ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Զենքի շրջանառության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-237-18.04.2022-ՊԱ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Արմեն Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի շրջանառության մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-237-18.04.2022-ՊԱ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
11.05.2022թ. Իրավական փորձաքննության արդյունքները Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Զենքի շրջանառության մասին» օրենքի նախագծի՝ օրենքի կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածով նախատեսվում է, որ «1. Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի եւ մարտական շեղբավոր uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները եւ ուղղված է մարդու կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը: 2. Uույն oրենքի դրույթները տարածվում են նաեւ զենքի փամփուշտների եւ զինամթերքի շրջանառության վրա ( ):» Հարկ է նկատել, որ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծով Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաեւ մարտական զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունների կարգավորմանը վերաբերող օրենքը վերնագրված է «Զենքի շրջանառության մասին» օրենք, միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ նշված օրենքով կարգավորվում են զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել նաեւ «զենքի շրջանառություն» հասկացությունը եւ դրանում ներառել նաեւ զենքի արտադրությունը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի՝ նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը, եւ որոշակիության իրավական սկզբունքի ապահովման նպատակով: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա դրա առարկայի շրջանակներից: Նախագծի՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 2-րդ հոդվածում, ինչպես նաեւ 4-րդ հոդվածում սահմանվում են այնպիսի հասկացություններ, որոնք դուրս են «զենք» եւ «զինամթերք» հասկացությունների շրջանակից, մասնավորապես. «էլեկտրահարող սարք՝ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմնի պահանջներին եւ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող ատրճանակի նմանվող սարք, տայզեր, կայծային պարպիչ եւ այլ կրովի էլեկտրահարող սարք, որն ունակ չէ էլեկտրահարման արդյունքում ոչնչացնել կենդանի էակ եւ նախատեսված է կենդանի էակին ժամանակավորապես շարքից հանելու համար. գազային զենք՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված ատրճանակի կամ ռեւոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտներ կամ փչող (ցրող) սարք՝ նախատեսված կենդանի էակին ժամանակավորապես վնասազերծելու համար. վնասվածքային (տրավմատիկ) զենք՝ կենդանի էակին ժամանակավորապես շարքից հանելու համար նախատեսված սահմանափակ խոցման հրաձգային սարք. կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով ունակ չէ կրակել մարտական, ծառայողական, քաղաքացիական ակոսափող եւ ողորկափող զենքի համար նախատեսված փամփուշտներով կամ այլ լիցքերով եւ ոչնչացնել կենդանի էակ:»: Նախագծում ներառված են մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են զենքի շրջանառությանը, որնցում, սակայն, նախատեսվում են նաեւ կարգավորումներ վերոնշյալ սարքերի շրջանառության վերաբերյալ: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծում ներառված՝ դրա կարգավորման առարկայի շրջանակից դուրս կարգավորումները: 2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ այլ հոդվածներում կիրառվում է «զինամթերք» եզրույթը: Նշենք, որ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-232-11.04.2022-ՊԻ-011/0), «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, «Դատախազության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է ապահովել օրենսդրությամբ սահմանված եզրութաբանական միասնությունը՝ խթանելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի սահուն կիրառումը: Մասնավորապես՝ համապատասասխան նախագծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 44-րդ հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի ամբողջ տեքստում կիրառված «զինամթերք» բառն իր հոլովաձեւերով փոխարինել «ռազմամթերք» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով: Օրենսդրական կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել օրենսդրությամբ սահմանված հասկացություններ: Բացի այդ նշենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը եւ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որոնցով նախատեսվում են մի շարք նոր եզրույթներ եւ ինստիտուտներ, մինչդեռ Նախագծով նախատեսված կարգավորմամբ կիրառվում են դեռեւս գործող քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքերով սահմանված հասկացություններ, որոնք 2022 թվականի հուլիսի 1-ից այլեւս գոյություն չեն ունենալու, օրինակ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կիրառվում է «օդամղիչ զենք» հասկացությունը. Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքում կիրառվում է «օդաճնշիչ զենք» հասկացությունը: Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում կիրառված դատվածությունը հանված կամ մարված չլինելուն, 5-րդ կետում կիրառված «հետապնդման դադարեցումը անմեղության հիմքով», Նախագծի 28-րդ հոդվածի 13-րդ մասում կիրառված «քրեական գործով» եզրույթներին: 3. Նախագծում կիրառված են մի շարք հղումներ, որոնք բավականին լայն են եւ չեն սահմանում համապատասխան հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Մասնավորապես Նախագծի 8-րդ հոդվածով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, ինչպես նաեւ ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների բոլոր մոդելները, ինչպես նաեւ կառուցվածքով զենքի նմանվող իրերն ու առարկաները ենթակա են պարտադիր սերտիֆիկացման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Նշված մասում պարտադիր սերտիֆիկացման կարգը սահմանելիս օրենսդրությանը հղում կատարելն անորոշ է եւ ոչ միանշանակ. հասկանալի չէ՝ բացի Նախագծից, ինչ այլ իրավական ակտերով են կարգավորվելու պարտադիր սերտիֆիկացման հետ կապված հարաբերությունները: Նմանատիպ անորոշ հղում է նախատեսված նաեւ Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում (դադարեցման հիմքերին առավել մանրամասն անդրադարձել ենք սույն եզրակացության 60-րդ կետում): Հետեւաբար անորոշ հղումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք հղումները կատարել հստակ եւ ուղղակի: 4. Նախագծի համասեռ հոդվածներն առաջարկում ենք միավորել գլուխներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում:» 5. Նախագծի՝ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններին վերաբերող 2-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝ 1) զենք՝ սարք կամ առարկա, որն իր կառուցվածքով նախատեսված է կենդանի էակ ոչնչացնելու, այլ նշանակետ խոցելու կամ վնասազերծելու համար եւ չունի արտադրական, կենցաղային կամ տնտեսական նշանակություն. 2) հրազեն՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին՝ ուղղորդված շարժում uտացած նետվող առարկայի (գնդակ, մանրագնդակ, կոտորակ եւ այլ նետվող առարկա) միջոցով, տարածության վրա գտնվող կենդանի էակի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեuված զենքի տեսակ, որի հիմնական մաuերն են՝ փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, փակաղակը. 3) մարտական շեղբավոր սառը զենք՝ սարք, առարկա կամ հրազենի որոշ տեսակների բաղկացուցիչ մաս (սվին, սվին-դանակ եւ այլն), որը արտադրողի կողմից նախատեսված է կենդանի էակի հետ անմիջական շփման ժամանակ մարդու մկանային ուժի օգնությամբ այն ոչնչացնելու համար. ( ) 5) նետողական սառը զենք՝ մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված կտրող-ծակող առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող կենդանի էակ խոցելու կամ ոչնչացնելու համար նախատեսված հատուկ սարք.( )»: Հարկ է նկատել, որ Նախագծի մի շարք դրույթներում զենքի ազդեցության վերաբերյալ նշում կատարելիս կիրառվում են տարբեր հասկացություններ՝ «ոչնչացնել» եւ «խոցել»՝ պայմանավորված նշանակետի բնույթով: Չնայած, որ «զենք» ընդհանուր հասկացությունը սահմանվում է որպես կենդանի էակ ոչնչացնելու, այլ նշանակետ խոցելու կամ վնասազերծելու համար նախատեսված սարք կամ առարկա, զենքի տեսակ հանդիսացող մյուս սարքերի դեպքում նշում է կատարվում նաեւ միայն խոցելու հատկանիշի վերաբերյալ: Հիմք ընդունելով նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ՝ առաջարկում ենք հստակեցնել զենքի սահմանումը՝ պայմանավորված նշանակետի վրա դրա ունեցած ազդեցության բնույթով, եւ բացառել այդ սահմանման հակասությունները զենքի կոնկրետ տեսակների սահմանումների հետ: 6. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված է «զենք» հասկացությունը, այն է՝ «սարք կամ առարկա, որն իր կառուցվածքով նախատեսված է կենդանի էակ ոչնչացնելու, այլ նշանակետ խոցելու կամ վնասազերծելու համար եւ չունի արտադրական, կենցաղային կամ տնտեսական նշանակություն.»: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում սահմանված է հետեւյալ հասկացությունը՝ «զենքի եւ հրազենի հիմնական մասերի (այսուհետ՝ զենք) շրջանառություն՝ զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում եւ ոչնչացում, ինչպես նաեւ ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ համապատասխանաբար ներկրում եւ արտահանում).»: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված հասկացության մեջ կիրառվող «զենքի եւ հրազենի հիմնական մասեր» արտահայտությանը տրվել է կրճատ տարբերակ, այն է՝ «զենք», որը նույնանում է Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված հասկացության անվան հետ: Կարծում ենք՝ վերոնշյալ նույնանուն եզրույթների կիրառությունը կարող է առաջացնել իրավական շփոթ, քանի որ հասկանալի չէ՝ Նախագծի տեքստում որ դեպքում է «զենք» եզրույթը կիրառված Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հասկացության իմաստով, եւ որ դեպքում որպես «զենքի եւ հրազենի հիմնական մասեր» արտահայտության կրճատ տարբերակ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում կիրառվող «զենքի եւ հրազենի հիմնական մասեր» արտահայտության համար սահմանված կրճատ տարբերակն իրավական շփոթից խուսափելու նպատակով: 7. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն. «օդամղիչ զենք՝ սեղմված օդի կամ հեղուկ գազային նյութի լայնացման էներգիայի հաշվին 7.5 ջոուլ էներգիայից ավելի էներգիայով նպատակաուղղված շարժում ստացող նետվող հարմարանքի միջոցով կենդանի էակ ոչնչացնելու համար նախատեսված սարք», մինչդեռ Նախագծի 31-րդ հոդվածի 9-րդ մասում կիրառվում է «մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիան ( ) չգերազանցող օդամղիչ զենքեր» ձեւակերպումը, իսկ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով ( ) օդամղիչ զենք» ձեւակերպումը: 8. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանվում է զենք կրելը՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժն անձի մարմնի կամ հագուստի վրա ամրացված, կախված կամ դրված վիճակում, կոճկած եւ փամփուշտներով լիցքավորված պահեստատուփով (թմբուկով), իսկ նետողական սառը զենքը՝ նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված կտրող-ծակող սարքով: Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանվում է զենք տեղափոխելը (փոխադրելը)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս հրազենի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, առանձնացված փամփուշտատուփով, դրված պահպանակի վրա՝ ծածկաշապիկով կամ պատյանով, կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, իսկ մարտական շեղբավոր սառը զենքի եւ նետողական սառը զենքի դեպքում՝ դրանց պահելու համար նախատեսված տարածքից դուրս տեղաշարժը՝ փաթեթավորված եւ մարմնի վրա չամրացված վիճակում: Հիմք ընդունելով Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով զենք կրելու վերաբերյալ կարգավորումը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված զենք տեղափոխելուց (փոխադրելուց) դրա տարբերակման նպատակով, բացի մարմնի վրա չամրացված վիճակում լինելուց, նշում կատարել նաեւ զենքի կրման մյուս եղանակների մասին: 9. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանվում է «համապատասխանության հավաստագրում» եզրույթը, մինչդեռ Նախագծի ողջ տեքստում կիրառվում է նույն բովանդակություն ունեցող «սերտիֆիկացում» եզրույթը: Առաջարկում ենք իրավական շփոթից խուսափելու, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու համար միեւնույն միտքն արտահայտեսլիս կիրառել նույն եզրույթները: Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանվող «քաղաքացիական եւ ծառայողական զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան» եւ Նախագծի ողջ տեքստում կիրառվող «տեղեկությունների պետական կադաստր» եզրույթներին: Միաժամանակ նշենք նաեւ՝ առկա են նաեւ այլ դեպքեր, երբ Նախագծի ողջ տեքստում նույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր եզրույթներ (ինչպես օրինակ՝ «փամփշտատուփ» եւ «պահեստատուփ» եզրույթների դեպքում), ինչպես նաեւ առկա են նույն եզրույթը տարբեր բովանդակությամբ կիրառելու դեպքեր (ինչպես օրինակ ողջ նախագծում «զենք» բառի կիրառումը): 10. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով «գազային փամփուշտ» եւ նույն մասի 25-րդ կետով «լուսաձայնային փամփուշտ» եզրույթները սահմանելիս կիրառվում են «գազային զենք» եւ «սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն» եզրույթները: Այսինքն՝ «գազային փամփուշտ» եւ «լուսաձայնային փամփուշտ» եզրույթների իմաստը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ նաեւ, թե ինչ են իրենցից ներկայացնում «գազային զենք» եւ «սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն» եզրույթները, որոնց հասկացությունները սահմանվում են ոչ թե Նախագծի՝ «Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերտառությամբ 2-րդ հոդվածով, այլ «Քաղաքացիական զենք» վերտառությամբ 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 8-րդ կետերով: Առաջարկում ենք «գազային զենք» եւ «սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն» եզրույթների սահմանումները նույնպես շարադրել Նախագծի 2-րդ հոդվածով: 11. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմին» երկար արտահայտության համար սահմանվել է կրճատ տարբերակ, մասնավորապես՝ «(այսուհետ՝ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմին)»: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում շարունակվում է կիրառվել «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմին» եզրույթը, որի համար եւս սահմանվում է նույն կրճատ տարբերակը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման լիազոր մարմին» երկար արտահայտության համար առաջին իսկ կիրառումից հետո կրճատ տարբերակ նախատեսելու դեպքում Նախագծի հետագա տեքստում կիրառել միայն կրճատ տարբերակը: 12. Նախագծի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը հապատասխան հոլովաձեւերով առաջարկում ենք փոխարինել «Կառավարություն» բառով եւ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:» 13. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետին հաջորդում է 28-րդ կետ: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալման հաջորդականությունը: 14. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաներ, սարքեր կամ գործիքներ, որոնք ունեն ուսումնական, մշակութային, դեկորատիվ, տնտեսական-կենցաղային, արտադրական եւ սպորտային նշանակություն»: Այսպես՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ զենքը «սարք կամ առարկա, որն ( ) չունի արտադրական, կենցաղային կամ տնտեսական նշանակություն», հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «արտադրական» եւ «տնտեսական-կենցաղային» բառերը կիրառելը, եթե Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով արդեն իսկ սահմանված է, որ արտադրական, կենցաղային կամ տնտեսական նշանակություն ունեցող առարկան, սարքը կամ գործիքը ոչ մի դեպքում զենք չի կարող համարվել: Բացի այդ՝ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ զենք չի համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող սարքը, առարկան կամ գործիքը, որն ունի ուսումնական նշանակություն, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանվում է «ուսումնական զենք» եզրույթը, այն է. «միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգել եւ դարձնել աշխատունակ»: Առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա վերախմբագրել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը: 15. Նախագծի՝ քաղաքացիական զենքին վերաբերող 4-րդ հոդվածում որպես գազային զենքի եւ վնասվածքային (տրավմատիկ) զենքի ունեցած ազդեցություն նշում է կատարվում կենդանի էակին ժամանակավորապես վնասազերծելու եւ ժամանակավորապես շարքից հանելու վերաբերյալ: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Նախագծի՝ զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումներին վերաբերող 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ արգելվում է որպես քաղաքացիական զենք շրջանառության մեջ դնել առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր եւ այլ ներգործող նյութերով լիցքավորված, ինչպես նաեւ 3 մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված տրավմատիկ եւ գազային զենք: Նախագծի 7-րդ հոդվածում տրավմատիկ եւ գազային զենքերի նշանակետի վրա ունեցած ազդեցության մասին նշում կատարելիս ընտրված է ազդեցության գնահատման այլ չափանիշ՝ անձին պատճառվող հնարավոր վնասի աստիճանը, այն է՝ միջին ծանրության վնաս: Հարկ է նկատել, որ հեռավորության չափանիշով պայմանավորված սարքի կիրառման թույլատրելիության վերաբերյալ կարգավորում նախատեսելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ քննարկվող վնասը նախատեսված լինի որպես տվյալ զենքի կիրառման արդյունքում առաջացող թույլատրելի եւ կանխատեսելի հետեւանք: 16. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում կիրառվում է «ողորկափող-երկարափող հրազեն» եզրույթը, իսկ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «երկար-ողորկափող հրազեն» եզրույթը: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արատահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 17. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետում նշում է կատարվում, որ վնասվածքային (տրավմատիկ) ողորկափող-երկարափող զենքի փողային էներգիան տրավմատիկ գործողության փամփուշտներով կրակելու դեպքում չի կարող գերազանցել 150 ջոուլը, իսկ քաղաքացիական այլ հրազեններից՝ 91 ջոուլը: Քաղաքացիական զենքին վերաբերող 4-րդ հոդվածում հստակորեն չի նախատեսվում քաղաքացիական զենքի փողային էներգիայի սահմանափակմանը վերաբերող ընդհանուր կարգավորումը, որը նախատեսված է օրինակ՝ ծառայողական զենքի դեպքում: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետում ոչ որոշակի նշում կատարելու փոխարեն Նախագծի 4-րդ հոդվածում հստակ սահմանել 91 ջոուլ փողային էներգիային վերաբերող կարգավորումը: 18. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, որոնց վրա օրենսդրությամբ դրված են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են ծառայողական զենք օգտագործելու կամ գործադրելու հետ, համարվում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք:»: Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում սահմանված է «հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք» հասկացությունը, որի համաձայն՝ «հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնց oրենuդրությամբ վերապահված է զենք oգտագործելու լիազորություն.»: Հարկ է նշել, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված կարգավորումը ըստ էության կրկնում է Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում սահմանված հասկացությունը: Հետեւաբար անհիմն կրկնությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք վերանայել քննարկվող դրույթը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 19. Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասով «(այսուհետ՝ պետական ռազմականացված կազմակերպություններ)» բառերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների եւ պետական սուրհանդակային ծառայության առնչությամ, իսկ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների հատուկ նշանակության, սահմանապահ եւ ներքին զորքերի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան ստորաբաժանումների առնչությամբ: Այսինքն՝ նույն եզրույթը կիրառվում է երկու տարբեր շրջանակի մարմինների առնչությամբ, ինչը կարող է առաջացնել իրավական շփոթ: Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համատեքստում հարկ է անդրադառնալ նաեւ Նախագծի 11-րդ հոդվածին, մասնավորապես Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, համաձայն որի, վարչապետի աշխատակազմը՝ որպես առանձին սուբյեկտ, ունի զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) իրավունք: Անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ հիմնավորում, առ այն՝ ինչ հիմքով է նախատեսվում առանձնահատկություն վարչապետի աշխատակազմի համար: 20. