ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-180-02.03.2022-ՖՎ-011/0), «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1801 -02.03.2022-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1802 -02.03.2022-ՖՎ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Ծովինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-180-02.03.2022-ՖՎ-011/0), «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1801 -02.03.2022-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-1802 -02.03.2022-ՖՎ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
24.03.2022թ.
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով սահմանված էլեկտրոնային փողին վերաբերվող կարգավորումները գործում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս ժամկետով:»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «Կարեւոր ենք համարում նաեւ օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորումը, որը արգելում է էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը կամ բուքմեյքերական հաշիվներ լուծելը, ինչը հնարավորություն կտա բացահայտել խաղադրույքների կատարման ամբողջական շղթան, եւ հետագայում առավել ճշգրիտ եւ հասցեական խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություն իրականացնել: (…) 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով:»: Մեջբերվածի առնչությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը՝ 1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են` 2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ):»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ նորմատիվ իրավական ակտի կամ դրա առանձին մասերի համար:»: Վերը մեջբերված դրույթների բովանդակությունից բխում է, ?? ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ նորմատիվ իրավական ակտի կամ դրա առանձին մասերի համար, սակայն ակտի առանձին մասի որոշակի հատվածի համար ժամանակավոր գործողություն չի կարող սահմանվել: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի կարգավորումը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետերին: 2) «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում անկանխիկ գործառնություն է դիտարկվում հետեւյալը՝ «անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).»: Արձանագրենք, որ պարզ չէ՝ որն է Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո անկանխիկ գործառնությունները նաեւ էլեկտրոնային փողի հաշվով իրականացնելու ժամկետային (6-ամսյա ժամկետ) կարգավորում սահմանելու նպատակը, տվյալ ժամկետի ընտրության, ինչպես նաեւ 6-ամսյա ժամկետի ավարտից հետո անկանխիկ գործառնությունները միայն մեկ եղանակի միջոցով (բանկային հաշվի միջոցով) իրականացնելու հնարավորություն նախատեսելու օբյեկտիվ հիմքերը: Այլ կերպ ասած, ինչու՞ միտում կա, օրինակ՝ շահումը փոխանցելու կամ խաղանիշերի փոխանակումը կատարելու եւ՛ էլեկտրոնային փողի հաշվով, եւ՛ բանկային հաշվով ընդամենը 6 ամիս ժամկետով, մինչդեռ 6 ամիս անց անցում կատարելու միայն բանկային հաշվին: Հատկապես՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ ընդգծված է Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների արդյունքում հասարակության տարբեր շերտերի մոտ անկանխիկ գործառնությունների մշակույթի ձեւավորման նպատակը, իսկ էլեկտրոնային փողի հաշվով իրականացվող վճարումը վերջինիս եղանակներից մեկն է: Վերոգրյալի լույսի ներքո շեշտենք, որ ժամկետային կարգավորում նախատեսելու նպատակը, դրանով ակնկալվող արդյունքը, անկանխիկ գործառնությունների իրականացման միայն մեկ եղանակի հնարավորություն տրամադրելը քննարկվող 6 ամիս ժամկետի ավարտից հետո, պետք է լինեն հստակորեն փաստարկված եւ անկանխիկ վճարման միջոցի տեսակի ընտրության անհրաժեշտության օբյեկտիվ հիմքի մատնանշման պարագայում: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ հստակեցնել Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անցումային դրույթի նպատակը՝ անդրադարձ կատարելով եզրակացության սույն կետում քննարկված հարցերին: Նույն տրամաբանությամբ հիմնավորման կարիք ունեն նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետերը: 2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետը շարադրել նոր խմբագրությամբ, այն է` «ապահովում է խաղասրահում խաղանիշների (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, կամ անկանխիկ եղանակով` բանկային հաշվին եւ (կամ) էլեկտրոնայի փողի հաշվին առկա միջոցներով: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած փոխանցում (վճարում) է համարվում կազմակերպչի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին