ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-235-12.04.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-235-12.04.2022-ԳԿ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                   ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

03.05.2022թ. 



Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համապատասխանությունը ապահովելու նպատակով առաջարկում ենք հանել Նախագծի վերնագրից երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» եւ Նախագծի 1-ին հոդվածից «1999» թվին նախորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը։ 

Միաժամանակ առաջարկում ենք շտկել Նախագծի 1-ին հոդվածում առկա վրիպակը նշելով օրենքի ընդունման ամսաթիվը՝ այն է՝ ապրիլի 14-ը։

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով «Կրթության մասին» օրենքին հղում այլեւս չի կատարվում:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, ում պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է 1 տարուց ավելի: Սույն հոդվածում նշված անձինք, իրենց ցանկությամբ, կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»: Այսպես՝ նշյալ ձեւակերպումից բխում է, որ վերոնշյալ կարգավորումը հնարավորություն է տալիս միջնակարգ կրթություն ստանալ միայն այն դատապարտյալներին, ովքեր 19 տարեկանից բարձր տարիքի են, միջնակարգ կրթություն չունեն եւ Նախագծի ընդունման պահին նրանց՝ պատժից ազատման ժամկետը լրանալուն մնում է մեկ տարուց ավելի: Հարկ է նկատել, որ այս դեպքում կարգավորումից դուրս են մնում բոլոր այն դատապարտյալները, ում պատժից ազատման ժամկետի լրանալուն մնացել է մեկ տարուց պակաս: Հետեւաբար ստացվում է, որ չի իրագործվում Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշված ՝ միջնակարգ կրթություն ստանլու իրավունքը 19 տարին լրանալու պատճառով չիրացրած բոլոր դատապարտյալներին միջնակարգ կրթություն ստանալու իրավունքով ապահովելու նպատակը: Քանի որ չի լուծվում այն դատապարտյալների միջնակարգ կրթության հարցը, ում նկատմամբ չի տարածվում ո՛չ Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ սահմանված միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը՝ 19 տարին լրանալու պատճառով, ո՛չ էլ Նախագծով սահմանված առանձնահատկությունը՝ Նախագծի ընդունման պահին նրանց՝ պատժից ազատման ժամկետը մեկ տարուց պակաս լինելու պատճառով:

4. Նախագծի 1-ին հոդվածով «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասում լրացվող նոր պարբերության վերջին նախադասությամբ նշված է. «Սույն հոդվածում նշված անձինք, իրենց ցանկությամբ, կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»: Առաջարկում ենք նշյալ նախադասության մեջ «հոդվածում» բառը փոխարինել «պարբերությունում» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի կարգավորումները վերաբերում են ոչ միայն դատապարտյալներին, այլ ընդհանրապես բոլոր սովորողներին:

Միաժամանակ նշենք նաեւ՝ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում կարգավորումներ նախատեսել նաեւ «Հանրակրթության մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրեսնգրքում՝ նախատեսելով կարգավորումներ մինչեւ 19 տարեկան դատապարտյալների պարտադիր միջնակարագ կրթության, ինչպես նաեւ 19 տարեկանից բարձր տարիք դատապարտյալների՝ միջնակարգ կրթություն ստանալու համար անհրաժեշտ դիմում ներկայացնելու պարտականության եւ ժամկետի վերաբերյալ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

03.05.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

03.05.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագիծն ուղղված է ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացման պայմանների եւ հնարավորությունների ստեղծմանը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  կ

ատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

26.04.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Կրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք): Մասնավորապես, առաջարկվում է Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ չորրորդ պարբերությամբ.

«Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, ում պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է 1 տարուց ավելի: Սույն հոդվածում նշված անձինք, իրենց ցանկությամբ, կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»: 

Նախագծով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի եւ «Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960 թվականի դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի ուժով ապահովել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց (արդեն 19-ը տարին լրացած) կրթության իրավունքի իրացման իրական հնարավորությունը:

Գործող իրավակարգավորումամբ (Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մաս) ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Մինչդեռ, դատապարտյալների շրջանում բազմաթիվ են դեպքերը, որ դատապարտյալը, օրինակ, 35 տարեկան է, բայց ունի 2-րդ կամ 5-րդ դասարանի կրթություն: 

Նախագծի ընդունումն, ըստ հեղինակի, թույլ կտա սահմանել համապատասխան առանձնահատկություններ քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքի պատշաճ իրացման առումով եւ կապահովի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց՝ ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված՝ անձի կրթության իրավունքի իրական եւ արդյունավետ իրացումը: 

Այս համատեքստում հարկ ենք համարում մեջբերել Նախագծին կից հիմնավորման հետեւյալ միտքը. «2015 թվականից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 1-ը ազատազրկման ձեւով պատիժ կրող եւ/կամ կալանավորված անչափահասների հանրակրթությունը չի ապահովվել:», սակայն հիմնավորման հետագա տեքստում որեւէ խոսք չի գնում խնդրի պատճառների, դրանց վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների եւ կալանավորված թերի կրթությամբ անչափահասների ընդհանուր թվի  մասին:

Եզրահանգում

Նախագծով առաջարկվող լրացումը պայմանավորված է ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացման պայմանների եւ հնարավորությունների ստեղծմամբ, ինչը, կարծում ենք, կւոնենա սոցիալ-կրթական դրական ազդեցություն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

20.04.2022թ.