ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-160-10.02.2022-ՊԱ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-160-10.02.2022-ՊԱ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

03.03.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը»:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ առաջին իսկ կիրառումից հետո նշված կրճատ տարբերակը Նախագծում այլեւս չի գործածվում: 

3. Նախագծի 1-ին հոդվածում նախատեսված է՝ Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում  «նախկին զինծառայողների,» բառերից հետո լրացնել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների,» բառերը եւ կետադրական նշանը:

Նշված կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը. 

Նախագծին կից ներկայացված հիմնավորումից բխում է, որ տվյալ լրացման նպատակը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումն է, որը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն եւ ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետեւյալ կազմերը եւ զինվորական կոչումները.

1) շարքային կազմ՝ «շարքային» եւ «եֆրեյտոր» զինվորական կոչումներով.

2) ենթասպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝

ա. կրտսեր ենթասպայական կազմից՝ «կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ», «ավագ» զինվորական կոչումներով,

բ. ավագ ենթասպայական կազմից՝ «ենթասպա», «ավագ ենթասպա» զինվորական կոչումներով.

3) սպայական կազմ, որն իր հերթին բաղկացած է՝

ա. կրտսեր սպայական կազմից՝ «լեյտենանտ», «ավագ լեյտենանտ», «կապիտան» զինվորական կոչումներով,

բ. ավագ սպայական կազմից՝ «մայոր», «փոխգնդապետ» «գնդապետ» զինվորական կոչումներով,

գ. բարձրագույն սպայական կազմից՝ «գեներալ-մայոր», «գեներալ-լեյտենանտ», «գեներալ-գնդապետ», «բանակի գեներալ» զինվորական կոչումներով:»:

 Վերոգրյալից բխում է, որ «զինծառայողներ» եզրույթն իր մեջ ներառում է հետեւյալ կազմերը. շարքային, ենթասպայական եւ սպայական: Այսպես՝ «սպա» եզրույթն ավելի նեղ նշանակություն ունի, քան «զինծառայող» եզրույթը: Հետեւաբար Նախագծի 1-ին հոդվածի ձեւակերպման մեջ «սպաներ» բառի կիրառման արդյունքում «լեյտենանտ» զինվորական կոչումից ցածր կոչումով նախկին զինծառայողները իրավունք չեն ունենում օգտվել Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնառության հնարավորությունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների,» ձեւակերպման մեջ «սպաների» բառը փոխարինել «զինծառայողների» բառերով: 

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող» բառերից հետո լրացնել «նախկին» բառը՝ հիմք ընդունելով Օրենքում կիրառվող ձեւակերպումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածների 1-ին եւ 2-րդ մասերը՝ « 1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 

4. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ արդեն իսկ կազմվել եւ հաստատվել է 2022 թվականի պետական բյուջեն, որտեղ սահմանված են 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի հաշվարկները, եւ դրանցում ներառված չեն Նախագծով առաջարկվող ծախսերը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով սահմանել Նախագծի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ:

Միաժամանակ նշենք՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողների համար Օրենքով արդեն իսկ սահմանված է երաշխիք՝ նոր քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու եւ հանրային կյանքին ներգրավվելու համար: Մասնավորապես՝ Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունքով զինված ուժերից արձակված նախկին զինծառայողները պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտական վերապատրաստման ծրագրերում ընդգրկվում են առաջնահերթության կարգով»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

02.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարողներ՝ Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

02.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելության եւ պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնառության իրավունքից օգտվելու հնարավորություն ընձեռել նաեւ պայմանագրային զինծառայողներին, այդ թվում՝ սպաներին, ինչպես նաեւ երկարամյա ծառայության զինվորական կեսաթոշակի իրավունք ունեցող սպաներին՝ այդ անձանց համար քաղաքացիական կյանքին սահուն ինտեգրվելու եւ սոցիալական այլ խնդիրներ լուծելու նպատակով:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեից կատարվող համապատասխան ծախսերը կարող են մեծանալ՝ կապված վճարովի համակարգում լրացուցիչ ուսանողների համար ուսման ծախսերի փոխհատուցման ծավալների մեծացման հետ (հարկ է նկատի ունենալ, որ արդեն տեւական ժամանակ է, որ ուսումնական հաստատություների ուսանողական տեղերի քանակը էականորեն գերազանցում է դիմորդների քանակին, ուստի նշված կատեգորիայի անձանց հաշվին նոր ուսանողների թիվը կարող է որոշ չափով ավելանալ): Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել ոչ թե դրա պաշտոնական հրապարակման հաջորդ օրը, այլ 2023 թվականի հունվարի 1-ը՝ հաջորդ տարվա պետական ծախսերի  պլանավորման ժամանակ այս օրենքի պահանջները հաշվի առնելու նպատակով:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի, մասնավորապես՝ օրենքն ուժի մեջ մտցնելու առումով:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

16.02.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք), մասնավորապես՝ Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է «ժամկետային պարտադիր» բառերը հանել, «նախկին զինծառայողների,» բառերից հետո լրացնել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների,» բառերը եւ կետադրական նշանը:

Գործող իրավակարգավորմամբ՝ «Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը եւ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Մինչդեռ, ըստ Նախագծի հեղինակի, զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, այդ թվում՝ սպաները, զրկված են անվճար կրթություն ստանալու իրավունքից եւ արձակվելով զինվորական ծառայությունից, զրկված են լինում նաեւ պետական բյուջեի հաշվին կրթություն ստանալու հնարավորությունից:

Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է սահմանել դրույթ, ըստ որի՝ ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության եւ ուսումնառության իրավունք կտրվի  զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին եւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին:

2. Առաջարկվող Նախագիծը սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա՝ երաշխավորված անվճար կրթության իրավունք տրամադրելով նաեւ զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող պայմանագրային զինծառայողներին եւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին: 

Սակայն, եթե գործող իրավակարգավորմամբ նման իրավունք տրամադրվում է «ժամկետային պարտադիր» ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին՝ կոնկրետ մասնագիտություն ստանալու նպատակով, ապա առաջարկվող փոփոխության եւ լրացման արդյունքում, խոսքն արդեն կգնա երկրորդ բարձրագույն կրթության մասին, քանի որ այդ հնարավորությունը տրվում է բարձրագույն սպայական կրթություն ստացած անձանց: 

Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ որոշ իմաստով խեղաթյուրվում է Նախագծի հիմքում դրված գաղափարը, այն է՝ գոնե մեկ բարձրագույն կրթության ստացման հնարավորություն տալ զինծառայողներին:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի տեքստից հանել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների,» նախադասությունը:

3. Մեր կարծիքով, անհրաժեշտ է վերանայել նաեւ Օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը: Առաջարկում ենք, Նախագծի 2-րդ հոդվածը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:»

Եզրահանգում

Ներկայացված առաջարկություններն ընդունելի լինելու դեպքում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից որոշ լրամշակման կարիք կունենա:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

21.02.2022թ.