ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ`  Կ-219-30.03.2022-ՊԻ-011/0), «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2191 -30.03.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2192 -30.03.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2193 -30.03.2022-ՊԻ-011/0), «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2194 -30.03.2022-ՊԻ-011/0) եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2195 -30.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-219-30.03.2022-ՊԻ-011/0), «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2191 -30.03.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2192 -30.03.2022-ՊԻ-011/0), «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2193 -30.03.2022-ՊԻ-011/0), «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2194 -30.03.2022-ՊԻ-011/0) եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2195 -30.03.2022-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

21.04.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ նաեւ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 27-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Կուսակցության տարեկան հաշվետվության ձեւը, դրա լրացման եւ հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաեւ տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Նախագծում բացակայում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվող կուսակցության տարեկան հաշվետվության ձեւի, դրա լրացման եւ հրապարակման կարգի, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկի, ինչպես նաեւ տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կարգի ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ անցումային դրույթները: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

(…)

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծում անցումային դրույթով նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 28-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվող ցանկի, ձեւաթղթի եւ ժամկետների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետներին, ինչպես նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածում լրացվող նոր 16-րդ մասում կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգի ընդունման նախատեսվող ժամկետին:

2.  Նախագծի 2-րդ հոդվածին հաջորդում է 2-րդ հոդված: Ուստի առաջարկում ենք ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի հոդվածների համարակալման հաջորդականությունը:

3.  Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվում է նոր երրորդ նախադասություն, որի համաձայն՝ «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթը կազմակերպում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ իր որոշմամբ սահմանված կարգով»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Օրենքում եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում բացակայում են բաց մրցույթի իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, օրինակ՝ այնպիսի կառուցակարգային հարցեր, ինչպիսիք են՝ բաց մրցույթը չկայացած համարաելու դեպքերը, նոր մրցույթ անցկացնելու հիմքերը, բաց մրցույթի արդյունքների բողոքարկման վերաբերյալ կարգավորումները եւ այլն: 

Հիմք ընդունելով Սահմանադրության 75-րդ հոդվածում սահմանված իրավակարգավորումը, այն է՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:», բաց մրցույթի անցկացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, կարծում ենք՝ պետք է սահմանված լինեն օրենքով: Մինչդեռ քննարկվող փոփոխությամբ բաց մրցույթի վերաբերյալ կարգավորումները սահմանվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: 

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ օրենքները որոշակիացնում են սահմանադրական իրավունքների իրականացման կարգը, սահմանում են լրացուցիչ երաշխիքներ դրանց համար: Օրենսդիր իշխանության դերը այս հարցում հատկապես կարեւոր է, քանի որ մարդու իրավունքների ապահովման, պաշտպանության հետ կապված գրեթե բոլոր հարցերի կարգավորումը վերապահված է օրենքներին: Ընդ որում, որպես կանոն, բացառապես օրենքներով են սահմանվում մարդու իրավունքներն իրականացնելու, պաշտպանելու պայմանները եւ կարգը, իրավունքների սահմանափակումները: Այս համատեքստում Սահմանադրությունը ամրագրում է հանրային իշխանության պարտականությունը, որը առաջին հերթին վերաբերում է օրենսդիր մարմնին. հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր: 

Բոլոր դեպքերում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքը կամ իրավունքի սահմանափակումը կարող է նախատեսված լինել կամ Սահմանադրությամբ, կամ օրենքով, կամ միջազգային պայմանագրով, այլ ոչ թե այլ իրավական ակտով։ Այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ (ՍԴՈ–1137, 4 փետրվարի, 2014 թ.): 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): 

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Այսպիսով՝ բաց մրցույթի անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, կարծում ենք՝ պետք է սահմանվեն օրենքով, այլ ոչ թե լինեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի դաշտում: Բաց մրցույթի վերաբերյալ կարգավորումները օրենքում պետք է լինեն բավարար չափով հստակ, որոշակի եւ կանխատեսելի, ներառեն սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների շրջանակը: Աուդիտորական կազմակերպությունները պետք է հնարավորություն ունենան բաց մրցույթին մասնակցության դեպքում կողմնորոշվելու, թե ինչ իրավական նորմեր են կիրառվում նրանց նկատմամբ, որպեսզի կարողանան դրսեւորել հապատասխան վարքագիծ: 

