ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-230-07.04.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-230-07.04.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
27.04.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դիմումով» բառից հետո լրացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը: Հարկ է նկատել, որ Օրենքի որեւէ դրույթով սահմանված չէ հավատարմագրման դադարեցման ընթացակարգ եւ հստակ կարգավորումներ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է հստակեցնել հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ կամայականություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք Օրենքի 6-րդ հոդվածում հավատարմագրման դադարեցման որոշակի հիմքեր սահմանել՝ առանձնացնելով հավատարմագրող պետական մարմնի կողմից եւ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով հավատարմագրումը դադարեցնելու հնարավոր դեպքերը: Սույն առաջարկը բխում է հավատարմագրման դադարեցման հստակությունը լիարժեք ապահովելու անհրաժեշտությունից: 2. Նածագծի 2-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «օրվանից» բառից հետո դրված չակերտը:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին հակասող նորմեր առկա չեն:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248) 27.04.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248) 27.04.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասի «դիմումով» բառից հետո լրացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը, որի արդյունքում գործող օրենքի նշված մասը կունենա հետեւյալ տեսքը. «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից»: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ ենք համարում նշել, որ համաձայն Նախագծի հիմնավորման. « պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը:», սակայն ինչպես առաջարկվող լրացման մեջ, այնպես էլ Օրենքում «ներքին կանոնների խախտման դեպքեր»-ը սահմանված չեն (ինչն առաջարկում ենք ավելացնել): Մյուս կողմից, Նախագծով առաջարկվող լրացումն, ըստ էության, օրգանական կապ չունի Օրենքի տվյալ նորմի հետ, քանի որ լրագրողների հավատարմագրման դադարեցումը, այսպես թե այնպես, կատարում է պետական մարմինը, ուստի այս ակնհայտ հանգամանքի ավելացումը «նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» արտահայտությունը մեխանիկորեն հավասարեցնում է լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմքերին կամ դեպքերին: Այս կապակցությամբ առաջարկվող գաղափարը (բնականաբար՝ հավատարմագրման դադարեցման հիմքի տեսքով), կարծում ենք, ավելի նպատակահարմար կլինի ավելացնել Օրենքի ոչ թե 6-րդ հոդվածի 5-րդ մասում, այլ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերության մեջ:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի, սակայն խմբագրական եւ լրացման տեղի առումով, կարծում ենք, վերանայման անհրաժեշտություն է զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 11.04.2022թ.
1. Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Նախագծով առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դիմումով» բառից հետո լրացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը: Գործող իրավակարգավորմամբ (Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մաս), պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ըստ Նախագծի հեղինակների, մի կողմից պետական մարմինը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, մյուս կողմից՝ չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում: Նախագծով հեղինակները, լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, առաջարկում են սահմանել, որ պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: 2. Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես, առաջարկվող լրացմամբ հեղինակներն ակնկալում են պետական մարմիններում հավատարմագրված լրագրողների գործունեության դադարեցման հիմքեր սահմանել: Ըստ էության, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով արդեն իսկ ամրագրված են « լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով:»: Մեր կարծիքով, Նախագծով առաջարվող լրացումը հստակ հիմնավորված չէ, թե լրագրողին հավատարմագրած պետական մարմինը ի՞նչ հիմքերով կարող է դադարեցնել հավատարմագրումը եւ, ըստ էության, անհավասար պայմաններ ստեղծելով նույն պետական մարմնում հավատարմագրված եւ լրագրողական գործունեություն ծավալող լրագրողների մոտ:
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 12.04.2022թ.
|