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, ինչպես նաեւ 20-րդ հոդվածի 2-րդ մասնով նախատեսվում են մարտական զենքը «համապատասխան բնակավայրերի բնակիչներին» հատկացնելու վերաբերյալ կարգավորումներ: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ նախ՝ հասկանալի չէ, թե ինչ սկզբունքի հիման վրա է որոշվում «համապատասխան բնակավայրերի» շրջանակը, երկրորդ՝ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով, ինչպես նաեւ 20-րդ հոդվածի 2-րդ մասնով սահմանված կարգավորումներից բխում է, որ այդ դրույթներով Կառավարությունը լիազորվում է սահմանել կարգեր, որոնք նախատեսում են նոր իրավունքներ եւ պարտականություններ «համապատասխան բնակավայրերի» բնակիչների համար: Հիմք ընդունելով Սահմանադրության 39-րդ հոդվածի պահանջը, այն է. «( )Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:»՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել «համապատասխան բնակավայրերի» բնակիչների իրավունքներն ու պարտականությունները: 21. Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պետական ռազմականացված կազմակերպություններում եւ համապատասխան բնակավայրերում մարտական եւ այլ զենքի, դրա փամփուշտների եւ զինամթերքի շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հարկ է նկատել, որ Նախագծի 6-րդ հոդվածը վերնագրված է «Մարտական զենք», մինչդեռ Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կարգավորումը վերաբերում է նաեւ այլ զենքերի: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք ապահովել Նախագծի 6-րդ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: 22. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում արգելվում է շրջանառության մեջ դնել զենք, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների եւ կենսաբանական գործոնների օգտագործմամբ:»: Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ կարգավորումը դուրս է Նախագծի «Մարտական զենք» վերտառությամբ 6-րդ հոդվածի կարգավորման շրջանակից: Քանի որ այն վերաբերում է զենքի շրջանառության արգելքին, հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը նախատեսել Նախագծի «Զենքի շրջանառության վրա տարածվող սահմանափակումները» վերտառությամբ 7-րդ հոդվածի 2-րդ մասում: 23. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է շրջանառությունը արգելված քաղաքացիական զենքերի շարքը, առաջարկում ենք այդ շարքում լրացնել նաեւ սառը զենքերի այն շրջանակը, որոնց՝ որպես քաղաքացիական զենք շրջանառությունը նույնպես արգելված է: 24. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված է. «քաղաքացիական զենքի (բացառությամբ՝ գազային զենքի, վնասվածքային (տրավմատիկ) զենքի եւ էլեկտրահարող սարքերի)»: Այսինքն՝ էլեկտրահարող սարքերը նշված դրույթի տրամաբանությամբ ներառված են «քաղաքացիական զենք» հասկացության մեջ: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված քաղաքացիական զենքի տեսակների շարքում ներառված էլեկտրահարող սարքերը չեն: Առաջարկում ենք խմբագրել Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի վերը մեջբերված հատվածը՝ հաշվի առնելով Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները: 25. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ «Արգելվում է, որպես քաղաքացիական զենք շրջանառության մեջ մտցնել՝ ( ) 7) առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից օգտագործման համար չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր եւ այլ ներգործող նյութերով լիցքավորված, ինչպես նաեւ 3 մետրից ավելի հեռավորության վրա գտնվող անձին միջին ծանրության վնաս պատճառելու ունակությամբ օժտված տրավմատիկ եւ գազային զենք.»: Հարկ է նկատել, որ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում կրառվում է տրավմատիկ զենք եզրույթը, մինչդեռ Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված քաղաքացիական զենքի տեսակների շարքում թվարկվում է վնասվածքային (տրավմատիկ) զենքը: Եզրույթների միատեսակ կիրառության ապահովման նպատակով առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 26. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ «Արգելվում է՝ ( ) 3) հրազեն ուղարկելը կամ առաքելը փոստով կամ ուղեբեռով.»: Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 7-րդ հոդվածում նախատեսված են զենքի շրջանառության վրա տարծվող սահմանափակումները: Մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում սահմանված է միայն հրազենին վերաբերող սահմանափակում: Քննարկվող դրույթից բխում է, որ արգելք է նախատեսված հրազեն ուղարկելու կամ առաքելու համար, մինույն ժամանակ մյուս զենքերի համար նման արգելք սահմանված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում սահմանված սահմանափակումը: 27. Իրավական որոշակիության եւ եզրույթների միատեսակ կիրառության ապահովման նպատակով Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի «հանրապետության» բառն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «հանրապետությունում», ինչպես նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի «հանրապետությունից» եւ 2-րդ մասի «հանրապետության» բառերին: 28. Նախագծի՝ քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրին վերաբերող 9-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է, որ կադաստրը հրապարակվում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մոդելների ցանկի հիման վրա, որում ընդգրկված տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եռամսյակը մեկ անգամ հաստատվող կադաստրի մեջ կամ հանվում՝ կադաստրից: Կադաստրի մեջ չեն մտցվում մարտական շեղբավոր սառը եւ նետողական սառը զենքի, հանրապետությունում արտադրվող, ներկրվող եւ արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները: Հարկ է նկատել, որ Նախագծի 9-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրին, ուստի մարտական շեղբավոր սառը զենքի՝ որպես բացառության վերաբերյալ նշման անհրաժեշտությունը բացակայում է: 29. Նախագծի 10-րդ հոդվածով զենքի արտադրությունը, արտատահանումը, ներկրումը, առեւտուրը, հրաձգարանի գործարկումը նախատեսվում է որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ: Մինչդեռ «Լիցենզավորման մասին» օրենքում, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, սահմանված են միայն զենքի արտադրությունը եւ զենքի առեւտուրը: Ընդ որում՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ «Լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար»: Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում»: Հետեւաբար Նախագծով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակներն անհրաժեշտ է լրացնել Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում: Բացի այդ նշենք, որ Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում են լիցենզիա տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու մերժման հիմքերը: Մասնավորապես՝ լիցենզիա եւ թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու մերժման հիմքերն են՝ 1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը. 2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման եւ պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը. 3) սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով հստակ նախատեսված են լիցենզիա տալը մերժելու հիմքերը: Նույն հոդվածի 6-րդ մասով սահմանված է՝ «Սույն հոդվածով չնախատեսված հիմքերով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ լիցենզավորման ենթակա գործունեության ցանկացած տեսակով զբաղվելու հայտի մերժման հիմքերը Օրենքի 29-րդ հոդվածով սահմանված հիմքերն են եւ դրանցից դուրս այլ հիմքերով լիցենզիայի հայտի մերժումն արգելված է: Հետեւաբար՝ Նախագծով լիցենզիա տալու մերժման հիմքեր եւ այն էլ ոչ ամբողջական եւ հստակ նախատեսելը հակասում է Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասին: Հետեւաբար հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքներով կարող են սահմանվել լիցենզավորմանը վերաբերող առանձնահատկություններ, բայց ոչ հակասական կամ Օրենքի տրամաբանությանը չհամապատասխանող կարգավորումներ, առաջարկում ենք շտկել հակասությունները, եւ Նախագծով հստակ սահմանել, որ Օրենքով սահմանված լիցենզիաների վրա տարածվում է «Լիցենզավորման մասին» օրենքը՝ առանձնահատկությունները նախատեսելով Նախագծում: 30. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է, որ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունը տրվում է 10 տարի ժամկետով, զենքի հավաքածու կազմելու թույլտվությունը՝ անժամկետ, իսկ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունը՝ 6 ամիս ժամկետով: Համապատասխան թույլտվությունը տրվում է ըստ զենքի առանձին տեսակների եւ դրա կապակցությամբ իրականացվող գործողության (զենք ձեռք բերել, կրել, պահել, տեղափոխել (փոխադրել)): Զենքի հավաքածուի թույլտվությունը ներառում է նաեւ զենք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունները: Սույն հոդվածում նշված թույլտվությունը նախատեսված չէ միայն մարտական շեղբավոր սառը զենքի եւ նետողական սառը զենքի հավաքածու կազմելու եւ դրանց ցուցադրելու համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձեւակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Հիմք ընդունելով վերոնշյալը կարող ենք եզրակացնել, որ Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում առկա կարգավորումը հնարավորություն չի տալիս հստակեցնելու մարտական շեղբավոր սառը զենքի եւ նետողական սառը զենքի հավաքածու կազմելու եւ դրանց ցուցադրելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական դրույթները՝ մասնավորապես որոշակիացման կարիք ունեն այդ գործունեությամբ զբաղվելու թույլտվության վերաբերյալ կարգավորումները: 31. Նախագծի 10-րդ հոդվածում զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններին վերաբերող կարգավորումները, կարծում ենք՝ խնդրահարույց են հստակության տեսանկյունից եւ կարող են հանգեցնել իրավական շփոթի: Մասնավորապես հասկանալի չէ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններից յուրքանչյուրն առանձին թույլտվություն է, թե որոշ թույլտվություններ տրվում են միաժամանակ մեկ դիմումով որպես համակցված թույլտվություն: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ իրավական շփոթ է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում քննարկվող թույլտվություններին հղում կատարելիս միաժամանակ կիրառվում են օրինակ՝ «զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվություն» եւ «զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվություններ» ձեւակերպումները: Հետեւաբար քննարկվող ձեւակերպումը կարող է հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծի 10-րդ հոդվածում առաջարկում ենք հստակեցնել զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները: Մասնավորապես, առաջարկում ենք հստակ նշել՝ որ թույլտվություններն են տրվում առանձին եւ որ թույլտվություններն են ենթադրում նաեւ այլ թույլտվության անհրաժեշտություն: Օրինակ՝ զենք ձեռք բերելու թույլտվությունը պետք է ուղեկցվի առնվազն զենք պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվություններով: 32. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Զենքի արտադրությունը, ներկրումը, արտահանումը, առեւտուրը, հրաձգարանի գործարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքի ձեռքբերման դեպքերի:» Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 10-րդ հոդվածում բացակայում են հրաձգարանի գործարկման լիցենզավորման վերաբերյալ, մասնավորապես՝ հրաձգարանի գործարկման լիցենզիա տրամադրող մարմնի, հրաձգարանի գործարկման լիցենզիայի գործողության ժամկետի, հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու դիմումի եւ այլ վերաբերելի կարգավորումները: Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածում սահմանել նաեւ հրաձգարանի գործարկման լիցենզավորման վերաբերյալ կարգավորումներ: Հատկանշական է, որ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված չէ հրաձգարանի գործարկման լիցենզիա: Առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել «Լիցենզավորման մասին» օրենքում: Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծի 31-ին հոդվածի 2-րդ մասում նշված «հրաձգարանի կառուցման» եւ Նախագծի 32-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «հրաձգարանի հրահանգչի» լիցենզիաներին: 33. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ( )»: Մինչդեռ «Ոստիկանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետում սպառիչ թվարկված են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող զենքի հետ առնչվող լիցենզիաների բոլոր տեսակները, եւ այդ շարքից բացակայում է Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված զենքի արտադրության լիցենզիան: Առաջարկում ենք «Ոստիկանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետում կատարել համապատասխան լրացում: 34. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունը տրվում է 10 տարի ժամկետով, զենքի հավաքածու կազմելու թույլտվությունը՝ անժամկետ, իսկ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունը՝ 6 ամիս ժամկետով: Համապատասխան թույլտվությունը տրվում է ըստ զենքի առանձին տեսակների եւ դրա կապակցությամբ իրականացվող գործողության (զենք ձեռք բերել, կրել, պահել, տեղափոխել (փոխադրել)): Զենքի հավաքածուի թույլտվությունը ներառում է նաեւ զենք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունները: Սույն հոդվածում նշված թույլտվությունը նախատեսված չէ միայն մարտական շեղբավոր սառը զենքի եւ նետողական սառը զենքի հավաքածու կազմելու եւ դրանց ցուցադրելու համար:» Վերոնշյալ իրավակարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում նշում է կատարված զենքի կապակցությամբ իրականացվող գործողության մասին եւ փակագծերում բացահայտված է զենքի կապակցությամբ իրականացող գործողությունները, մասնավորապես՝ զենք ձեռք բերել, կրել, պահել, տեղափոխել (փոխադրել): Հարկ է նկատել, որ համապատասխան թույլտվությամբ զենքի կապացությամբ իրականացվող գործողությունների շրջանակը բացահայտվում է սպառիչ կերպով, մինչդեռ թվարկված չէ ամբողջությամբ: Մասնավորապես Նախագծի 10-րդ հոդվածից բխում է, որ համապատասխան թույլտվությամբ զենքի կապակցությամբ իրականացվող գործություն են ոչ միայն զենք ձեռք բերելը, կրելը, պահելը, տեղափոխելը (փոխադրելը), այլ նաեւ հավաքածուներ կազմելը եւ հավաքածուներ ցուցադրելը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում զենքի կապակացությամբ իրականացվող գործողությունների շրջանակը բացահայտելիս նշել նաեւ զենքի հավաքածուներ կազմելու եւ հավաքածուներ ցուցադրելու գործողությունների մասին կամ ցանկը նախատեսել ոչ սպառից կերպով՝ լրացնելով «եւ այլն» բառերը: Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Մասնավորապես՝ հասկանալի չէ՝ զենքի հավաքածուի թույլտվությունը ինչ է ենթադրում, արդյոք զենքի հավաքածու կազմելու թույլտվությունն է ներառում նաեւ զենք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունները, թե զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունը: Միաժամանակ նշենք՝ Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «( ) Զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունը տրվում է 10 տարի ժամկետով, զենքի հավաքածու կազմելու թույլտվությունը՝ անժամկետ, իսկ զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունը՝ 6 ամիս ժամկետով( ):»: Նույն մասով սահմանվում է նաեւ, որ «Զենքի հավաքածուի թույլտվությունը ներառում է նաեւ զենք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունները»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «զենքի հավաքածուի թույլտվություն» ձեւակերպման մեջ հստակեցված չէ, արդյոք այն վերաբերում է զենքի հավաքածուի ցուցադրելու, թե կազմելու թույլտվությանը՝ կարելի է ենթադրել, որ դրանից բխում է՝ զենքի ձեռքբերման թույլտվությունը մի դեպքում տրվում է 10 տարի ժամկետով, իսկ մյուս դեպքում՝ հավաքածու կազմելու թույլտվության շրջանակում՝ անժամկետ: 35. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիայի գործողության ժամկետը, համապատասխան դիմումի հիման վրա, կարող է երկարաձգվել եւս 5 տարով: Այդ ժամկետի երկարաձգման մասին համապատասխան դիմումը ներկայացվում է ժամկետը լրանալուց առնվազն 40 օր առաջ: Դիմումը քննարկվում եւ դրա ընթացքը լուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ դիմումը տալու օրվանից հաշված 24 աշխատանքային օրվա ընթացքում:»: Հարկ է նկատել, որ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Կարծում ենք՝ զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիան երկարաձգելու իրավասությունը պետք է վերապահել համապատասխան լիցենզիա տրամադրող մարմնին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝«Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձեւակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու եւ համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:»: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզավորված անձի կողմից հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է լիցենզիայի վրա համապատասխան նշում կատարելու միջոցով:»: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի (24 աշխատանքային օր) եւ «Լիցենզավորման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի (հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող հինգերորդ օր) միջեւ համապատասխանությունը: 36. Նախագծի 10-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Զենքի գրանցելու եւ հաշվառելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Վերոնշյալ դրույթը, կարծում ենք՝ դուրս է Նախագծի 10-րդ հոդվածի կարգավորման առակրայի շրջանակից: Հարկ է նկատել, որ Նախագծի 10-րդ հոդվածը վերնագրված է «Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, հրաձգարանի գործարկման լիցենզավորմանը եւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), հավաքածուներ կազմելու եւ հավաքածուներ ցուցադրելու թույլտվությանը ներկայացվող հիմնական պահանջները»: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 10-րդ հոդվածի վերնագրի եւ բովանդակության համապատասխանությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:»: 37. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) իրավունք ունենցող սուբյեկտները: Մինչդեռ հարկ է նկատել, որ նշված սուբյեկտների շարքում բացակայում են զենք արտադրող, ներմուծող, արտահանող անձինք: Հետեւաբար Նախագծի 11-րդ հոդվածից բխում է, որ օրինակ՝ զենք արտադրող անձը իրավունք չունի զենք տեղափոխել: Ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 11-րդ հոդվածում սահմանված սուբյեկտների շրջանակը: 38. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համակարգերում 20 եւ ավել տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող քաղաքացիները իրավունք ունեն սույն օրենքով սահմանված կարգով առանց կրելու իրավունքի, ձեռք բերել 1 միավոր կարճափող ակոսափող հրազեն (ատրճանակ, ռեւոլվեր), որը կբացառի կրակահերթով կրակելու հնարավորություն»: Վերը մեջբերված դրույթի կապակցությամբ հարկ է նկատել՝ ձեւակերպումից հասկանալի չէ՝ արդյոք նշված քաղաքացին կարճափող ակոսափող հրազենը ձեռք է բերում որպես քաղաքացիական զենք, թե որպես ծառայողական զենք: Այսպես՝ նշված հրազենը՝ որպես ծառայողական զենք ձեռք բերելու դեպքում հասկանալի չէ դրա նպատակահարամարությունը, քանի որ Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված համակարգում զինվորական ծառայություն անցնող աշխատակցին ծառայողական զենք տրամադրվում է օրենքի ուժով՝ անկախ ծառայության ստաժից: Նշված հրազենը որպես քաղաքացիական զենք ձեռք բերելը հանգեցնում այլ խնդիրների. ձեւակերպումից հասկանալի չէ՝ արդյոք ձեռք բերված զենքը մնում է քաղաքացուն նույնիսկ ծառայությունից ազատվելու դեպքում, եթե այո, ապա ինչպես է կարգավորվում ձեռք բերված զենքի պահելու, կրելու կամ տեղափոխելու հարցը առանց համապատասխան թույլտվության: 39. Նախագծում կիրառվում է «մատակարար իրավաբանական անձ» հասկացությունը: Մինչդեռ հարկ ենք համարում նշել, որ հասկանալի չէ՝ իրավաբանական անձանց շրջանակը, որոնք կհամարվեն մատակարար: Ուստի իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկում ենք Նախագծում սահմանել «մատակարար իրավաբանական անձ» հասկացությունը, ինչը հնարավորություն կտա հասցեատեր սուբյեկտներին դրսեւորել համապատասխան վարքագիծ: 40. