ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-159-10.02.2022-ԱՀ-013/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը (փաստաթղթային կոդ` Խ-159-10.02.2022-ԱՀ-013/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

17.02.2022թ. 



Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Առաջարկում ենք Նախագծում 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիում ստորագրված հռչակագրի ամսաթվի մասին նշում կատարելիս կիրառել «թվական» բառն ամբողջությամբ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «1969  թ.» գրելաձեւին:

2. Նախագծում առկա է նույն միտքն արտահայտող տարբեր բառերի միաժամանակյա կիրառություն, ինչպես օրինակ՝ «Արցախ» եւ «Արցախի Հանրապետություն»: Առաջարկում ենք ձեւակերպումների միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով միեւնույն միտքն արտահայտել միեւնույն բառերով՝ որոշակի հերթականությամբ: Միաժամանակ՝ առաջարկում ենք շտկել «ՀՀայաստանի» վրիպակը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.02.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

17.02.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարություն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» (այսուհետ՝ Հռչակագիր) վավերացման կապակցությամբ: Հայտարարությունում առաջարկվում է նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ.-ի հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի` Թուրքիայի եւ Ադրբեջանի  խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ:

Համաձայն նախագծի` Հռչակագրում տեղ են գտել մի շարք ձեւակերպումներ, որոնք անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, լրջագույն մարտահրավեր են տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը, չեն նպաստում տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, անուղղակիորեն դեմ են արցախահայության ինքնորոշման, ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած սփյուռքահայության իրավունքներին  եւ այլն:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 

      ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

      ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

      ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

      Կատարող՝  կրտսեր մասնագետ Ա.Գյոզալյան 

      16.02.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով նախաձեռնության հեղինակները դատապարտում են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների կողմից 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիում ստորագրած հռչակագիրը, որն ամբողջությամբ ուղղված է Հայաստանի ու Արցախի դեմ, եւ լրջագույն սպառնալիքներ ու մարտահրավերներ է առաջացնում ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման եւ խնդրի վերջնական լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում:

Բացի այդ, հռչակագիրը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընդունված հիմնարար սկզբունքներին, միջազգային իրավումքի հանրահայտ նորմերին, ուստի չի կարող համարվել լեգիտիմ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 

17.02.2022թ.