ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սերմերի եւ տնկանյութի մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-195-10.03.2022-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1951 -10.03.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1952 -10.03.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սերմերի եւ տնկանյութի մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-195-10.03.2022-ՏՏԳՇ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1951 -10.03.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1952 -10.03.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

01.04.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Սերմերի եւ տնկանյութի մասին» օրենքի նախագծում (այսուհետ նաեւ` Նախագիծ) առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերի փոխարեն կիրառել «Կառավարություն» բառը՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

2.  Նախագծում կիրառվում են «Հայաստանի Հանրապետություն» եւ «հանրապետություն» ձեւակերպումները: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը որոշակի հաջորդականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

3.  Նախագծի 3-րդ հոդվածը վերնագրված է «Սերմերի եւ տնկանյութի արտադրության հիմնական խնդիրները» վերտառությամբ, մինչդեռ նույն հոդվածի 1-ին մասում սահմանված է սերմնաբուծության եւ տնկանյութի արտադրության հիմնական խնդիրները: Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված է «սերմ» հասկացությունը, այն է՝ «սերմ` սորտերի պահպանության եւ վերարտադրության նպատակով օգտագործվող բույսի ժառանգականություն կրող գեներատիվ օրգան.», իսկ 4-րդ մասում «սերմնաբուծություն» հասկացությունը՝ «սերմնաբուծություն` սորտաթարմացման եւ սորտափոխարինման իրականացման նպատակով բույսերի շրջանացված սորտերի սերմերի զանգվածային բազմացմամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված իրավակարգավորումն՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում սահմանված է «բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութ» հասկացությունը, այն է՝ «արտադրական այգեհիմնման համար նախատեսված եւ հիմնային տնկանյութի վեգետատիվ բազմացումից ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող առավել վարակածին վիրուսազերծությունը ստուգված ամբողջական բույսեր.»: 

Նշված հասկացության վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ հասկանալի չէ՝ ինչպես է որոշվում առավել վարակածին վիրուսազերծությունը: Մասնավորապես՝ նշված հասկացության սահմանումը ոչ որոշակի հասկացությամբ հանգեցնում է «բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութ հասկացության» անորոշության:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «առավել վարակածին հարուցիչներ» ձեւակերպմանը:

5.  Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ «բազմամյա բույսերի վերարտադրված տնկանյութ» հասկացությունը սահմանվում է որպես բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի հաջորդիվ երեք սերունդները ընդգրկող բուսաճային (վեգետատիվ) բազմացման միջոցով ստացված եւ վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված ամբողջական բույսեր:

Վերոնշյալ կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ քննարկվող հասկացության մեջ հասկանալի չէ որոնք են բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի հաջորդիվ երեք սերունդները, որոնք ընդգրկվում են բազմամյա բույսերի վերարտադրված տնկանյութի մեջ:

6.  Նախագծի 5-րդ հոդվածը վերնագրված է Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ տնկանյութի ցանկը, որի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերն ու հիբրիդները եւ տնկանյութի այն ձեւերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում եւ գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում:»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածում սահմանված կարգավորումները՝ հիմք ընդունելով քննարկվող հոդվածի վերնագիրը վերաբերում են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ տնկանյութի ցանկին, մինչդեռ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված կարգավորումից բխում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում են սորտերի, հիբրիդների եւ տնկանյութի որոշակի ձեւեր, որոնք գրանցվել են սորտերի եւ հիբրիդների ցանկում: Այսպես՝ «սորտերի եւ հիբրդների ցանկ» հասկացությունը, կարծում ենք՝ ավելի նեղ է, քան դրանում ընդգրկվող տեղեկությունները, մասնավորապես՝ սորտերի, հիբրիդների եւ տնկանյութի համապատասխան ձեւերը: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում «սորտերի եւ հիբրիդների ցանկ» հասկացության կիրառությունը վերանայել: Ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրում կիրառված «սորտերի եւ տնկանյութի ցանկ» հասկացությունը եւ նույն հոդվածում կիրառվող  «սորտերի եւ հիբրիդների ցանկ» հասկացությունը համապատասխանեցնել միմյանց՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:» եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:», սահմանված պահանջները: 

7.  Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասում «կետով» բառն առաջարկում ենք փոխարինել «մասով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 10-րդ մասում նշված «կետով» բառին:

8. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագրում կիրառված «տնկարանային արտադրության քայլերի հերթագայություն» ձեւակերպումն առաջարկում ենք համապատասխանեցնել Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում սահմանված «տնկարանային արտադրության հերթագայություն» հասկացությանը: Մասնավորապես՝ Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս անհրաժեշտ է կիրառել միեւնույն բառերը որոշակի հաջորդականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

9. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «սերմերի սորտային եւ տնկանյութի ձեւերի պատկանելիություն» ձեւակերպումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «սերմերի եւ տնկանյութի սորտային պատկանելիություն» ձեւակերպումը: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը որոշակի հաջորդականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

10. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում առաջարկում ենք «տնկանյութի ապրանքային» բառերը փոխարինել «տնկանյութի ապրանքային որակի» բառերով՝ համապատասխանեցնելով դրանք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում սահմանված «տնկանյութի ապրանքային որակ» հասկացությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում կիրառված «տնկանյութի ապրանքային» ձեւակերպմանը:

11. Նախագծի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Անձնական օգտագործման համար արտադրվող եւ օգտագործվող սերմերն ու տնկանյութը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելիության եւ սերմերի որակական ցուցանիշները հավաստող փաստաթղթեր:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ կարծում ենք՝ անհարժեշտ է նշում կատարել ոչ միայն սերմերի որակական ցուցանիշների, այլ նաեւ տնկանյութի ապրանքային որակի ցուցանիշների մասին:

12. Նախագծի 8-րդ հոդվածում սահմանված են սերմերի եւ տնկանյութի հավաստագրման վերաբերյալ կարգավորումները, որի 7-րդ մասի համաձայն՝ «Լիազոր մարմինն իրականացնում է հավաստագրված սերմեր եւ տնկանյութ արտադրողների, ներկրողների եւ արտահանողների հաշվառում:»:

Նշված հոդվածի «հավաստագրված սերմեր եւ տնկանյութ» ձեւակերպումը կարող է առաջացնել իրավական շփոթ, քանի որ «հավաստագրված տնկանյութ» հասկացությունը՝ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում սահմանված հասկացություն համաձայն ենթադրում է տնկանյութի տեսակ, Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ տնկանյութի կարգ, ինչպես նաեւ տնկանյութի հավաստագրված լինելու հանգամանք:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերին, 9-րդ հոդվածի վերնագրին, 1-ին, 2-րդ եւ 7-րդ  մասերին, 12-րդ հոդվածի 1-ին մասին:

13.  Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվում է «պարտադիր հավաստագրում» հասկացությունը, միաժամանակ՝ հարկ է նկատել, որ նույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում կրառված է «հավաստագրում» հասկացությունը: Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերն որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

14.  Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրված սերմերի եւ տնկանյութի որակի եւ քանակի պահպանությունը, իսկ քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաեւ մարդկանց, կենդանիների առողջության եւ շրջակա միջավայրի անվտանգությունը:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալ.

Մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաեւ մարդկանց, կենդանիների առողջության եւ շրջակա միջավայրի անվտանգության ապահովման պահանջի սահմանումը, միեւնույն ժամանակ քիմիական եւ կենսաբանական միջոցներով մշակված տնկանյութի վերաբերյալ նման պահանջի բացակայությունը: 

15.  Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում համաձայն՝ «Սերմեր եւ տնկանյութ իրացնողները պարտավոր են՝

(…)

2) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել եւ պահպանել իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող եւ քանակությունները հավաստող փաստաթղթերը.»:

Իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հինգ» բառից առաջ լրացնել «սերմերի համար» բառերը, քանի որ քննարկվող կարգավորումից բխում է, որ 5 տարի ժամկետը սահմանված է սերմերի համար: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետին:

16.  Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Սերմեր եւ տնկանյութ արտադրողները՝

(…)

2) կարող են սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման եւ դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում գրանցման հայտ ներկայացնել,»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերն ու հիբրիդները եւ տնկանյութի այն ձեւերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում եւ գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում:»:

Նշված կարգավորումից բխում է որ տնկանյութի ձեւերը եւս կարող են անցնել տնտեսական արդյունավետության պետական փորձարկում եւ գրանցվել օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում: Հետեւաբար հասկանալի չէ սերմեր եւ տնկանյութ արտադրողների համար  միայն սորտերի կամ հիբրիդների տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման եւ դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում գրանցման հայտ ներկայացնելու իրավունքի սահմանումը՝ բացառելով տնկանյութի տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման եւ դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում գրանցման հայտ ներկայացնելու իրավունքը:

17.  Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Սերմեր եւ տնկանյութ արտադրողները՝

(…)

3) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի եւ տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնել:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Քանի որ սերմեր եւ տնկանյութ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի եւ տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնելը թվարկված է իրավունքների շարքում, առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում ապահովել համապատասխան ստորոգյալի առկայությունը իրավական որոշակիության ապահովման նպատակով: Սույն առաջարկը հիմնավորվում է քննարկվող իրավունքի սահմանումն առավել հասկանլի դարձնելու հանգամանքով: 

18.  Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասում «1-ին կետի 2-րդ ենթակետով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի 2-րդ կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ այն է՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

19.  Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլտվության պահանջները: Մասնավորապես՝ «Մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝

1) սերմերը եւ տնկանյութը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների եւ սորտափորձարկման նպատակների համար, որը հավաստվում է արտադրող կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան փաստաթղթով.