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք իրավունք ունեն մատակարար իրավաբանական անձանցից ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք՝ միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից թույլտվություն ստանալուց հետո», նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Զենք ձեռք բերելու օրվանից երկշաբաթյա ժամկետում զենքը պետք է գրանցվի եւ հաշվառվի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Գրանցման եւ հաշվառման ժամանակ զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց տրվում է զենք ձեռք բերելու թույլտվություն՝ 5 տարի ժամկետով:»: Հարկ է նկատել, որ վերը մեջբերված դրույթները հակասում են միմյանց՝ առաջացնելով իրավական շփոթ: Այսպես՝ Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվությունն անհրաժեշտ է ստանալ մինչեւ զենք ձեռք բերելը, մինչդեռ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ զենք ձեռք բերելու թույլտվությունը տրվում է զենք ձեռք բերելու օրվանից երկշաբաթյա ժամկետում՝ այն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գրացնման եւ հաշվառման ժամանակ: Բացի այդ՝ հարկ է անդրադառնալ նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված զենք ձեռք բերելու թույլտվության ժամկետին: Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ զենք ձեռք բերելու թույլտվությունը տրվում է 5 տարի ժամկետով, մինչդեռ Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ զենք ձեռք բերելու թույլտվությունը տրվում է 10 տարի ժամկետով: Վերոգրյալ դիտարկումներ հիման վրա առաջարկում ենք Նախագծի դրույթները համապատասխանեցնել միմյանց: 41. Նախագծի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց այն աշխատողները, ովքեր նախկինում ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունեցել են զենք պահելու եւ կրելու իրավունք, ազատվում են հատուկ պատրաստություն անցնելուց եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու իրենց պիտանիությունը որոշող uտուգումից, եթե վերջիններիս ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ եւ ծառայությունից ազատվելուց հետո չի անցել 3 տարի»: Վերոգրյալից բխում է, որ նրանք ընդհանրապես ոչ մի ստուգում չեն անցնում, մինչդեռ նույն հոդվածի 7-րդ մասով սահմանվում է. «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց ( ) աշխատողները պարտավոր են պարբերաբար անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ»: Առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրելիս հստակեցնել, որ հատուկ պատրաստություն անցնելուց եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու իրենց պիտանիությունը որոշող uտուգումից ազատումը չի վերաբերում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց համար աշխատելու ողջ ժամանակաշրջանին: 42. Նախագծի 14-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին (այսուհետ՝ քաղաքացի)՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից քաղաքացիական զենք ձեռք բերելու համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: 2. Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաեւ զենքի այլ տեսակներ, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է գրանցվեն ու հաշվառվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, բացառությամբ՝ հավաքածուների համար ձեռքբերված մարտական սառը զենքի: 3. Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել, գրանցել եւ հաշվառել ոչ ավելի, քան 10 միավոր քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ թվով հրազեն եւ մարտական սառը զենք:( )»: Նախագծի՝ զենքի հավաքածու կազմելուն վերաբերող 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք զենքի հավաքածու կազմում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ զենքի հավաքածու կազմելու թույլտվության hիման վրա: Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց զենքի հավաքածուի մեջ կարող են ներառվել ինքնապաշտպանական, սիրողական, որսորդության, սպորտային, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային, տեղեկատվական եւ այլ նշանակության զենքի տեսակները: Նույն հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ հավաքածուի մեջ ընդգրկված քաղաքացիական զենքը կարող է օգտագործվել նաեւ ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում: Հարկ է նկատել, որ զենքի հավաքածուների թույլտվությունը տրվում է անժամկետ եւ իր մեջ ներառում է նաեւ զենք ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու) թույլտվությունները: Միաժամանակ՝ զենքի հավաքածուի մեջ կարող են ներառվել տարբեր նշանակության զենքի տեսակներ, ինչպես նաեւ հավաքածուի դեպքում չկա ձեռք բերվող զենքի միավորի քանակի վերաբերյալ սահմանափակում, հավաքածուի մեջ ընդգրկված քաղաքացիական զենքը կարող է օգտագործվել նաեւ ինքնապաշտպանության նպատակով: Հիմք ընդունելով նշված կարգավորումները, կարծում ենք, որ անհամեմատ արտոնյալ պայմաններ են նախատեսված զենքի հավաքածու ունենալու իրավահարաբերությունների վերաբերյալ կարգավորումներով, ինչը կարող է հանգեցնել այլ իրավունքների իրացման ընթացակարգը՝ զենքի հավաքածուի թույլտվության ընթացակարգի միջոցով շրջանցելուն: Այսպիսով՝ առաջարկում ենք վերանայել զենքի հավաքածուի վերաբերյալ նախատեսված կարգավորումները: 43. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաեւ զենքի այլ տեսակներ, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում պետք է գրանցվեն ու հաշվառվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, բացառությամբ՝ հավաքածուների համար ձեռքբերված մարտական սառը զենքի:»: Նույն հոդվածի 4-րդ մասում սահմանված է հետեւյալը՝ «Քաղաքացու կողմից ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է գրանցման եւ հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:»: Անհիմն կրկնությունը բացառելու նպատակով առաջարկում ենք վերանայել Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում սահմանված իրավակարգավորումները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 44. Նախագծի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, ինչպես նաեւ անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր:»: Վերոնշյալ կարգավորումը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ առաջարկում ենք հստակ նախատեսել այն բժշկական փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար: 45. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, ոչ ավելի, քան 7.5 ջոուլ փողային էներգիայով օդամղիչ հրացանները եւ ատրճանակները (այդ թվում՝ ռեւոլվերները), դրանց փամփուշտները, նետողական սառը զենքը, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող ատրճանակները (տայզերները) եւ սարքերը ու կայծային պարպիչները գրանցման եւ հաշվառման ենթակա չեն, եւ օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դրանք ձեռք բերել եւ կրել առանց թույլտվության:»: Կարգավորման կապակցությամբ նշենք, որ անհասկանալի է՝ ինչով է պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների համար նետողական սառը զենքն առանց թույտվության ձեռք բերելու եւ կրելու հնարավորության ընձեռումն այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անգամ նման հնարավորություն սահմանված չէ: Միաժամանակ՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ՝ որն է տվյալ դրույթի սահմանման նպատակը: Հետեւաբար՝ առաջարկում ենք պատճառաբանել վերը մեջբերված կարգավորումը սահմանելու անհրաժեշտությունը: 46. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարված Նախագծի 14-րդ հոդվածի 9-րդ մասին: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 14-րդ հոդվածը բաղկացած է 8 մասերից: Հետեւաբար առաջարկում ենք ապահովել Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված հղման ճշտությունը: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում կատարված հղմանը: 47. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Զենքի եւ փամփուշտների ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով», նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «Զենքի եւ փամփուշտների ներկրումը, արտահանումը եւ տարանցիկ տեղափոխումը (փոխադրումը) լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով»: Առաջարկում ենք հստակեցնել՝ արդյոք այդ գործունեությունն իրականցվում է օրենքով, թե կառավարության որոշմամբ: 48. Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Կառուցվածքով զենքի նմանվող իրերը Հայաստանի Հանրապետություն ներկրվում են ազատ՝ սերտիֆիկացումից հետո:»: Վերոնշյալ իրավակարգավորումը, կարծում ենք՝ խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես հասկանալի չէ՝ ինչ է ենթադրում «ազատ ներկրում» արտահայտությունը: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել Նախագծի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավակարգավորումը, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ: 49. Նախագծի 18-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Զենքի եւ փամփուշտների ներկրումը, արտահանումը եւ տարանցիկ տեղափոխումը (փոխադրումը) լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»: Նախագծի 10-րդ հոդվածում սահմանված իրավակարգավորումներից բխում է, որ զենքի տեղափոխումը (փոխադրումը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա: Ուստի հասկանալի չէ Նախագծի 18-րդ հոդվածի 6-րդ մասում զենքի տեղափոխման (փոխադրման) լիցենզավորման մասին նշումը: Առաջարկում ենք վերանայել վերոնշյալ դրույթները Նախագծում ներքին հակասությունները բացառելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 18-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված կարգավորումը կրկնում է Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված կարգավորումը: Հետեւաբար առաջարկում ենք վերանայել նշված դրույթները՝ անհիմն կրկնությունը բացառելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 50. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածում սահմանված շաղկապների կիրառության վերաբերյալ իրավակարգավորումներից բխում է, որ նորմատիվ իրավական ակտում կիրառվում է կա՛մ «եւ», կա՛մ «կամ» շաղկապը, մինչդեռ «եւ (կամ)» գրելաձեւը կիրառելի չէ: Ուստի առաջարկում ենք Նախագծում բացառել «եւ (կամ)» գրելաձեւը: 51. Նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Որպես պարգեւ տրված զենքը պարգեւատրվողին է հանձնվում ցմահ սեփականության իրավունքով՝ զենքը պահելու եւ կրելու թույլտվությամբ:»: Առաջարկում ենք Նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «ցմահ» բառը՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով երաշխավորվող սեփականության իրավունքի բովանդակությունը: 52. Նախագծի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Որպես պարգեւ տրված զենքի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի:»: Վերոնշյալ կարգավորմամբ որպես պարգեւ տրված զենքի սեփականատիրոջ համար սահմանված է սահմանափակում՝ որպես պարգեւ տրված զենքն այլ անձի տիրապետմանը կամ տնօրինմանը հանձնելու արգելք: Այս կանոնից նախատեսվում է բացառություն՝ հղում կատարելով Նախագծի 21-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերին: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծի 21-րդ հոդվածի 9-րդ մասի բավանդակությունից հստակորեն չեն որոշակիացվում նախատեսված դեպքերը, որոնց դեպքում սեփականատերը որպես պարգեւ տրված զենքը կարող է հանձնել այլ անձի տիրապետմանը կամ տնօրինմանը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 21-րդ հոդվածի 7-րդ մասում կատարված հղումը: 53. Նախագծում կիրառվում են «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» եւ «ոստիկանություն» եզրույթները: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օերնքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 54. Նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են իրենց պատկանող զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովվի դրա պահպանությունը, անվտանգությունը եւ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը:»: Առաջարկում ենք «բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը» ձեւակերպումը փոխարինել «բացառվի կողմնակի անձանց համար հասանելիությունը» ձեւակերպմամբ: 55. Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասին հաջորդում է 4-րդ մաս: Առաջարկում ենք ապահովել Նախագծի 24-րդ հոդվածի մասերի համարակալման հաջորդականությունը: 56. Նախագծի 24-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է. «( ) Արգելվում է կրելը զենքի հավաքածուներում ներառված:»: Առաջարկում ենք նշված նախադասությունը խմբագրել այնպես, որ այն արտահայտի կապակցված միտք: 57. Նախագծի 25-րդ հոդվածի վերնագրում առաջարկում ենք ուղղել վրիպակը՝ «զենք» բառը գրել մեծատառով: 58. Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց եւ այլ uեփականատերերին պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեuները, ցուցահանդեu-վաճառքները (այuուհետ՝ ցուցահանդեu) իրականացնում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա»: Այսպես՝ նշված դրույթից բխում է, որ հավաքածուի ցուցադրության թույլտվությունը իրավասություն է տալիս զենքի վաճառք իրականացնելու: Մինչդեռ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին հոդվածով հստակ սահմանվում է, որ զենքի առեւտուրը լիցենզավորված գործունեություն է, նույն հոդվածի 4-րդ մասից նաեւ բխում է, որ զենքի հավաքածուի թույլտվությունն իր մեջ չի ներառում զենքի առեւտրի լիցենզիա: 59. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է՝ «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, (...) լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (...) թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, եթե՝ 1) ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր ներկայացրած դիմումով կամովին հրաժարվել է լիցենզիայից կամ թույլտվությունից, կամ տվյալ իրավաբանական անձը լուծարվել է, կամ տվյալ զենքի սեփականատերը մահացել է.» Նշված ձեւակերպումից բխում է, որ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերը միայն բավարար չեն լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար. Օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերից բացի պետք է առկա լինեն նաեւ Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը: Օրինակ՝ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքը կարող է դիտարկվել լիցենզիայի գործողության դադարեցման հիմք միայն, եթե առկա են Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից մեկը, օրինակ՝ անձը կամովին հրաժարվել է լիցենզիայից: Իրավական շփոթից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված կարգավորումները հստակեցնել՝ համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը: Բացի այդ նշենք, որ Նախագծի 28-րդ հոդվածը կարգավորումներ է նախատեսում լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, մինչդեռ Օրենքում կիրառվում է «լիցենզիայի դադարեցում» եզրույթը: Առաջարկում ենք Նախագծով նախատեսել օրենսդրությամբ առկա եւ սահմանված հասկացություններ եւ կարգավորումներ: 60. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում հղում է կատարվում Նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետներին: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 28-րդ հոդվածի 3-րդ մասում ժամկետներ սահմանված չեն, ուստի առաջարկում ենք վերանայել Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարված հղումը: 61. Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «ֆիզիկական անձը զրկվում է զենքի թույլտվությունից՝ 2 տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձը զրկվում է լիցենզիայից՝ 3 տարի ժամկետով:»: Կարգավորումն առաջարկում ենք ձեւակերպել այնպես, որ հասկանալի լինի այն հանգամանքը, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք լիցենցիայի ուժը կորցրած ճանաչելու հետեւանքով զրկվում են նոր լիցենզիա կամ թույլտվություն ձեռք բերելու հնարավորությունից որոշակի ժամանակահատվածով: Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասում տրված ձեւակերպումը շփոթի տեղիք է տալիս այնքանով, ինչքանով որ դրույթը կարող է ընկալվել լիցենզիայի գործողության կասեցման տեսանկյունից: Բացի այդ, պարզ չէ՝ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու որ հիմքերի առկայության պարագայում են քննարկվող սուբյեկտները նոր լիցենզիա կամ թույլտվություն ձեռք բերելու հնարավորությունից զրկվում: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք հստակեցնել կարգավորումը՝ օրենքի որոշակիությունն ու կանխատեսելիությունն ապահովելու պահանջների պահպանման նպատակով: 62. Նախագծի 28-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածով նախատեսված հիմքերով լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր եւ կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, ինչպես նաեւ խախտումների վերացման ժամկետը»: Առաջարկում ենք հստակեցնել, թե լիցենզիան կամ թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու կոնկրետ որ հիմքերի վրա է տարածվում վերոգրյալը, քանի որ շատ դեպքերում (ինչպես օրինակ՝ հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում հաշվառվելու կամ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ եւ ֆիզիկական թերություններ ձեռք բերելու հիմքը, ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր ներկայացրած դիմումով լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվու, կամ տվյալ իրավաբանական անձի լուծարվելու, կամ տվյալ զենքի սեփականատիրոջ մահվան հիմքը եւ այլն) լիցենզիան կամ թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում ոչ խախտում կատարելու հիմքով, հետեւաբար հասկանալի չէ խախտումները վերացնելու ժամկետի մասին նշումը: 63. Նախագծի 28-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով սահմանված է՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է վերցնել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը, եթե՝ 1) առկա են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը.»: Նշված ձեւակերպումից բխում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կարող է վերցնել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը, եթե առկա է քաղաքացիական եւ ծառայողական զենքի՝ արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու դեպքերը: Նշված ձեւակերպումից դուրս է մնում Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված (որին նույն հոդվածի 7-րդ մասով հղում է կատարվում) հրաձգարանի գործարկման լիցենզիան: Հարկ է նկատել, որ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով հրաձգարանի գործարկումը եւս լիցենզավորման ենթակա գործունեություն է, որի համար տրված լիցենզիան եւս ուժը կործրած է ճանաչվում «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Հետեւաբար հասկանալի չէ Նախագծի 28-րդ հոդվածի 7-րդ մասում, հրաձգարան գործարկելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համապատասխան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը վերցնելու վերաբերյալ կարգավորում չնախատեսելու նպատակահարմարությունը: 64. Նախագծի 28-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է վերցնել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տնօրինության տակ գտնվող զենքը, եթե՝ 1) առկա են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու դեպքերը. 2) բացակայում են զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, հրաձգարան գործարկելու լիցենզիաները, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները:»: Կարգավորումից բխում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար հրաձգարան գործարկելու լիցենզիայի թույլտվության բացակայության դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տնօրինության ներքո գտնվող զենքը վերցնելու իրավասություն է նախատեսված, իսկ հրաձգարան գործարկելու լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու պարագայում՝ նման հնարավորություն նախատեսված չէ: Ուստի առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում նշում կատարել հրաձգարան գործարկելու լիցենզիայի մասին եւս: 65. Նախագծի 28-րդ հոդվածի 11-րդ մասը սահմանում է. «Շահագործման համար տեխնիկապեu պիտանի, վերցված քաղաքացիական եւ ծառայողական զենքերը կարող են իրացվել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով»: Հարկ ենք համարում նշել, որ նշված հոդվածի տեքստում «զենքը վերցնել» ձեւակերպումը կիրառվում է նաեւ որպես ժամանակավոր բնույթ ունեցող միջոց, հետեւաբար հստակ պետք է տարանջատել, թե զենքը վերցնելու որ դեպքերում այն կարելի է իրացնել: 66. Նախագծի 28-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ «Որuի, ձկնորuության, բնության ու բնական պաշարների պահպանության նկատմամբ պետական հuկողություն իրականացնող մարմինները վերցված զենքը փոխանցում են լիազոր մարմին:»: Նկատենք, որ ողջ Նախագծում բացահայտված չէ՝ ով է լիազոր մարմինը: Ուստի կարգավորումը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկում ենք հստակորեն նշել՝ որ մարմնի մասին է խոսքը: 67. Նախագծի 28-րդ հոդվածի 15-րդ մասում առաջարկում ենք «1500» թվից հետո լրացնել «եւ ավելի» բառերը: 68. Նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Քաղաքացինական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություններ ունեցող մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝ 4) սահմանված կարգով անհատույց վերցնել եւ ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրինական հիմքերով դրանք ձեռք բերված տնօրինողների մոտ գտնվող զենքի.»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. 1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը՝ կարող ենք նշել, որ Նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի կարգավորումն իր բնույթով անցումային դրույթ է, հետեւաբար՝ չի կարող սահմանվել Նախագծի տեքստում: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք քննարկվող կարգավորումը սահմանել Նախագծի անցումային դրույթում: 2) «Զենքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ «Քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություններ ունեցող մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն` (…) բ) սահմանված կարգով անհատույց առգրավել եւ ոչնչացնել հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը, բացառությամբ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված եւ անօրինական հիմքերով դրանք տնօրինողների մոտ գտնվող զենքի. (…)»: Հարկ է նկատել, որ «Զենքի մասին» օրենքի գործող իրավակարգավորումներով արդեն իսկ սահմանված է քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության վրա վերահսկողության լիազորություններ ունեցող մարմինների պաշտոնատար անձանց կողմից հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքի, բացառությամբ մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը ձեռք բերված եւ անօրինական հիմքերով դրանք տնօրինողների մոտ գտնվող զենքի անհատույց առգրավելու եւ ոչնչացնելու հնարավորությունը: Հետեւապես՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի սահմանման անհրաժեշտությունը: 69. Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք: Հրաձգարան գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ պահանջներ:»: Հարկ է նկատել, որ Նախագծի 10-րդ հոդվածում սահմանված իրավակարգավորումներից բխում է, որ հրաձգարան գործարկելը լիցենզավորման ենթակա գործունեություն է: Ուստի հասկանալի չէ Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասում հրաձգարան գործարկելու թույլտվության մասին նշումը: Նախագծում ներքին հակասությունները բացառելու նպատակով առաջարկում ենք վերանայել Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված իրավակարգավորումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: 70. Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Զենքի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օերնքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:» Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «Զենքի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակմանը: 71. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»: Մեջբերված նորմի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթում նշում կատարել Նախագծի մի շարք հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետների մասին: 72. Նախագծի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն՝ «2022 թվականի հունվարի 1-ից հետո «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ ստացած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ համապատասխան դիմումի դեպքում տվյալ լիցենզիաների եւ թույլտվությունների ժամկետները համապատասխանեցնել սույն օրենքով նախատեսված ժամկետներին: Մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը տրված լիցենզիաներն ու թույլտվությունները շարունակում են գործել մինչեւ դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը:»: Մեջբերված կարգավորումներից բխում է, որ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար լիցենզիաների եւ թույլտվությունների ժամկետների համապատասխանեցման տեսանկյունից տարանջատված մոտեցում է նախատեսված. առանց օբյեկտիվ հիմքի մատնանշման ժամկետների համապատասխանեցման հնարավորությունը սահմանված է միայն 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրված լիցենզիաների եւ թույլտվությունների համար: Այսպես, անհասնակալի է՝ ինչով է պայմանավորված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց 2022 թվականի հունվարի 1-ից առաջ տրված լիցենզիաների եւ թույտվությունների պարագայում ժամկետների համապատասխանեցման հնարավորության բացառումը, իսկ որոշակի թվականից հետո տրված լիցենզիաների եւ թույլտվությունների համար՝ համապատասխան հնարավության սահմանումը: Հետեւաբար՝ առաջարկում ենք կա՛մ տրված բոլոր լիցենզիաների եւ թույլտվությունների համար նախատեսել ժամկետների համապատասխանեցման առնչությամբ միատեսակ մոտեցում, կա՛մ բոլոր լիցենզիաների եւ թույլտվությունների պարագայում վերջիններիս գործողությունը թողնել մինչեւ դրանցում նշված ժամկետի ավարտը: 73. Նախագծի մի շարք հոդվածներում առկա են անավարտ նախադասություններ, վրիպակներ, հասկացությունների շփոթի հանգեցնող ձեւակերպումներ: Ուստի՝ առաջարկում ենք տվյալ տեսանկյունից վերանայել Նախագիծը՝ կարգավորումների հստակությունը, ինչպես նաեւ մտքի կապակցվածությունն ապահովելու նպատակով: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության, ինչպես նաեւ Սահմանադրության 39-րդ հոդվածի տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքի, «Ոստիկանության մասին» օրենքի, 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին, 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 10.05.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մի շարք օրենքներում: Մասնավորապես՝ Նախագծում սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ կիրառվող նույն բովանդակությունն արտահայտող եզրույթների անվանումներից տարբեր անվանումներ, հետեւաբար առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել բոլոր այն օրեսնդրական ակտերում, որտեղ կիրառվում են Նախագծով սահմանված եզրույթների նոր անվանումներից տարբերվող անվանումներ, բացի այդ՝ սույն եզրակացության դիտարկումների հիման վրա առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Լիցենզավորման մասին», «Ոստիկանության մասին», «Պետական տուրքի մասին», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներում: Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), Ն.Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 10.05.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է կանոնակարգել Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական շեղբավոր եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները (որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով), ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանները: Առաջարկվող օրենսդրական կարգավորումները՝ - սահմանում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենք եւ փամփուշտներ ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոները եւ թույլտվությունները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալու եւ լիցենզիաներից զրկելու կարգը, - իրավական հիմք են ստեղծում զենքի տիրապետման, օգտագործման, պահպանման վերաբերյալ ուսուցման որոշակի կանոնակարգման համար, - հաստատում են զենքի, զինամթերքի եւ մատուցվող ծառայությունների շրջանառության ոլորտում պետական եւ լիազոր մարմինների իրավասությունների ցանկը, - կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող սուբյեկտների կողմից զենքի կիրառման պայմանները, - կարգավորվում են կարճափող զենքի շրջանառությունը, խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում եւ այլն: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները: 1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով տրվում է «զենքի եւ հրազենի հիմնական մասերի (այսուհետ՝ զենք) շրջանառություն» հասկացության սահմանումը, ըստ որի՝ այն իրենից ներկայացնում է. «զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում եւ ոչնչացում, ինչպես նաեւ ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ համապատասխանաբար ներկրում եւ արտահանում)»: Տվյալ սահմանման մեջ օգտագործվում են այնպիսի հասկացություններ (բառեր), որոնք բովանդակային առումով ներառվում են միմյանց մեջ, օրինակ՝ «վաճառք», «ձեռքբերում», «ներկրում» եւ «արտահանում» հասկացությունները հանդիսանում են «առեւտուր» հասկացության բաղկացուցիչ մասերը, ուստի՝ անիմաստ է դառնում դրանց առանձին-առանձին շեշտադրումը: Կան նաեւ օրենքով սահմանված եւ լայնորեն կիրառվող հասկացություններ, որոնց փոխարեն այս սահմանման մեջ օգտագործվում են դրանց առանձին բաղադրիչներ, օրինակ՝ «նվիրատվություն», «ժառանգում» եւ «փոխանցում» հասկացությունների փոխարեն (եւ ավելի լայն կամ ամբողջական իմաստով) ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում օգտագործվում է «օտարում» հասկացությունը, որի մասին որեւէ հիշատակում չկա այս սահմանման մեջ, իսկ փոխարենը՝ գրված են բառեր, որոնք շրջանառության բաղկացուցիչ մաս չեն կարող համարվել (օրինակ՝ զենքի կրումը եւ օգտագործումը): Մյուս կողմից, եթե սահմանվում է «շրջանառություն» հասկացությունը, ապա հարկ է նկատի ունենալ, որ այն շատ ավելի լայն հասկացություն է, քան արտադրությունն ու առեւտուրը միասին վերցրած, հետեւաբար՝ ցանկացած ապրանքի «շրջանառություն» հասկացության սահմանման մեջ անհրաժեշտ է շեշտադրել նաեւ այդ ապրանքի հետ կապված աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման հանգամանքները: Ընդ որում, Նախագիծը ոչ միայն տվյալ սահմանման իմաստով, այլեւ ընդհանուր առմամբ չի կարգավորում զենքի եւ զինամթերքի հետ կապված ծառայությունների եւ աշխատանքների կատարման, ինչպես նաեւ զենքի եւ զինամթերքի ոչնչացման առնչությամբ ծագող հարաբերությունները, ինչն էլ անհրաժեշտ է լրացնել (այս առումով միայն տրվում է «զենքի նորոգում» հասկացության սահմանումը): Հաշվի առնելով վերը շարադրվածը, առաջարկում ենք «զենքի եւ հրազենի հիմնական մասերի (այսուհետ՝ զենք) շրջանառություն» հասկացությունը սահմանել հետեւյալ կերպ. «զենքի եւ հրազենի հիմնական մասերի (այսուհետ՝ զենք) շրջանառություն՝ զենքի արտադրություն, իրացում (այդ թվում՝ արտահանում եւ ներմուծում), օտարում (այդ թվում՝ նվիրատվություն, նվիրաբերություն, ժառանգություն, փոխանցում եւ այլն), զենքի հետ կապված ծառայությունների մատուցում (այդ թվում՝ նորոգում, պահպանություն, ոչնչացում, հաշվառում եւ այլն) եւ աշխատանքների կատարում (այդ թվում՝ հավաքածուների կազմում եւ ցուցադրություն, հրաձգարանների կառուցում եւ այլն)»: 2. Նախագծի 5-րդ հոդվածում՝ ա) 2-րդ մասում (եւ հետագա տեքստում) օգտագործվում է «ձեռնարկություն» եւ «հիմնարկ» հասկացությունները, որոնք առաջարկում ենք հանել եւ սույն օրենքի շրջանակներում թողնել միայն «կազմակերպություն» հասկացությունը, բ) 5-րդ մասով սահմանվում է, որ. «Ծառայողական զենքի փամփուշտները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտներին:», որի հետ կապված մի քանի խնդիրներ են առաջանում: Նախ, անհասականալի է մնում, թե ինչու՞ միայն զենքի փամփուշտները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտներին (կարծում ենք, այս առումով անհրաժեշտ է ամրագրել ստանդարտներին ոչ միայն փամփուշտների (իսկ ավելի ճիշտ՝ զինամթերքի), այլեւ կամ առաջին հերթին՝ զենքի համապատասխանության պահանջը), երկրորդ՝ զենքը եւ զինամթերքը պետք է համապատասխանեն ոչ միայն ՀՀ-ում ընդունված ստանդարտներին, այլեւ միջազգային պայմանագրերով սահմանված ստանդարտներին, քանի որ «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն. «Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են ստանդարտացման գործունեությունը կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:», երրորդ՝ ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող զենքը եւ զինամթերքը պետք է համապատասխանեն ոչ միայն սահմանված ստանդարտներին, այլեւ առաջին հերթին ՀՀ-ում սահմանված տեխնիկական կանոնակարգերին, եւ չորրորդ՝ ստանդարտներին եւ տեխնիկական կանոնակարգերին պետք է համապատասխանեն ոչ միայն ծառայողական, այլեւ բոլոր տեսակի զենքերը եւ զինամթերքը, քանի որ ստանդարտացման եւ տեխնիկական կանոնակարգման պահանջները տարածվում են ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող բոլոր ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների վրա: Հաշվի առնլով վերը շարադրվածը, առաջարկում ենք նշված մասը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող զենքը եւ զինամթերքը պետք է համապատասխանի օրենքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ստանդարտներին եւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:»: 3. Առաջարկում ենք հանել Նախագծի 8-րդ հոդվածը (ինչպես նաեւ Նախագծի հետագա տեքստում դրա հետ կապված դրույթները), որով սահմանվում են քաղաքացիական եւ ծառայողական զենքի եւ դրանց փամփուշտների սերտիֆիկացման հետ կապված շատ ընդհանրական նորմեր: Խնդիրը կայանում է նրանում, որ սերտիֆիկացումը, որպես կանոն, կիրառվում է մարդկանց մասնագիտական կարողությունների հավաստման նպատակով, իսկ ապրանքները, ծառայությունները եւ աշխատանքները որոշակի պահանջներին համապատասխանության հավաստման առումով կիրառվում են ստանդարտացման եւ տեխնիկական կանոնակարգման մեխանիզմները, որոնց մասին էլ Նախագիծն առանձին կարգավորումներ է պարունակում: 4. Նախագծի 9-րդ հոդվածում (եւ հետագա ամբողջ տեքստում) «ռեգիստր» բառի փոխարեն առաջարկում ենք օգտագործել այս հոդվածի բովանդակությանը համապատասխանող եւ օրենսդրությամբ կիրառվող «տեղեկատվական շտեմարան», «ռեեստր» կամ «ռեգիստր» հասկացություններից որեւէ մեկը («կադաստր» հասկացությունը որպես կանոն, նաեւ միջազգային իրավակիրառ պրակտիկայում, օգտագործվում է անշարժ եւ շարժական գույքի հետ կապված տվյալների հավաքման եւ պահպանության նպատակով): 5. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ. «Զենքի արտադրության, ներկրման, արտահանման եւ առեւտրի լիցենզիայի գործողության ժամկետը, համապատասխան դիմումի հիման վրա, կարող է երկարաձգվել եւս 5 տարով:», ինչը բավականին մեկնաբանելի դրույթ է (այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ լիցենզիայի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ, որից հետո, գործունեության շարունակման դեպքում, նոր լիցենզիա պետք է հանել): Այս կապակցությամբ առաջարկում ենք տվյալ մասի (ինչպես նաեւ Նախագծի հետագա տեքստում՝ նմանատիպ բոլոր մասերում) «կարող է» բառից առաջ ավելացնել «յուրաքանչյուր անգամ» բառերը: 6. Նախագծի 13-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվում է «վտանգավոր էկոլոգիական արտադրությունների օբյեկտներ» հասկացությունը, որն առաջին անգամ է օգտագործվում եւ անհրաժեշտ է տալ այդ հասկացության սահմանումը: 7. Նախագծի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Որպես պարգեւ տրված զենքը պարգեւատրվողին է հանձնվում ցմահ սեփականության իրավունքով՝ զենքը պահելու եւ կրելու թույլտվությամբ:», որն առաջարկում ենք հանել, քանի որ այն ոչ միայն իրավական ծանրաբեռնվածություն չի կրում (այդ հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով), այլեւ պարունակում է ոչ ճիշտ բառակապակցություններ (օրինակ՝ «ցմահ սեփականության իրավունք») եւ հակասում է զենքը պահելու եւ կրելու թույլտվության հետ կապված՝ սույն Նախագծով սահմանվող նորմերին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 27.04.2022թ.
Սոցիալական փորձաքննության արդյունքները Պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվել է շրջանառության մեջ դնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակը, ըստ Նախագծի հեղինակների, Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային զենքի, մարտական շեղբավոր եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության ժամանակ ծագող հարաբերությունների կարգավորումն է՝ ուղղված քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմանը: Նախագծի ընդունման նպատակը, համաձայն կից ներկայացված հիմնավորման, հանցավոր ոտնձգություններից մարդու կյանքի, անձեռնմխելիության եւ անվտանգության, առողջության, համբավի եւ պատվի, սահմանադրական իրավունքների եւ ազատությունների հավասարության, սեփականության իրավունքի անխախտելիության պաշտպանությունն է, քանի որ, ըստ հեղինակների, պետությունը միշտ չէ, որ կարողանում է ապահովել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից եւ երաշխավորել քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը: Համաձայն նույն հիմնավորման, քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում գործող իրավահարաբերությունները պատշաճ կարգավորված չեն կամ հակասական են, իսկ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին հրազենով հանցագործությունների մեծամասնությունը կատարվել է անօրինական հրազենից: Մինչդեռ, օրինական հրազենից կատարվող հանցագործությունների թիվը տասնապատիկ անգամներով ցածր է: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ըստ Նախագծի հեղինակների, հրազենը որպես քաղաքացիների կողմից անհրաժեշտ ինքնապաշտպանություն իրագործելու արդյունավետ, զսպիչ միջոց դիտարկելը, կարծում ենք, բավականին վիճահարույց մոտեցում է, քանի որ քաղաքացիական զենքի զանգվածային շրջանառության թույլատրումը կհանգեցնի հասարակության շրջանում զինված անձանց թվաքանակի կտրուկ աճին, ինչն էլ, իր հերթին, կարող է նպաստել զենքի գործադրմամբ հանցագործությունների թվի ավելացմանը, որի հետեւանքով, կարող է խաթարվել մարդկանց սոցիալական անվտանգության մակարդակը: Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի հիմնական հասկացությունների 17-րդ կետը հստակեցման կարիք ունի, ըստ որի՝ ուսումնական զենքը. « միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա է, որը հնարավոր չէ վերանորոգել եւ դարձնել աշխատունակ»: Այսինքն, խոսքը գնում է ուսումնական զենքի մասին, սակայն պարզ չէ, թե ի՞նչ պետք է նկատի ունենալ «վերանորոգելու եւ աշխատունակ դարձնելու» տակ: Ամենայն հավանականությամբ, հեղինակները նկատի են ունեցել ուսումնական զենքը վերափոխելը եւ մարտունակ դարձնելը: 2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակության մեջ պարզ չէ եւ հստակեցման կարիք ունի « ըստ օգտագործման փոխարինում են միմյանց» բառակապակցությունը, թեեւ ավելի ճիշտ կլինի այն հանել, քանի որ այդ բառակապակցությունը իրավական որեւէ ծանրաբեռնվածություն չի կրում: 3. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակության մեջ առաջարկում ենք «մարմինները» բառը փոխարինել եզակի թվով՝ «մարմինը» բառով, քանի որ համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի՝ «Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:»: 4. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «Օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետությունից զենք դուրս բերելու ժամկետները, ինչպես նաեւ այն ներկրելու, արտահանելու եւ օգտագործելու կարգի խախտման դեպքերում զենքը վերցվում է օրենքով սահմանված կարգով:» նախադասության մեջ (ինչպես նաեւ Նախագծի հետագա տեքստում) առաջարկում ենք «վերցվում է» բառը փոխարինել «առգրավվում է» բառով: 5. Կարծում ենք, վերախմբագրման եւ առավել հստակեցման կարիք ունի 18-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունը, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ նպատակով եւ ի՞նչ ընթացակարգով պետք է սերտիֆիկացվեն «միայն կառուցվածքով զենքին նմանվող իրեր»-ը: Վերջինս հակասում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի էությանը, քանի որ միայն կառուցվածքով զենքին նմանվող իրերը զենքի հետ ընդհանրապես առնչություն չունեն: 6. Պարզաբանման կարիք ունի 21-րդ հոդվածի 10-րդ մասում «մալելուց հետո», «առանց մալելու» բառակապակցությունները: Այս կապակցությամբ առաջարկում ենք սույն օրենքով տալ «զենքի մալում» հասկացության սահմանումը: 7. Նախագծի 21-րդ հոդվածի 12-րդ մասում առաջարկում ենք «հրաժարվելու դեպքում» բառերից հետո ավելացնել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը: 8. Հստակեցման կարիք ունի Նախագծի 24-րդ հոդվածի 7-րդ մասը՝ «Հավաքածուի մեջ ընդգրկված քաղաքացիական զենքը կարող է օգտագործվել նաեւ ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների ընթացքում:»: Կարքում ենք, անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ ո՞վ կամ ովքե՞ր իրավունք ունեն օգտագործելու հավաքածուի մեջ ընդգրկված զենքը եւ հստակ ո՞ր իրավիճակներում: Հակառակ դեպքում, ցանկացած իրավիճակ կարելի է վերագրել ինքնապաշտպանության: 9. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, կարծում ենք, վերախմբագրման կարիք ունի: Անհրաժեշտ է վերախմբագրել « ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում թույլ է տվել կրկնակի հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.» նախադասության մեջ «կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող» բառակապակցությունը: 10. Նույն հոդվածի 2-րդ մասում՝ «ֆիզիկական անձը զրկվում է զենքի թույլտվությունից՝ 2 տարի ժամկետով, իսկ իրավաբանական անձը զրկվում է լիցենզիայից՝ 3 տարի ժամկետով:» անհրաժեշտ է հստակեցնել «զենքի թույլտվությունից» բառակապակցությունը, մասնավորապես, զենք պահելու՞, թե՞ զենք կրելու եւ պահելու թույլտվությունից: 11. Նախագծի 33-րդ հոդվածում. - կարծում ենք, որոշ վերաիմաստովորման կարիք ունի 2-րդ մասով սահմանված տարիքային շեմը (16 տարին լրացած անձ): Մեր կարծիքով, առավել նպատակահարմար կլիներ տարիքային շեմը սահմանել 18 տարին, - բացի այդ, վերախմբագրման կարիք ունի նույն հոդվածի 8-րդ մասի «եւ (կամ) զենքի պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկի անմիջական ներկայության եւ վերահսկողության ներքո:» նախադասության բովանդակությունը: Ըստ այդ մասի, ստացվում է, որ զենք պահելու եւ կրելու թույլտվությունը վերաբերում է ոչ թե երեխայի օրինական ներկայացուցչին, այլ հենց երեխային (այն դեպքւոմ՝ երբ երեխան չի կարող նման թույլտվություն ունենալ), - հստակեցման կարիք ունի նաեւ 9-րդ մասի բովանդակությունը, ըստ որի. «Սույն հոդվածի կանոնների պահպանմամբ, հրաձգարանում համապատասխան լիցենզիա ունեցող անձը, զենքը կարող է տրամադրել նաեւ անհատույց օգտագործման:»: Մասնավորապես, վերը շարադրածից անհասկանալի է, թե խոսքը ու՞մ մասին է գնում: Համաձայն Նախագծի 31-րդ հոդվածի, հրաձգարանի գործարկման թույլտվություն ունի իրավաբանական անձը, ուստի այս դեպքում, անհասկանալի է, թե ո՞վ կարող է տրամադրել զենքն անհատույց՝ իրավաբանական անձը, թե՞ հրաձգարանի հրահանգիչը: Բացի այդ, պարզ չէ նաեւ, թե կունկրետ ու՞մ, ո՞ր դեպքերում եւ ի՞նչ պայմաններում կարող է անհատույց տրամադրվել հրաձգարանի զենքը: Ներկայացված Նախագծում առկա են խմբագրական թերություններ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 26.04.2022թ.
|