Հիքմ ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող նոր երրորդ նախադասությամբ սահմանված կարգավորումը՝ բաց մրցույթի սուբյեկտների իրավունքների եւ պարտականությունների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում օրենքի 40.2-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասում սահմանված նոր մրցույթի վերաբերյալ կարգավորմանը:

4.  Նախագծի 2-րդ (տրամաբանական հաջորդականությամբ 3-րդ) հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի նաեւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրերին:

5.  «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«7. Սույն օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամները մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2021 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը»:

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ այդ օրենքով նախատեսված՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամները մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացում 2021 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի` նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի համաձայն`« (...)2. Նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

(...)

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

 (...)

8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:(...)»:

Այսպիսով՝ նորմատիվ իրավական ակտերի անցումային դրույթներով նախատեսվում են պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս ընդունված եւ ուժի մեջ մտած իրավական ակտերի կարգավորումների անցումային կիրարկումն ապահովել որոշակի ժամանակահատվածում: Հիմք ընդունելով նշվածը՝ կարող ենք եզրակացնել, որ նորմատիվ իրավական ակտերի անցումային կիրարկման նպատակով նախատեսված դրույթները կարող են լրացման եւ փոփոխության ենթարկվել մինչեւ նշված դրույթների իրացման համար նախատեսված վերջնաժամկետը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված օրենքների նախագծերով՝ այլ օրենքների՝ արդեն իսկ իրացման վերջնաժամկետը լրացած անցումային դրույթներում կատարվող լրացումներին եւ փոփոխություններին:

 Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում նախատեսված չէ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմինների անդամների Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ պարտականությունը, այդ կարգավորումները նախատեվում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարվող լրացումներով եւ փոփոխություններով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի՝ առաջարկում ենք հստակեցնել դրույթը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7-րդ մասին:

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 8-րդ մաս. 

«8. Կուսակցությունները սույն օրենքի 20-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ 2021 թվականի հաշվետու տարվա վերաբերյալ իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները հրապարակում են մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 15-ը:»:

Հարկ է նկատել, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում այդ օրենքը ընդունելիս նախատեսված է եղել կարգավորում, որի համաձայն՝  կուսակցությունները 2021 թվականի իրենց տարեկան հաշվետվությունները 2022 թվականին ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով՝ հղում կատարելով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացված կարգավորումներում նախատեսված ընդհանուր ժամկետներին: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում լրացում կատարելիս փոփոխություն կատարել նաեւ 5-րդ մասում՝ հստակեցնելով հղումը եւ բացառելով նորմատիվ իրավական ակտում իրավական նորմերի անհիմն կրկնությունը եւ ներքին հակասությունը:

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 9-րդ մաս.

«9. Սույն օրենքի 22-րդ հոդվածով լրացվող՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված՝ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխան հայտարարագրերը ներկայացնում են մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը»:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-6-րդ մասերը ենթարկվում են փոփոխության:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ  «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքն ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով։

3? Սույն օրենքն ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող՝ գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրի, պաշտոնը ստանձնելու եւ դադարեցնելու հայտարարագրերի ձեւանմուշները։

4. Սույն օրենքն ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածին եւ սույն օրենքին համապատասխան, հաստատում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը եւ նրանց ներկայացվող պահանջները։

5. Սույն օրենքն ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվության ձեւը եւ դրա լրացման կարգը։

6. Սույն օրենքն ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսվող՝ 40.1-ին հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը եւ ձեւաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 2020 թվականի հունիսի 12-ի 91-Ն եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2020 թվականի հունիսի 12-ի 04-Ն համատեղ որոշման մեջ։»:

 Հարկ է նկատել, որ նախ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-6-րդ մասերում «հունվարի 1-ը» «մայիսի 1-ը» ժամկետով փախարինելիս փոփոխություն է կատարվում արդեն իսկ իրացված անցումային դրույթներում, բացի այդ, օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու ժամկետը հաշվի առնելով, կարող ենք նշել, որ սույն փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2022 թվականի մայիսի 1-ից հետո: Միաժամանակ՝ անհրաժետ է նշել, որ նախատեսված ժամկետների պահպանման հնարավորության բացակայության պարագայում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասի ուժով կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխան հայտարարագրերը մինչեւ 2022 թվականի մայիսի 31-ը ներկայացնելու պարտականություն են ունենալու, չնայած օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կանոն հանդիսացող մեկամսյա ժամկետի առկայությանը: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվում է, որ մինչեւ 2022 թվականի մայիսի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող՝ գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրի, պաշտոնը ստանձնելու եւ դադարեցնելու հայտարարագրերի ձեւանմուշները։

6. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ հոդվածով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ.