2) ներմուծվող սորտը կամ հիբրիդը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում եւ ներկայացվում են սերմերի եւ տնկանյութի խմբաքանակի սորտի պատկանելիության եւ որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության կողմից տրամադրված հավաստագրերը:»:

Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:»:

Հարկ ենք համարում նշել, որ հասկանալի չէ՝ Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի միայն 2-րդ կետում նախատեսված մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլտվության պահանջի խախտման նկատմամբ պատասխանատվության սահմանումը:

20. Նախագծի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ գլխուները պարունակում են միայն մեկ հոդված: Հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված է՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:»:

21.  Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «1. Հավաստագրված սերմերի եւ տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող եւ հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում հետեւյալ յուրաքանչյուր դեպքերում, եթե՝

(…)

3) հավաստագիրը տրվել է հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների եւ նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներով:»: 

Կարծում ենք՝ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «տնկարանային արտադրության» բառերն անհրաժեշտ է փոխարինել «տնկարանային արտադրության հերթագայության» բառերով հետեւյալ հիմնավորմամբ.

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված է «տնկարանային արտադրություն» հասկացությունը, այն է՝ «տարբեր մեթոդների եւ եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ.», իսկ 16-րդ կետում «տնկարանային արտադրության հերթագայություն» հասկացությունը՝ «բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի սերմերի արտադրության եւ հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների եւ երաշխավորությունների համալիր.»: Հարկ է նկատել, որ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում թվարկված է փաստաթղթերի ցանկ, որոնց պահանջների խախտմամբ հավաստագրի տրամադրումը հանգեցնում է պատասխանատվության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար: Կարծում ենք՝ նշված փաստաթղթերի շարքում տարբեր մեթոդների եւ եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտի ներառումը խնդրահարույց է, քանի որ, հասկանալի չէ տարբեր մեթոդների եւ եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտի պահանջների շրջանակը, որոնց անհամապատասխանության դեպքում ֆիզիակական կամ իրավաբանական անձը կենթարկվի պատասխանատվության:

22.   Նախագծի  5-րդ գլուխը վերնագրված է «ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ», մինչդեռ այն ներառում է նաեւ սերմերի եւ տնկանյութի մասին օրենքը խախտելու համար պատասխանատվության վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկում ենք Նախագծի 5-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:»:

23.  Նախագծի 15-րդ հոդվածում 1-ին մասին հաջորդում է 3-րդ մասը, առաջարկում ենք ապահովել քննարկվող հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը:

24.  Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված «Սերմերի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

25.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում է մեկ լրացում, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

Միաժամանակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք հանել չակերտները:

26.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

27.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ՀՈԴՎԱԾ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Հոդված» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:», ինչպես նաեւ 34-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 1103-րդ հոդվածին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներին, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներին:

28.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «1103-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «110.3-րդ» ձեւակերպմամբ:

29.   «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 1103-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ «Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում չգրանցված սորտերի եւ տնկանյութի ձեւերի Հայաստանի Հանրապետության տարածքում ներմուծումը, օգտագործումը եւ բազմացումը առաջին անգամ արձանագրելիս

առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո 18 ամսվա ընթացքում խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում՝ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերն ու հիբրիդները եւ տնկանյութի այն ձեւերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում եւ գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի եւ հիբրիդների ցանկում:»: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:»

Հարկ է նկատել, որ հիմնական պատասխանատվություն սահմանող ակտում՝ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում, Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման եւ հետագա բազմացման նպատակով թույլատրվում են նաեւ հիբրդիների ձեւերը: Մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 1103-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված օգատգործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում չգրանցված միայն սորտերի եւ տնկանյութի ձեւերի Հայաստանի Հանրապետության տարածքում ներմուծման, օգտագործման եւ բազմացման համար:

30.  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կատարված «Օրենսգրքի 2381-րդ հոդվածում» հղումն անորոշ է: Նշված հղման կիրառման հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին կատարված հղման մեջ նշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կրճատ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:», ինչպես նաեւ 17-րդ հոդվածի 6-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:»: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսնակյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթում ներառված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.03.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

31.03.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է համակողմանի կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սերմերի եւ տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ հանրապետությունում կկարգավորվի տնկարանային արտադրությունը եւ կարտադրվի հավաստագրված տնկանյութ, ինչն էլ կնպաստի պտղահատապտղային այգիների ավելացմանը եւ համապատասխան արտադրության արդյունավետության բարձրացմանը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

18.03.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդունել «Սերմերի եւ տնկանյութի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, եւ փոփոխություններ ու լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» եւ  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթի ներկայացմամբ հեղինակն առաջարկում է հիմնովին կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սերմերի եւ տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, իսկ Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ կկարգավորվի տնկարանային արտադրությունը եւ կարտադրվի հավաստագրված տնկանյութ, դրանով պայմանավորված՝ կնպաստի պտղատու եւ հատապտղային այգիների ավելացմանը եւ համապատասխան արտադրության արդյունավետության բարձրացմանը:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական,  առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

      Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 513-270, 12-70)

23.03.2022թ.