ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-187-04.03.2022-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-187-04.03.2022-ՊԻ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

28.03.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն)  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտ է համարվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտը, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը.

«(...)2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

(...)

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

(...)

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:

7. Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը եւ անցումային դրույթները կարող են շարադրվել առանձին գլուխների կամ հոդվածների կամ կետերի ձեւով` սույն օրենքով սահմանված կարգով:

8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները: (...)»:

Օրենքի 14-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:

Հիմք ընդունելով նշված կարգավորումները՝ կարող ենք եզրակացնել, որ նորմատիվ իրավական ակտ կարող է համարվել այն գրավոր իրավական ակտը, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Օրենսդրական ակտը պետք է համապատասխանի կառուցվածքային որոշակի չափանիշների, ինչպես նաեւ, եթե օրենսդրական ակտն ունի լրիվ գործողության մեջ դնելու հետ կապաված ժամկետների կամ որոշակի պայմանների առանձնահատկություններ կամ անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր, ապա դրանք կարող են սահմանվել այդ ակտի անցումային դրույթներով: Այսպիսով՝ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) անցումային դրույթները չեն նախախատեսվել Օրենսգրքի համաատասխան գլխում: Օրեսնգրքի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերտառությամբ 51-րդ գլխում ներառված են միայն Օրենսգիրքն ուժի մեջ մտցնելու եւ Օրենսգիրքը գործողության մեջ դնելու վերաբերյալ կարգավորումները: Օրենսգրքի՝ դրա գործողության մեջ դնելու վերաբերյալ կարգավորմանը վերաբերող 552-րդ հոդվածով նախատեսվում է, որ Օրենսգիրքը գործողության մեջ է դրվում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարող ենք եզրակացնել, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագծի կարգավորման առարկան 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի անցումային դրույթներն են: Նշվածը բացառում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրեսնդրական ակտերին վերաբերելի բոլոր կանոնների կիրառելիությունը Նախագծի նկատմամբ, սակայն, Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի ապահովման համար Նախագծի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի, այն է՝ Օրենսգրքի անցումային դրույթների շրջանակներից: 

Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Մեջբերված դրույթների վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ Սահմանադրությամբ արդեն իսկ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքին տրված է հետադարձ ուժ, եւ օրենսդրական ակտի անցումային դրույթներով անձի իրավական վիճակը բարելավող այս կարգավորումներին հետադարձ ուժ տալու անհրաժեշտությունը բացակայում է, եթե այդ դրույթների վերաբերյալ կարգավորումներում չկան հետադարձ ուժ տալու իրականացման կարգի հետ կապված այլ դրույթներ:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագծի կարգավորման առարկան Օրենսգրքի անցումային դրույթներն են, ուստի դրանք պետք է համապատասխանեցվեն Օրենսգրքի ուժի մեջ մտնելուն վերաբերող 551-րդ հոդվածի կարգավորումներին.

«1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահելը պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակներն ստեղծելուց եւ դրանք շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը:

5. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով կարող են սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված առանձին իրավահարաբերությունների ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:»:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ «1. Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք):

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքը: (...)»:

Այսպիսով՝ չնայած որ Օրենսգրքի 551-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ նույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով, առանց որեւէ բացառության, ամբողջ Օրենսգիրքը գործողության մեջ է դրվում 2022 թվականի հուլիսի 1-ից:

Միաժամանակ՝ հանդիսանալով անցումային դրույթների վերաբերյալ կարգավորում՝ Նախագիծը չի նախատեսում Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենսգրքի 551-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի համար անցումն ապահովող դրույթներ (որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր), սակայն, 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի ուժը կորցրած ճանաչելու պահ է նախատեսում Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահը՝ 2022 թվականի հուլիսի 1-ը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձեւով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում հստակ նշվում է այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Օրենսգրքի 551-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի համար Նախագծում անցումային դրույթներ նախատեսել 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հատվածների գործողության առանձնահատուկ կանոնների վերաբերյալ:

3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ մինչեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի կարգավորումը իր բնույթով չի կարող հանդիսանալ անցումային դրույթ, քանի որ նշում է պարունակում ոչ միայն ենթաօրեսդրական նորմատիվ իրավական ակտերի, այլ նաեւ օրենքների մասին։ Օրենքներում անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են նախագծերի փաթեթի ներկայացման միջոցով, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի դեպքում հստակ նշում է կատարվում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ։ 

4. Նախագծի  1-ին հոդվածի 1-ին մասում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի եւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ այլ հոդվածներում 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի լրիվ անվանումների հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի հաջորդականությանը վերաբերող պահանջին՝ սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: 

5. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաեւ դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում այն արարքների համար, որոնք, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:»:

2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետն է 2022 թվականի հուլիսի 1-ը։ Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով կիրառվող հասկացություններում կատարված փոփոխությունների տրամաբանությունը՝ առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածում նախատեսված հասկացությունները վերանայել։

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը խնդրահարույց է որոշակիության իրավական սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ` անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

28.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

28.03.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է  գործողության մեջ դնել ՀՀ Քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք)` սահմանելով մինչեւ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում գործող այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի` Օրենսգրքին համապատասխանեցնելու պահանջ, օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով պատժի չափերի համապատասխանեցման եւ այլ հարցեր:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                    
         
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

21.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» (այսուհետ՝ Օրենսգիրքը)  ՀՀ օրենքի Նախագծով առաջարկվում է հստակ կարգավորել Օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով դատվածության կանոնների կիրառման եւ դրանց՝ անձի վիճակն այլ կերպ բարելավող մասով հետադարձ ուժի հետ կապված հարցերը: 

Նախագիծը կարգավորում է նաեւ Օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետեւանքով դատվածության կանոնների կիրառման կարգը: Մասնավորապես, Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող պետք է համարել այն անձանց, որոնք պատիժ են կրել կամ կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է, ինչպես նաեւ պատժից ազատված այն անձանց, որոնք դատապարտվել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործողության մեջ դնել Օրենսգիրքը եւ ապահովել ՀՀ Սահմանադրությանը եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ դրա կիրառումը:

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

16.03.2022թ.