կատարված վճարումը (փոխանցումը)»: Նախագծերի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումներով շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի եւ այլնի դեպքում շահումի փոխանցումը, տոտալիզատորների մասնակիցների հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը եւ ելքագրումը, նաեւ շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ եւ նմանատիպ բնույթի այլ խաղերի մասնակիցներին շահումների տրամադրումը եւ այլն իրականացվում են միայն անկանխիկ եղանակով: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմամբ, շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպչին հնարավորություն է ընձեռվում անկանխիկ եղանակի հետ մեկտեղ կանխիկ եղանակով եւս իրականացնել խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը, ինչը կարծում ենք, տարբերակված մոտեցում է: Ուստի առաջարկում ենք, տվյալ դեպքում խաղանիշերի (ժետոնների) փոխանակման եղանակները եւս վերանայել: 3. Նախագծերի փաթեթի` տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1) Դասական թվականների հիշատակման կանոնի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «2.1» գրելաձեւը փոխարինել «2.1-ին» գրելաձեւով, «զ1)» եւ «զ2)» գրելաձեւերը փոխարինել «զ1-ին» եւ «զ2-րդ» գրելաձեւերով: Միաժամանակ Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «է)» գրելաձեւը փոխարինել «է» գրելաձեւով: 2) Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:(…)»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրերին: 3) Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող «է» կետում կիրառված է «փոխանցում (վճարում)» եւ «վճարում (փոխանցում)» ձեւակերպումները: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, առաջարկում ենք բացառել ձեւակերպումների տարբերակված հերթականությամբ կիրառման դեպքերը: 4) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 23.03.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 23.03.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում ընդլայնել խաղային բիզնեսի ոլորտում անկանխիկ վճարումների շրջանակները՝ տվյալ ոլորտի գործունեության ֆինանսական թափանցիկության բարձրացման եւ արդյունավետ վերահսկողության ապահովման նպատակով: Փաթեթով առաջարկվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո նախատեսվում է դա իրականացնել բացառապես բանկային հաշիվների միջոցով: Նման պահանջ է սահմանվում նաեւ շահումների տրամադրման վերաբերյալ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 18.03.2022թ.
Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», նպատակ ունենալով բացահայտել ոլորտի իրական շրջանառությունը եւ անհրաժեշտության պարագայում հիմնավորված կերպով անցնել ավելի արդար հարկման համակարգի: Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակների, ՀՀ-ում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը եւ անկանխիկ գործառնությունների անխափան, պարզ եւ արագ իրականացման համար պետությունը իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային եւ կրթական գործողություններ, հետեւաբար, որեւէ կերպ չի սահմանափակվում մարդու՝ ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունը: Ոստի, Նախագծերի փաթեթով ներկայացվող փոփոխություններով հեղինակներն առաջարկում են եւս մեկ սահմանափակող եւ թափանցիկությունը բարձրացնող կարգավորման հնարավորություն ունենալ, կարեւորելով այն հանգամանքը, որ քաղաքացիները իրենց շահումները կարող են ստանալ բացառապես միայն անկանխիկ եղանակով, ինչը եւս կնպաստի հասարակության տարբեր շերտերի մոտ անկանխիկ գործառնությունների մշակույթի ձեւավորմանը: Առաջարկվող փոփոխություններով կարգելվի տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների եւ նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրելը կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր կլինի բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ընդ որում, անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Հետեւաբար, շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով: Նախագծերի փաթեթի ընդունմամբ հեղինակներն ակնկալում են խաղային բնագավառում ապահովել առավելագույն թափանցիկություն, պաշտպանել սոցիալապես անապահով խավերի շահերը եւ խաղամոլությամբ տարված մարդկանց համար խաղադրույք կատարելու լրացուցիչ խոչընդոտներ սահմանել: Կարծում ենք, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները սոցիալապես դրական նախադրյալներ կստեղծեն՝ հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու առումով: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 09.03.2022թ.
|