ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-175-25.02.2022-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-175-25.02.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                          ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

18.03.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանացնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հաջորդականությանը վերաբերող պահանջին:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը եւ կետադրական նշանները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը` նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող ձեւակերպումներում առկա վրիպակներն առաջարկում ենք ուղղել՝  «հուսունհազարապատիկը» բառերը «հիսունհազարապատիկը» բառերով փոխարինելով:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

18.03.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

18.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոխել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու առումով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի շեմը: Մասնավորապես, որպես խոշոր չափ նախատեսված հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի փոխարեն առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը, իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ հիսունհազարապատիկը:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակը քրեաիրավական ներգործության փոխարինումն է վարչաիրավական ներգործությամբ: Այս առումով, կարծում ենք, որ հարկի, տուրքի կամ պարտադիր այլ վճարի չվճարման համար նախատեսված խոշոր եւ առանձնապես խոշոր չափի շեմի բարձրացումը՝ առանց այդ նույն արարքի համար վարչական պատասխանատվության չափի վերանայման, կարող է հանգեցնել նման արարքների քանակի ավելացման: Այլ կերպ ասած, այս դեպքում խախտվում է պատժի համաչափության սկզբունքը: Հետեւաբար,  կարծում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է զուգակցել վարչական պատասխանատվության չափի ավելացման հետ: 

Եզրահանգում

Հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները, կարծում ենք, Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ, հատկապես, դրված խնդիրների գործնական լուծման տեսանկյունից վերաիմաստովորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

09.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.  Նախագծով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի «Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը» վերտառությամբ 205-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը: Մասնավորապես, առաջարկվում է խոշոր չափի նվազագույն շեմը՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի (4.000.000 մլն ՀՀ դրամ) փոխարեն, սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկ (15.000.000 մլն ՀՀ դրամ), իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ հիսունհազարապատիկ (50.000.000 մլն ՀՀ դրամ):

Ըստ Նախագծի հեղինակի, ներկայացվող Նախագծի ընդունումը, հնարավորինս կբացառի հարկային մարմինների կողմից հարկ վճարողի նկատմամբ քրեական գործի հարուցմամբ կամ դրա հարուցման սպառնալիքով հարկերի հավաքման պրակտիկան: 

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

04.03.2022թ.