ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-158-07.02.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-158-07.02.2022-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                               ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

28.02.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածով «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասի համաձայն՝ «3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում ընդունվում են եռամյա ազգային ծրագրեր եւ դրա իրականացման ժամանակացույցեր, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք, որ, կարծում ենք՝ հասկանալի չէ՝ յուրաքանչյուր երեք տարվա համար ընդունվող եռամյա ազգային ծրագիրը եւ դրա իրականացման ժամանակացույցերն երբ պետք է ընդունվեն: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենք 3-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3-րդ մասում ներառել նաեւ յուրաքանչուր երեք տարվա համար սահմանվող եռամյա ազգային ծրագրի եւ դրա իրականացման ժամանակացույցերի ընդունման ժամկետ:

2.   Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետի «մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը» հասկացությունն առաջարկում ենք գրել թավ տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 1.1-ին կետի «անօգնական վիճակում գտնվող» հասկացությանը, ինչպես նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում լրացվող «եւ լրագրողական մրցանակաբաշխության հայտարարումը» բառերին:

3.   Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով՝ յուրաքանչյուր տարի հայտարարվում է լրագրողական մրցանակաբաշխություն: Ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով:»:

Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվում է ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով՝ ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն հայտարարելու իրավասություն ունեցող սուբյեկտի վերաբերյալ որեւէ նշում Նախագծում առկա չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել նաեւ կարգավորում ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն հայտարարելու իրավասություն ունեցող մարմնի վերաբերյալ, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

4.   Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասի համաձայն՝ «Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով:»:

Նշված կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Հաշվի առնելով, որ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ մարմինն է, եւ նրա կայացված որոշման հիման վրա է նույնացված զոհը ստանալու օրենքով նախատեսված համապատասխան աջակցությունը եւ պաշտպանությունը, հետեւաբար կայացվող որոշումները պետք է լինեն որոշակի, կանխատեսելի ու հիմնավորված:

(…)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը համակարգման եւ որոշակիության կարիք ունի, նույնացման հստակ չափորոշիչների սահմանումը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաեւ կբացառի կոռուպցիոն դրսեւորումներն, ինչպես նաեւ կընձեռի հնարավորություն պաշտպանվել զոհին կամայական որոշումներից:»:

Նշված դրույթը, կարծում ենք, խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ինչ շրջանակի չափորոշիչների վերաբերյալ կսահմանվեն նույնացնելու ցուցիչներ՝ ի ապահովումն Օրենքի որ դրույթների իրականացման: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:»

 Կարծում ենք՝ նույնացման հանձնաժողովի որոշման օբյեկտիվությունը եւ հիմնավորվածությունն ապահովվող պահանջները պետք է արտացոլվեն Օրենքում, միաժամանակ ենթաօրենդրական ակտով կարող են սահմանվել այդ պահանջները մանրամասնող ցուցիչներ: Հիմք ընդունելով Նախագծին կից ներկայացված հիմնավորումն՝ ենթաօրենսդրական ակտով հաստատված նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները փաստացի այն չափորոշիչներն են, որոնց նախանույնացման փուլի արդյունքում ձեռք բերված տվյալների համապատասխանության դեպքում նույնացման հանձնաժողովն անձին որպես զոհ է ճանաչում, ինչի հիման վրա  զոհը ձեռք է բերում աջակցություն ստանալու իրավունք կամ աջակցություն ստանալու իրավունքը սահմանափակվում է նույնացնելու ցուցիչներին չհամապատասխանելու հիմքով: Մինչդեռ, կարծում ենք՝ իրավունքի ձեռքբերման կամ դրա սահմանափակման հիմքերը եւ ծավալը պետք սահմավեն օրենսդրական ակտում: Նշենք նաեւ, որ «նույնացնելու ցուցիչների» վերաբերյալ Օրենքում որեւէ այլ հիշատակում առկա չէ:

5.  Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասերի համաձայն՝ «2.1. Սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը եւ չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2.2. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները պարտադիր են զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների եւ կազմակերպությունների համար՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձեւից:»:

Վերոնշյալ իրավակարգավորումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում սահմանված է կարգավորում Օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգի եւ չափի վերաբերյալ: Հարկ է նկատել, որ Օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված է նախանույնացման փուլում հավանական զոհերին տրամադրվող աջակցությունը, իսկ Օրենքի 22-րդ հոդվածում՝ զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող աջակցությունը: Կարծում ենք՝ Օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգի եւ չափի վերաբերյալ իրավակարգավորման նախատեսումը Օրենքի «Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող աջակցությունը» վերտառությամբ հոդվածում անհամապատասխանություն է առաջացնում քննարկվող հոդվածի կարգավորման առարկայի հետ: Մասնավորապես՝ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում սահմանված կարգավորման շրջանակը ավելի լայն է, քանի որ այն է ընդգրում է Օրենքով սահմանված աջակցությունը, այսինքն՝ ինչպես հավանական զոհերին նախանույնացման փուլում տրամադրվող, այնպես էլ զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող աջակցությունը: Մինչդեռ Օրենքի 22-րդ հոդվածի կարգավորման առարկայի շրջանակը սահմանափակված է միայն զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող աջակցությամբ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.1-ին մասում սահմանված Օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգի եւ չափի վերաբերյալ կարգավորումը նախատեսել Օրենքի 20-րդ հոդվածում:

Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասում սահմանված կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է՝ «Նախանույնացման փուլի մեկնարկի հետ մեկտեղ հավանական զոհը իրեն հասկանալի լեզվով իրազեկվում է իր իրավունքների, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դրույթների մասին:

Հավանական զոհերի աջակցությունը կարող է ներառել նաեւ՝

1) անհետաձգելի բժշկական օգնություն.

