ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-207-23.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-207-23.03.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
13.04.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե վարչական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարումը կամ որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան ծանուցումն ստանալու փաստով:»: Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաեւ հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:»: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի մասերում կիրառված է «պատվիրված նամակ» եզրույթը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Այս նորմի հաշվառմամբ՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածում եւ Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառվող հասկացությունների միատեսակությունը: Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 4-րդ մասում փոստային առաքման միջոցով ծանուցումն իրականացնելու հասցեները նշված են, իսկ պատվիրված նամակով ծանուցման դեպքում՝ համանման կարգավորումը բացակայում է: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 14-րդ մասում նշված է հետեւյալը՝ «Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է վարչական վարույթում առկա այլ հասցեներով:»: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված)»: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 35-րդ հոդվածի 14-րդ եւ 15-րդ մասերի համադրված վերլուծությունից բխում է, որ պատվիրված նամակով ծանուցման համար հետադարձ հավաստումը ստանալու համար նախատեսված է երկշաբաթյա ժամկետ, իսկ վերջինս չստացվելու պարագայում ծանուցումն ուղարկվում է այլ հասցեներով, զուգահեռ տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որից հետո՝ հինգերորդ օրն անձը համարվում է պատշաճ ծանուցված: Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:»: Նորմից հետեւում է՝ վարչական վարույթի իրականացման համար կարող է սահմանվել ավելի կարճ՝ հատուկ ժամկետ: Օրենքով վարչական մարմնի վրա դրված է պարտականություն գործի քննությունն իրականացնել Օրենքով սահմանված ժամկետում, իսկ համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության, գործի հանգամանքների բավարար չափով պարզաբանված եւ ճշգրտված լինելու դեպքերում հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն: Հետեւաբար՝ առաջարկում ենք վարչական վարույթի հատուկ (կարճ) ժամկետի պարագայում պատվիրված նամակի առնչությամբ վերը քննարկվող ժամկետների կանոնը վերանայել, որպեսզի խնդրահարույց չլինի վարչական մարմնի համար՝ գործի քննությունն այդ ժամկետում իրականացնելու տեսանկյունից: 3. Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ 1) Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում է միայն փոփոխություն Օրենքի 35-րդ հոդվածում: 2) Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը, քանի որ առաջին իսկ կիրառումից հետո նախատեսված կրճատ տարբերակը Նախագծում այլեւս չի գործածվում: 3) Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելիս առաջարկում ենք ներառել նաեւ տվյալ հոդվածի վերնագիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 12.04.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 12.04.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վերաշարադրել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 35-րդ հոդվածը, որով նորովի է կարգավորվում վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը, մասնավորապես՝ սահմանվում է դրույթ, համաձայն որի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որտեղ ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն՝ անձն այլեւս կհամարվի պատշաճ ծանուցված: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-668) 30.03.2022թ.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Համաձայն իրավական կարգավորումների, վարչական վարույթները հարուցվում են սույն օրենքով նախատեսված հիմքերով, ինչի նպատակն, ըստ էության, վարչական ակտի ընդունումն է, որի վերաբերյալ վարչական մարմինները պարտավոր են օրենքով սահմանված կարգով ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին, օրենքով սահմանված իրավունքները եւ ազատությունները պահպանելու համար: Մինչդեռ, ըստ հեղինակների, վարչական վարույթի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ որոշակի խոչընդոտներ, մասնավորապես՝ վարչական վարույթի մասնակցի բացակայություն եւ վերջինիս պատշաճ ծանուցման անհնարինություն: Խոչընդոտներ են առաջանում նաեւ հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում, երբ գործի քննությունն իրականացնող իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով կրում է պարտականություն՝ գործի քննությունն իրականացնել միայն իրավախախտում կատարած անձանց՝ գործի քննության տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցումն ապահոված լինելու պայմաններում: Ներկայացված Նախագծով հեղինակներն առաջարկում են 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն Օրենքի 35-րդ հոդված շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ այն դեպքերում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն, կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ, ծանուցումը հնարավորություն լինի տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նախագծի ընդունմամբ, հեղինակներն ակնկալում են, որ կկարգավորվի վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը: Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը կտեղադրվի նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որտեղ ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն՝ անձն այլեւս կհամարվի պատշաճ ծանուցված: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի նվազեցում՝ ծանուցումների եւ օգտագործվող գրասենյակային պիտույքների ձեռքբերման համար: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 28.03.2022թ.
|