ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-192-07.03.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-192-07.03.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

28.03.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին՝ հանելով հերթական համարի մեջ ներառված ակտի նորմատիվ բնույթի վերաբերյալ կատարված նշումը: 

2.  Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է՝ «Ծրագրով նախատեսված միջոցառումները եւ դրանցում համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող փոփոխությունները համաձայնեցվում են շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ: Բնապահպանական ծրագրերով  նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնություններն ու դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված են բնապահպանական ծրագրին համաձայնություն չտալու հիմքերը: 

Վերոգրյալի առնչությամբ նկատենք, որ բնապահպանական ծրագրերով  նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնություններն ու դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը: Սակայն, Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված հիմքերի առկայության դեպքում համաձայնություն չտրվելու ընթացակարգի, ժամկետների առնչությամբ կարգավորումը, կարծում ենք, որ նպատակահարմար է նախատեսել Օրենքում (համաձայնություն չտալու առնչությամբ կարգավորման ամբողջականությունն ապահովոլու նպատակով), իսկ՝ վերը նշված համաձայնեցման կարգի վերաբերյալ դետալային կարգավորումները սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտում:

3.  Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:(…)»:

4.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: «Բնապահպանական ծրագիր» եզրույթի առաջին իսկ կիրառումից հետո, իբրեւ կրճատ տարբերակ, սահմանված է «Ծրագիր»-ը: Ուստի՝ առաջարկում ենք կրճատ տարբերակի սահմանումից հետո բացառել տարբերակված եզրույթի կիրառման դեպքը:

5.  Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Սույն հոդվածի համաձայն հաստատված եւ առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերում բյուջեով սահմանված մասհանումների շրջանակներում փոփոխություններ կարող են կատարվել միայն համայնքի ավագանու կողմից` նախօրոք դրանք համաձայնեցնելով շրջակա միջավայրի պահպանության եւ առողջապահության բնագավառներում լիազորված պետական մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: (…)»: 

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ծրագրով նախատեսված միջոցառումները եւ դրանցում համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող փոփոխությունները համաձայնեցվում են շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ: Բնապահպանական ծրագրերով  նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնություններն ու դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի եւ առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Նկատելի է, որ գործող իրավակարգավորման պարագայում հաստատված բնապահպանական ծրագրում փոփոխությունները կարող են կատարվել միայն համայնքի ավագանու (կոլեգիալ մարմնի) կողմից, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 4-րդ հոդվածով բնապահպանական ծրագրի փոփոխությունները մշակելու եւ իրավասու մարմինների հետ համաձայնեցնելու իրավասությունը վերապահվում է համայնքի ղեկավարին՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ քննարկվող փոփոխության անհրաժեշտության մասին նշում կատարված չլինելու պարագայում: Հետեւաբար՝ առաջարկում ենք Նախագծի հիմնավորմամբ անդրադարձ կատարել քննարկվող փոփոխության նպատակահարմարության հարցին:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248

28.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

28.03.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ներկայումս գործող «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցման, ինչպես նաեւ բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերում ներառված բնապահպանական եւ առողջապահական միջոցառումների հստակ սահմանման նպատակով:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  

ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

22.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), որով նախատեսվում է բարելավել շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային եւ հասցեական օգտագործման գործող համակարգը:

Ներկայացվող փոփոխություններով Նախագծի հեղինակն առաջարկում է՝

- Օրենքը շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներին,

- հստակ սահմանել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերում ներառված բնապահպանական եւ առողջապահական միջոցառումները:

Ըստ Նախագծին կից հիմնավորման, առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում կառաջանա ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՀ կառավարության որոշումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները եւ դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված եւ առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասինե N 1544-Ն որոշման վերանայման անհրաժեշտություն:

Նախագծի ընդունման արդյունքում կառաջանա նաեւ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանելու անհրաժեշտություն:

Ներկայացված Նախագծի ընդունմամբ հեղինակներն ակնկալում են, որ 

- Օրենքով սահմանված կարգավորումները կհամապատասխանեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջներին, կդյուրացվեն իրավական ակտի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները,

- հստակ սահմանված բնապահպանական եւ առողջապահական միջոցառումների առկայության արդյունքում էականորեն կբարձրանա Ծրագրերի իրականացման արդյունավետության մակարդակը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Գալստյան (հեռ.՝ 011 513-235, 12-35)

14.03.2022թ.