«3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացվում է կուսակցության կողմից «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովին տրամադրելուց հետո, բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Բաց մրցույթն անցկացվում է մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվելուց ոչ շուտ, քան 14 օր հետո, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել բաց մրցույթի անցկացման՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետի համեմատ առավել կարճ ժամկետ: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում սույն օրենքով եւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել»:

Սույն եզրակացությամբ արդեն իսկ անդրադարձ է կատարվել բաց մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ դրույթները օրենսդրական մակարդակում հստակ եւ որոշակի նախատեսելու անհրաժեշտությանը: Հաշվի առնելով նշվածը եւ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նոր մրցույթ հայտարարվելու դեպքում (հարկ է նկատել, որ նոր մրցույթ անցկացնելու հիմքերը եւ ժամկետները չեն նախատեսվում օրենսդրական մակարդակում) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով եւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթին վերաբերող ժամկետները կարող են համապատասխանաբար հետաձգվել՝ առաջարկում ենք նաեւ նախատեսել՝ կուսակցությունների կողմից յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին հաշվետվությունը հրապարակելու պարտականության ժամկետը  (հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ից ոչ ուշ) հետաձգելու հնարավորություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով նախատեսված դեպքերում՝ պետք է հրապարակվի նաեւ դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Սույն առաջարկը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով մարտի 31-ը որպես վերջնաժամկետ նախատեսելիս հաշվի են առնվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված վերջնաժամկետները:

7. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 10-րդ մասում կատարել լրացում, ինչի արդյունքում վերջինս ունենում է հետեւյալ տեսքը. «Առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն»: Հարկ է նկատել, որ նշյալ լրացումը հանգեցնում է որոշ խնդիրների: Նախ՝ հասկանալի չէ, թե  ինչ համապատասխան որոշման մասին է նշված: Այսպես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 10-րդ մասում չկա որեւէ որոշման վերաբերյալ նշում, իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով կուսակցությունների տարեկան հաշվետվությունը ստուգելիս հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու համար ընթացակարգ նախատեսված չէ: Բացի այդ՝ վերը մեջբերված լրացման արդյունքում վերանում է նաեւ գործի նյութերը գլխավոր դատախազություն ուղարկելու համար նախատեսված որոշակի ժամկետը: Այսպես՝ գործող կարգավորմամբ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետի հաշվարկը սկսվում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտաբերելու պահից: Վերը մեջբերված լրացման արդյունքում ժամկետի հաշվարկը սկսվում է համապատասխան որոշումը կայացնելու պահից, մինչդեռ որոշման կայացման համար որեւէ ժամկետ սահմանված չէ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով կարգավորված չէ կուսակցությունների տարեկան հաշվետվությունը ստուգելիս հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում կայացվող որոշման հարցը, հասկանալի չէ, թե ինչ ժամկետում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարտավորվում կայացնել համապատասխան որոշումը, որից հետո միայն սկսվում է այդ որոշումը գլխավոր դատախազություն ուղարկելու ոչ ուշ, քան եռօրյա ժամկետի հաշվարկը: Վերոգրյալից բխում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված լրացման արդյունքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 10-րդ մասի պահանջը կարող է ոչ միանշանակ մեկնաբանվել: Հետեւաբար առաջարկում ենք հստակեցնել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 10-րդ մասում կատարվող լրացումը:

8.  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածում լրացվում է նոր 16-րդ մաս, որի համաձայն՝ «16. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը սահմանում է Հանձնաժողովը»:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

«Կուսակցությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ «Կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` սույն օրենքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Այսպես՝ «Կուսակցությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածում սահմանված կարգավորումից բխում է, որ ստուգման կարգը սահմանված է «Կուսակցությունների մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում: Մինչդեռ քննարկվող լրացմամբ ստուգման կարգի սահմանումը վերապահվում է Հանձնաժողովին: Եթե «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածում լրացվող նոր 16-րդ մասի՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը ենթադրում է ստուգման ընթացակարգային հարցերի սահմանում, ապա առաջարկում ենք «կարգ» բառը փոխարինել «ընթացակարգ» բառով՝ «Կուսակցությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի հետ հակասությունից խուսափելու նպատակով:

