ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-152-02.02.2022-ՏՏԳՇ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ՝ Կ-152-02.02.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                    ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

23.02.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ՝ Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից, առաջարկում ենք Նախագիծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, ըստ որի՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…):

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

21.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

21.02.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերացնել ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված երկու սահմանափակում՝ կապված պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի հետ, որը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: Ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այն է՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է առկա լինի որեւէ շինություն, իսկ հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել միայն մեկ անգամ:

Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է հանել նշված երկու սահմանափակումները, քանի որ դրանք արհեստական խոչընդոտ է ստեղծում կառուցապատողների համար, որոնք հաճախ ստիպված են լինում որեւէ շինություն կառուցել հողամասի վրա, դրանով իսկ հաղթահարելով ֆորմալ պահանջը, իսկ երկրորդ սահմանափակումն ուղղակի անիմաստ է դառնում, քանի որ, միեւնույն է, հողամասը հնարավոր չի լինում ընդլայնել ավելի, քան նախկինում ունեցած հողամասի չափն է եւ, ըստ էության, որեւէ տարբերություն չկա թե այդ չափը քանի անգամ օտարելու հետեւանքով է «լրացվել»:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

08.02.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում»՝ վերաշարադրելով Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը նոր տեսքով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով: Ընդլայնման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու հնարավորությունը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչների: Հողամասի ընդլայնման նպատակով հողամաս կարող է տրամադրվել մեկից ավելի անգամ, ընդ որում՝ որպես ընդլայնում տրամադրվող հողամասերի մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել ընդլայնվող հողամասի՝ մինչեւ առաջին անգամ ընդլայնվելը պետական գրանցում ստացած հողամասի մակերեսը:»:

Գործող իրավակարգավորմամբ, պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար: 

Փաստացի, ընթացիկ կարգավորումը նախատեսում է սահմանափակում, այսինքն՝ նախքան ընդլայնելը անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա պետք է պարտադիր առկա լինի որեւէ շինություն: Ըստ այդմ, նախատեսվում է, որ հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ, որն, ըստ էության, նույնպես սահմանափակում է: Ըստ Նախագծի հեղինակի, առկա սահմանափակումները եւ դրանց ազդեցությունը կառուցապատման գործընթացի վրա խիստ բացասական ազդեցություն են ունենում կառուցապատման բնագավառի զարգացման վրա: 

Ներկայացվող Նախագծի ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ կնվազեցվեն կառուցապատման ոլորտում առկա խոչնդոտները եւ կբարելավվի գործարար միջավայրը, արդյունքում՝ կառուցապատման գործընթացի պարզեցում եւ հստակեցում, սեփականատերերի  իրավունքների համապարփակ կիրառման հնարավորության ապահովում, ինչը, մեր կարծիքով, դրական ազդեցություն կունենան սոցիալական ոլորտում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

10.02.2022թ.