - խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից, - ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել Ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը, - ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 154.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործություններով քրեական գործերի նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360) 07.02.2021թ.
|