ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-146-25.01.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-146-25.01.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

09.02.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Ուսումնասիրելով Նախագիծը՝ կարծում ենք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսնակյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ՝ հարկ ենք համարում նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի տրամաբանությունից բխում է, որ միջազգային պայմանագրի ստորագրման, վավերացման (դրան միանալու), հաստատման ժամանակ պայմանագրի կողմի արած միակողմանի հայտարարությունը, որի միջոցով բացառվում, փոփոխվում կամ պարզաբանվում են պայմանագրի կամ դրա որոշակի դրույթների՝ տվյալ պայմանագրի կողմի համար կիրառելիությունը եւ (կամ) դրա առանձնահատկությունները, վերապահումն է: Մինդեռ Հայաստանի Հանրապետության կողմից  «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի առնչությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված հատուկ կարծիքում կատարված է նաեւ վերապահում: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

08.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248)

08.02.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), ինչը պայմանավորված է ԱՊՀ պետությունների հետ մշակույթի եւ թանգարանային բնագավառում համագործակցային հարաբերությունները խթանելու անհրաժեշտությամբ:

Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում ակնկալվում է ստեղծել բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, խրախուսել Համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին եւ արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ:

Համաձայնագրում ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը հանգեցնող դրույթներ թեեւ չկան, սակայն առկա են դրույթներ, մասնավորապես՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 10-րդ հոդվածները, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտությանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

03.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի մայիսի 31-ին Աշխաբադ քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի արդյունքում ակնկալվում է ստեղծել բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, խրախուսել Համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին եւ արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ:

Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության (հատուկ կարծիքով), Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության, Թուրքմենստանի Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության միջեւ:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ պարտավորությունները, մասնավորապես, 

-   ստեղծել բարենպաստ պայմաններ ԱՊՀ մասնակից պետություններից մեկի կողմից Հայաստանի Հանրապետությանը թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար,

-   խրախուսել Համաձայնագրի մասնակից պետությունների պատմությանը, մշակույթին եւ արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, 

-   նպաստել Համաձայնագրի մասնակից պետությունների թանգարանների համատեղ գիտական ծրագրերի կազմակերպմանն ու իրագործմանը՝ հնագիտության, ռեստավրացիայի, փորձաքննության եւ ատրիբուցիայի, բնական ժառանգության ուսումնասիրության բնագավառում, եւ այլն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

04.02.2022թ.