ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-147-25.01.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-147-25.01.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:


 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

16.02.2022թ.      




Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «թ.» տառը փոխարինել «թվականի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի հետեւյալ պահանջը. «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

2. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

3. «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տալիս է եզրակացություն միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում՝ միջազգային պայմանագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին: Մինչդեռ Նախագծին կից ներկայացված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի նախագծով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին եզրակացության մեջ հղում է կատարվում ոչ թե սույն թվականի, այլ 2019 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքին: Առաջարկում ենք շտկել վերոնշյալ հղումը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքների պահանջներին, ինչպես նաեւ Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

08.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

08.02.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 1957թ. սեպտեմբերի 30-ին եւ ուժի մեջ է մտել 1968թ. հուլիսի 29-ից: Համաձայնագիրը կնքվել է վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը բարձրացնելու  նպատակով` սահմանելով վտանգավոր բեռների դասակարգման եւ պիտակավորման միասնական համակարգեր, համապատասխանեցնելու այդպիսի նյութերի փաթեթավորման, պիտակավորման եւ դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու ռիսկերը: 

Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա սահմանել համաձայնագրի պահանջներին համապատասխան օրենսդրական կարգավորումներ, վերահսկելու վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը, ապահովելու միջպետական համագործակցություն այս բնագավառում:

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն, Համաձայնագրում առկա է դրույթ (արբիտրաժի միջոցով կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման հետ կապված), որի համապատասխան պայմանների ի հայտ գալու դեպքում կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացմանը, ինչպես նաեւ ծախսերի ավելացմանը, որի չափը հնարավոր չէ գնահատել: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                             

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝  կրտսեր մասնագետ Ա.Գյոզալյան                              

08.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը», որի  նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը՝ սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման եւ պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման եւ դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին եւ առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին վնաս հասցնելը:

Համաձայնագրով սահմանված են պահանջներ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կառուցվածքի եւ շահագործման վերաբերյալ:

2019թ. օգոստոսի 14-ի դրությամբ Համաձայնագրին անդամ է 51 պետություն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, օրենսդրորեն կանոնակարգել Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը, սահմանել համաձայնագրի պահանջներին համապատասխան փոխադրման օրենսդրական կարգավորումներ, վերահսկել հանրապետության տարածքով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը, ապահովելու միջպետական համագործակցությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ                 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.02.2022թ.