ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-225-04.04.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-225-04.04.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

25.04.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: (…)»: Մասնավորապես՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը նշել «հարկային» բառից առաջ:

2.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 78-րդ հոդվածում լրացվող 5.1-ին մասի համաձայն՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինը ընդունում է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու եւ չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքերը, ինչպես նաեւ դրանց փոփոխման պայմանները եւ կարգը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ դրանք վճարվում են:»: 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված կարգավորման տրամաբանության համատեքստում առաջարկում ենք ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հիմքերը նախատեսել Օրենսգրքում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածին հղում կատարելու փոխարեն: 

Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենսգրքի 99-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասով եւ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող 2.1-ին կետով ակցիզային հարկի եւ բնապահպանական հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հիմքերի դեպքում եւս հղում է կատարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածին: Նկատենք, որ Օրենսգրքի 87-րդ հոդվածում թվարկված են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները, իսկ Օրենսգրքի 164-րդ հոդվածում սահմանված են բնապահպանական հարկով հարկման օբյեկտները, մասնավորապես՝ այդ ցանկում է շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը: Այսպես, կարծում ենք, որ քննարկվող հարկատեսակների գծով հետաձգման կամ տարաժամկետ վճարման հետ կապված հիմքերը նպատակահարմար է սահմանել Օրենսգրքում՝ հաշվի առնելով ակցիզային հարկով եւ բնապահպանական հարկով հարկման ենթակա օբյեկտների վերը նշված առանձնահատկությունները:

3.  Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 78-րդ հոդվածում լրացվող 5.1-ին մասում առաջարկում ենք «օրենսգրքով» բառը գրել մեծատառով՝ հաշվի առնելով  Օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

4.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Տվյալ նորմը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետում հստակեցնել հղումը՝ նշելով նաեւ Օրենսգրքի 181-րդ հոդվածի համապատասխան մասը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերում կատարվող հղումներին:

5.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»: Տվյալ նորմը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացվող «ա.1»-ին ենթակետը եւ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում լրացվող «ա.1»-ին ենթակետը տեքստից բաժանել միջակետերով:

Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետում «ա.1» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «ա.1-ին» գրելաձեւով՝ հիմք ընդունելով դասական թվականների հիշատակման կանոնը:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետին:

6.  Նախագծի 6-րդ հոդվածում սահմանված է՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ներմուծումների նկատմամբ: (…)»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:»:

Մեջբերված նորմի տրամաբանության համատեքստում առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածից հանել «եւ կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ներմուծումների նկատմամբ» բառերը. տվյալ ակտով այլ բան նախատեսված չլինելու պարագայում համապատասխան նշման բացակայության պարագայում եւս հասկանալի է, որ Նախագծի դրույթների գործողությունը տարածվելու է դրանց ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

25.04.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

25.04.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել  համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի գումարների վճարման ժամկետների հետաձգման կամ տարաժամկետ վճարման, դրանց պայմանների եւ կարգի, ինչպես նաեւ ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների հաշվանցումների (պակասեցումների) վերաբերյալ:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

Նախագծի հիմնական նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունների սահմանումն է՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը կատարվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձեւով»: Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, որպես հարկեր,  սահմանվում են միայն ավելացված արժեքի հարկը եւ ակցիզները (ակցիզային հարկ կամ ակցիզային վճար), որոնք գանձվում են Միության մաքսային տարածք՝ ապրանքներ ներմուծելու դեպքում: Մինչդեռ, Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ առաջարկվում է վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություն սահմանել նաեւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գծով: Կարծում ենք, որ այս առումով առաջանում է հակասություն, քանի որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով բնապահպանական հարկը ներառված չէ հարկերի ցանկում եւ, հետեւաբար, դրա գծով չեն կարող սահմանվել վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորություններ:

Եզրահանգում

Նախագիծը լրամշակման կարիք ունի՝ հաշվի առնելով սույն եզրակացության մեջ ներկայացված նկատառումները:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

15.04.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք), որի նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:

Ներկայումս Օրենսգրքով «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկվում ու վճարվում է ԱԱՀ, ակցիզային հարկ` ակցիզային հարկով հարման ենթակա ապրանքերի եւ բնապահպանական հարկ` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար: Ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկի գումարների վճարման ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասով` առանձին հոդվածներով:

Ապրանքների ներմուծման մասով հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքեր, ինչպես նաեւ դրանց փոփոխման պայմաններ եւ կարգ Օրենսգրքով սահմանված չեն: Նախագծի ընդունման դեպքում, «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` մասնավորապես, ԱԱՀ, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության կսահմանվի:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

11.04.2022թ.