Հարկ է նկատել նաեւ, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածը բաղկացած է 14 մասերից: Հետեւաբար առաջարկում ենք վերոնշյալ լրացումը կատարել 15-րդ մասի տեսքով՝ ապահովելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը:

9.  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով նախատեսվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների՝ 2021 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացվում է մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ը»: Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «(…) Յուրաքանչյուր տարվա համար պետական ընդհանուր ֆինանսավորումը կուսակցություններին տրամադրվում է կիսամյակային սկզբունքով, բայց ոչ շուտ, քան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումը (…)»: Վերոգրյալ դրույթների վերլուծությունից բխում է, որ 2022 թվականին պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների ֆինանսավորումն իրականացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 31-ից հետո, այսինքն՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ստուգելուց հետո, ինչի արդյունքում Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ֆինանսավորման կիսամյակային սկզբունքը չի պահպանվում: Հետեւաբար, կարծում ենք՝ անհրաժեշտ է նախատեսել համապատասխան անցումային դրույթ 2022 թվականի պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների ֆինանսավորման առանձնահատկության վերաբերյալ:

10.  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 75-րդ հոդվածի, ինչպես նաեւ որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

21.04.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ՝ Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

21.04.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթն ուղղված է պահովելու «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության եւ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ եւ արդյունավետ իրականացումն ապահովող դրույթների ամրագրմանը: Բացի այդ, առաջարկվում է նաեւ աուդիտորական կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների եւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների հրապարակման, ինչպես նաեւ տարեկան հաշվետվությունների ստուգման՝ օրենքով նախատեսված ժամկետները հետաձգել երեք ամսով: 

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

06.04.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթվ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Գնումների մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքներում՝ նպատակ ունենալով կայունացնել կուսակցական համակարգը, ապահովել կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունն ու հրապարակայնությունը, քաղաքական գործունեության եւ բիզնեսի տարանջատումը եւ կանխարգելել քաղաքական կոռուպցիան:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ու լրացումների հիմնական նպատակն, ըստ հեղինակի, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) փոխանցելն է: 

Նախագծերի փաթեթում ներառված նախագծերով.
 

  •       «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում առաջարկվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները Հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը՝ աուդիտի կազմակերպման, ինչպես նաեւ կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը եւ դրանց ներկայացման ձեւաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով Հանձնաժողովին: Նմանատիպ իրավակարգավորմամբ կուսակցությունները յուրաքանչյուր տարվա հունվարին (բացառության 2022 թվականի) օրենքի ուժով Հանձնաժողովին պետք է ներկայացնեն Հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունները:
  •       «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում առաջարկվում են անցումային դրույթներով սահմանել որոշ ժամկետներ, որոնք հնարավոր չի եղել պահպանել (Հանձնաժողովը պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացնում է 15-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 15-ը: Նախագծով առաջարկվում է տարեկան հաշվետվությունների ստուգման համար սահմանել 30-օրյա ժամկետ՝ որպես վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը): Նախագծով առաջարկվում է տվյալ ժամկետները հետաձգել: 
  •       «Գնումների մասին» օրենքում: «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում դեռեւս 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարված փոփոխություններով Հանձնաժողովին վերապահվել է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը: Ըստ այդմ, տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթով, իսկ աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի եւ նրանց ներկայացվող պահանջների սահմանումը վերապահվել է Հանձնաժողովին՝  բացառելով «Գնումների մասին» օրենքի կիրառությունը: Տարընթերցումներից եւ տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար առաջարկվում է Նախագծում հատուկ նշում կատարել այդ օրենքի գործողության՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով կնքվող աուդիտորական ծառայությունների մատուցման գործարքների վրա չտարածվելու մասին:
  •       «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելով նշվում է, որ տվյալ օրենքի դրույթները չեն տարածվում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով մրցույթի կազմակերպման հետ կապված հարաբերությունների վրա:


Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կապահովվի «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության եւ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ եւ արդյունավետ իրականացումը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

4.04.2022թ.