2) նախանույնացման փուլի տեւողությամբ ժամանակավոր կացարանի տրամադրում՝ նաեւ օրինական ներկայացուցչի եւ խնամքի տակ գտնվող երեխաների համար.

3) հիմնական կրթության ապահովում.

4) առաջին անհրաժեշտության բնաիրային օգնություն.

5) առաջնային հոգեբանական օգնություն.

6) ընդհանուր բնույթի խորհրդատվություն.

7) խնամքի տրամադրում: »:

Այսպես՝ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2.2-րդ մասում սահմանավում են միայն զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող աջակցության որակի նվազագույն չափորոշիչների սահմանման վերաբերյալ իրավակարգավորում: Մինչդեռ հավանական զոհերին նախանույնացման փուլում տրամադրվող նույնաբովանդակ աջակցության տեսակների որակի նվազագույն չափորոշիչները սահմանված չեն Օրենքով:

6.   Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:

7.   Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «լրացումներն» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացումն» բառով, քանի որ Նախագծի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ հոդվածներով նախատեսված են փոփոխություններ եւ մեկ լրացում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

28.02.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

28.02.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է  փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ առաջարկվում է որոշ եզրույթներ նույնականացնել ՀՀ քրեական նոր օրենսգրքի (ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ին) եզրույթների հետ, ինչպես նաեւ ավելացնել դրույթներ, որոնցով կսահմանվի, որ`

գ     Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար ընդունվում են եռամյա ազգային ծրագրեր եւ դրանց իրականացման ժամանակացույցեր, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 

գ     Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով իրականացվում է ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն, որի կանոնակարգը հաստատվում է  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով, 

գ     զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին աջակցության տրամադրման կարգը եւ նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                             

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                     

Կատարող՝  կրտսեր մասնագետ Ա. Գյոզալյան 

18.02.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Ներկայացված Նախագծի նպատակն է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում նախատեսել լիազորող նորմեր, որոնց անհրաժեշտությունը բխում է իրավական բացը լրացնելու պահանջից, ինչպես նաեւ հիմք ընդունելով Քրեական նոր օրենսգրքի կարգավորումները՝ ապահովել իրավական ակտերում կիրառվող եզրույների միասնականացումը: 

Ներկայումս, նույնացման հանձնաժողովի կողմից տարբեր անձինք նույնացվում են որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ, սակայն հստակ ցուցիչներ, որոնք հիմք են տալիս օբյեկտիվորեն անձին ճանաչել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ սահմանված չեն: Բացի այդ, զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին տրամադրվում է տարաբնույթ սոցիալական աջակցություն, որոնց մի մասը հստակ կարգավորված է: Սակայն, կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանված չեն: 

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ  շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու եւ լրագրողներին քննարկվող թեմայով գրագետ հոդվածներ, տեսանյութեր պատրաստելու խրախուսման նպատակով յուրաքանչյուր տարի հայտարարվող լրագրողական մրցանակաբաշխությունն իրականացվում է խիստ կամայական, հայեցողական տարբեր մոտեցումներով, անգամ մասնագիտական տեսանկյունից ոչ բավարար չափով, քանի որ համապատասխան կանոնակարգեր առկա չեն:

2.   Նախագծով առաջարկվում է՝

գ     Կառավարությանը լիազորել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարն առավել արդյունավետ եւ որակապես նոր մակարդակի վրա դնելու նպատակով երեք տարին մեկ ընդունել համապատասխան ազգային ծրագրեր եւ դրանց իրականացման ժամանակացույցեր,

գ  Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից   յուրաքանչյուր տարի հայտարարվող Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարն արդյունավետ լուսաբանելու նպատակով ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման կանոնակարգի հաստատումը լիազորել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին,

գ  Կառավարությանը լիազորել սահմանելու զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության եւ խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները,

գ  նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչների հաստատումը լիազորել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, քանի որ այդ նախարարության ենթակայության ներքո է գործում նույնացման հանձնաժողովը, եւ այդ հանձնաժողովի նախագահ է հանդիսանում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը եւ այլն:

3.   Նախագիծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, կբարելավվի խոցելի խմբերի սոցիալական  վիճակը, կբարձրանա զանգվածային լրատվամիջոցների կողմից լուսաբանվող` մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման վերաբերյալ նյութերի որակը, կավելանա մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման խնդիրները լուսաբանող լրագրողների քանակը, ինչպես նաեւ անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու հարցում կսահմանվի հստակ ցուցիչներ, որոնց հիման վրա նույնացման հանձնաժողովի կողմից կկայացվի  օբյեկտիվ ու հիմնավոր որոշում՝ բացառելով կամայականության եւ կոռուպցիոն դրսեւորումները: 

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ս. Համբարձումյան  (հեռ. 011-513-360) 

21.02.2021թ.