ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-210-24.03.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-210-24.03.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

07.04.2022թ. 
 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»:

2.   Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված եզրակացության մեջ միջազգային պայմանագրով տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

07.04.2022թ.
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք՝ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 10-րդ հոդվածում սահմանված է կողմերի համար փոխադարձության սկզբունքով օդային փոխադրումներում ընդգրկված օդանավի շահագործմանը կամ սպասարկմանն ուղղված կամ միայն այդ նպատակներով օգտագործվող ապրանքների բոլոր ներկրման սահմանափակումներից, գույքային հարկերից եւ կապիտալի գանձումներից, մաքսատուրքերից, ակցիզային հարկերից եւ համանման հարկերից ու տուրքերից ազատման արտոնություն:  Մինչդեռ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում սահմանված է միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի՝ լիցքավորման համար անհրաժեշտ վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի եւ ուղեւորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարումը, եւ սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, միջազգային երթուղիներով փոխադրվող ուղեւորների, ուղեբեռների, բեռների եւ փոստի սպասարկման աշխատանքների կատարումը եւ (կամ) ծառայությունների մատուցումը, փոխադրման ընթացքում ուղեւորներին ծառայությունների մատուցումը որպես ավելացված արժեքի հարկի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքներ: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում նախատեսված է միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի որոշակի գործարքներ միայն ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկելու կանոն: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է՝ «Հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կառաջանա համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն:

Հարկ ենք համարում նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին, եւ, համաձայն Կառավարության տեղեկանքի, համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագծեր»:

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Ն.Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

07.04.2022թ.
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական Միության եւ դրա անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2021թ. նոյեմբերի 15-ին, Բրյուսելում: Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` նպատակ ունենալով ապահովելու շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, խտրականության բացառմամբ եւ միեւնույն կանոնների պահպանմամբ, այդ թվում` թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության կառավարման, մրցակցության, սոցիալական, շրջակա միջավայրի ոլորտներում: Համաձայնագրի կնքման արդյունքում կողմերի ավիափոխադրողների միջեւ ստեղծվելու են մրցակցային ազատ պայմաններ, ինչի նպատակով իրականացվել է իրավական դաշտի մոտարկում: 

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված եզրակացության համաձայն, Համաձայնագրի 10-րդ հոդվածով սահմանված մի շարք հարկային եւ մաքսային արտոնոությունները կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, իսկ 16-րդ եւ 24-րդ հոդվածների մի շարք դրույթներ կարող են հանգեցնել  ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

04.04.2022թ.
 





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որի նպատակն է Կողմերի միջեւ շուկայի աճող հասանելիության, ավիափոխադրողների սեփականության իրավունքի եւ վերահսկողության ազատականացման, արդար եւ հավասար մրցակցային պայմանների, ոչ խտրական մոտեցման եւ միասնական պայմանների վրա հիմնված, ներառյալ՝ թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության կառավարման, սոցիալական հայեցակետերի եւ շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծումը:

Ակնկալվում է, որ Համաձայնագրի վավերացմամբ եւ ուժի մեջ մտնելով Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ, ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ եւ ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաեւ հետագա համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում: Միաժամանակ ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առեւտրի, զբոսաշրջության, ներդրումների եւ առհասարակ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

31.03.2022թ.