ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-151-01.02.2022-ԱՍ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-151-01.02.2022-ԱՍ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                    ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

23.02.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)  8-րդ հոդվածի 1-ին մասից հանել «մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը» բառերը: 

Նախագծի 1-ին  հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացմամբ բժշկասոցիալական փորձաքննություն է նախատեսվում իրականացնել միայն տեւական հիվանդության դեպքում  անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով: 

Օրենքր 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը, այսինքն վարձու աշխատողին հիվանդության նպաստ տալու ժամանակահատվածի ընդհանուր տեւողությունը՝ սկիզբը եւ ավարտը, մասնավորապես անաշխատունակության առաջին օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ անաշխատունակության առաջին օրվանից մինչեւ հաշմանդամության խմբի վերանայումը: Օրենքի 8-րդ հոդվածի կարգավորմամբ բժշկասոցիալական փորձաքննությամբ որոշվում է վարձու աշխատողին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, հաշմանդամության խումբը վերանայելու, ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու հարցերը, որոնք էլ իրենց հերթին կոչված են կանխորոշելու նպաստ ստանալու իրավունքի դադարման պահը:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենքի 8-րդ հոդվածով՝ ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը բովանդակում է միայն ժամանակավոր անաշխատունակության սկիզբը՝ առաջին օրը: Տվյալ կարգավորմամբ նախատեսվում է վարձու աշխատողի՝ միայն հիվանդության նպաստ ստանալու իրավունքը ծագելու օրը կամ նպաստի տրամադրման ժամանակահատվածի հաշվարկման սկիզբը: Մինչդեռ դադարման ժամանակահատվածին վերաբերող կարգավորում Նախագծով բացակայում է: 

Նախագծով նախատեսված կարգավորմամբ, կարծում ենք, անորոշ է վարձու աշխատողին նպաստի տրամադրման հաշվարկման ժամանակահատվածը, իսկ նպաստի տրամադրման ժամկետի ավարտի պահի օրենսդրական ամրագրման բացակայությունը կարող է հանգեցնել իրավական շփոթի:

Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու եւ այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:»:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր»:

Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական ապահովության իրավունքի հստակեցումն օրենքում, պետք է պարունակի այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը: Նախագծով նախատեսված կարգավորմամբ սահմանվում է միայն համապատասխան իրավունքի ծագման պահը, մինչդեռ իրավունքը կրող սուբյեկտի եւ կիրառող սուբյեկտի համար պարզ չէ նպաստի իրավունքի դադարման համապատասխան ժամկետը, հատկապես, որ հիվանդության նպաստի տրամադրումը սահմանափակված է որոշակի ժամկետով: Այսպիսով՝ վարձու աշխատողին նպաստի տրամադրման ժամանակահատվածի հաշվարկման սկիզբը եւ ավարտը նախատեսելը բխում է սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ իրացման կարեւորությունից:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրում հնարավոր է միայն տեւական հիվանդության դեպքում՝ անաշխատունակության  թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով: Այսինքն՝ տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողներն ուղեգրվում են բժշկասոցիալական փորձաքննության բացառապես անաշխատունակության  թերթիկի ժամկետը երկարաձգելու նպատակով, ընդ որում անաշխատունակության  թերթիկի ժամկետը երկարաձգելու համար վարձու աշխատողը կարող է բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրվել, եթե անաշխատունակությունը սկսելու օրվանից չի անցել երեք ամսից ավելի: Տվյալ պարագայում Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համադրության արդյունքում՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ավարտի պահի բացակայության պարագայում հասկանալի չէ, թե որ պահից կարող է կամ պարտավոր է անձը դիմել անաշխատունակության  թերթիկի ժամկետը երկարաձգելու համար:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներն անհրաժեշտ են հստակեցնել եւ որոշակիացնել՝ հստակ սահմանելով ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

22.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

22.02.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է որոշ փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում՝ լուծելու համար իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները: Մասնավորապես, առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը եւ ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ անձի նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն եւ անկախ այն հանգամանքից, որ անձը շարունակում է մնալ անաշխատունակ, այնուհանդերձ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում, ինչպես նաեւ հնարավոր են դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում հաշմանդամության սահմանման հարց կարող է չառաջանալ:

Բացի այդ, գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է նաեւ «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

10.02.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք), որի ընդունումը, ըստ հեղինակի, պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրների կանոնակարգման հետ:

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը եւ ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ անձի նկատմամբ սահմանվել է հաշմանդամություն եւ անկախ այն հանգամանքից, որ անձը շարունակում է մնալ անաշխատունակ, այնուհանդերձ, ժամանակավոր անաշխատունակության թերթիկը հաշմանդամ ճանաչվելուց հետո չի երկարաձգվում, ինչպես նաեւ հնարավոր են դեպքեր, երբ ժամանակավոր անաշխատունակության դեպքում հաշմանադամության սահմանման հարց չառաջանալ: Բացի այդ, գործող իրավանորմերին համապատասխան հստակեցվել է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը:

Կառավարության կողմից առաջարկվող իրավական կարգավորումները կնպաստեն վարչարարության նվազեցմանը եւ կկանոնակարգեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչը, մեր կարծիքով, դրական ազդեցություն կունենան սոցիալական ոլորտում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

07.02.2022թ.