ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-196-14.03.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-196-14.03.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

04.04.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, այն է՝ «Հայաստանի Հանրապետության» բառերը նշել «անտառային» բառից առաջ:

2.   Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ «ե2»-րդ կետում կիրառվում է «կայուն անտառակառավարում» եզրույթը, մինչդեռ Օրենսգրքում կիրառվում է «անտառների կայուն կառավարում» եզրույթը: Առաջարկում ենք առաջնորդվել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով եւ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն եզրույթը:

3.   Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ «ե4»-րդ կետով սահմանվում է, որ պետական կառավարման մարմնի իրավասություններից է. «անտառակառավարման ազգային տեղեկատվական համակարգի վարման կարգի հաստատումը»: Օրենսգրքում բացակայում են անտառակառավարման ազգային տեղեկատվական համակարգի վերաբերյալ կարգավորումները, հետեւաբար, կարծում ենք՝ անհրաժեշտ է դրա վարման կարգը հաստատելուց առաջ սահմանել՝ թե ինչպես եւ ում կողմից է այն ստեղծվում, ինչպես նաեւ՝ թե ինչ տեղեկատվություն է պահվում այդ համակարգում եւ ինչով է այն տարբերվում անտառային պետական կադաստրից:

4.Նախագծի 8-րդ հոդվածով սահմանված է. «45-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անտառահատման տոմսը եւ անտառային տոմսը հատուկ հաշվառման ենթակա փաստաթղթեր են»:»: Հիմք ընդունելով Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածում «6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերով: Միաժամանակ առաջարկում ենք «45-րդ հոդվածի» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի» բառը՝ հիմք ընդունելով Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի»:

5. Նախագծի 9-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:

Միաժամանակ նշենք նաեւ, որ Օրենսգրքի՝ Կառավարության իրավասությունների շրջանակը սահմանող 6-րդ հոդվածի «ը» կետով սահմանված է անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտեր ընդունելու լիազորություն: Նախագծով կատարվող
փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Օրենսգրքով Կառավարությանը հստակ լիազորվում է ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»: Այսինքն՝ Կառավարությունը հստակ պետք է լիազորվի ընդունել Օրենսգրքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, իսկ լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բավականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունն ու սահմանները հասկանալու համար: Մինչդեռ Օրենսգրքի 6-րդ հոդվածի «ը» կետը Կառավարությանը լիազորում է ընդունել անորոշ շրջանակի իրավական ակտեր: Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք՝ Կառավարության կողմից ընդունվող հնարավոր ենթաօրեսնդրական նորմատիվ իրավական ակտերի համար առանձին սահմանվող լիազորող նորմերի առկայության պարագայում բացակայում է Օրենսգրքի 6-րդ հոդվածի «ը» կետով սահմանվող անորոշ իրավասության անհրաժեշտությունը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

04.04.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248)

04.04.2022թ.
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով Անտառային օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը, ինչպես նաեւ լիազորող նորմեր սահմանել առաջիկայում պլանավորված մշակվելիք իրավական ակտերի համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են: Բացի այդ, կան նաեւ մշակման ենթակա իրավական ակտեր (Կառավարության որոշումներ, լիազոր մարմնի հրամաններ), որոնց ընդունման համար եւս բացակայում են լիազորող նորմերը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

22.03.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայումս անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են: Կան նաեւ մշակման ենթակա իրավական ակտեր (Կառավարության որոշումներ, լիազոր մարմնի հրամաններ), որոնց ընդունման համար եւս բացակայում են լիազորող նորմերը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ներկայացված «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Անտառային օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը, ինչպես նաեւ լիազորող նորմեր սահմանել առաջիկայում պլանավորված մշակվելիք իրավական ակտերի համար:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում 

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

25.03.2022թ.