ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-149-31.01.2022-ՏՀ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-149-31.01.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                  ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

15.02.2022թ. 


Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության մեջ ներառվում են նաեւ տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները եւ հրահանգները: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան փոփոխության նպատակն է՝ «(...) Կառավարությանը Օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ եւ հրահանգներ ընդունելու իրավասությամբ»:

Հարկ է նկատել, որ Նախագծով եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով տեխնիկական անվտանգության նորմերի, կանոնների եւ հրահանգների վերաբերյալ որեւէ կարգավորում նախատեսված չէ, ինչի արդյունքում հասկանալի չէ նորմեր, կանոններ եւ հրահանգներ ընդունելու իրավասություն ունեցող մարմինը, հասկանալի չէ համապատասխան նորմերի կամ կանոնների ընդունմամբ, օրենքի որ մասերն են գործելու: Բացի այդ, նշենք, որ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության մեջ նորմերը, կանոնները եւ հրահանգները սահմանելը դեռեւս չի հանդիսանում լիազորող նորմ Կառավարության համար համապատասխան ակտեր ընդունելիս, իսկ Նախագծով եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով Կռավարության համար համապատասխան նորմեր, կանոններ եւ հրահանգներ ընդունելու համար լիազորող նորմեր սահմանված չեն:  Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Այսինքն՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով հստակ պետք է լիազորվի Կառավարությանը սահմանել նշված նորմերը, կանոնները կամ հրահանգները, իսկ լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունն ու սահմանները հասկանալու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծում նշել համապատասխան ակտերն ընդունելու իրավասություն ունեցող մարմնին, Կառավարության կողմից համապատասխան ակտերն ընդունելու իրավական հիմքը եւ լիազորությունը

2.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված «ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն» բառերը նշել մգեցված՝ ապահովելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածում նշված հասկացությունների գրելաձեւը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից:

3.  Նախագծի 3-րդ հոդվածով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նոր խմբագրությամբ շարադրվող «բ» ենթակետի տեքստի վերջում առաջարկում ենք լրացնել «»:» կետադրական նշանները: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներն անհրաժեշտ են հստակեցնել եւ որոշակիացնել, ինչպես նաեւ  համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

 Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

15.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

 Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

15.02.2022թ.
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է կարգավորել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում եւ այս ոլորտում առկա օրենսդրական բացերը: 

Մասնավորապես, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, Հայաստանի Հանրապետությունում ուժը կորցրած են ճանաչվելու, դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակարգերը, իսկ նշված կանոնակարգերով գործնականում հնարավոր չէ իրականացնել փորձաքննություն, ուստի Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ եւ հրահանգներ ընդունելու իրավասությամբ:

Բացի այդ, Նախագծով առաջարկվում է կատարել իրավական բնույթի որոշ խմբագրական փոփոխություններ՝ գործող օրենքի լիարժեք կիրակման ապահովման նպատակով:

 Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

02.02.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված  օրենքի Նախագծի  անհրաժեշտությունը բխում է  Կառավարության գործունեության 2019-2023թթ. Միջոցառումների ծրագրից, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում եւ այս ոլորտում առկա օրենսդրական բացերը: 

Նախագծով առաջարկվում է նաեւ կատարել իրավական բնույթի որոշ խմբագրական փոփոխություններ՝ գործող օրենքի լիարժեք կիրակման ապահովման նպատակով:

Նախագիծը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

07.02.2022թ.