ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-240-21.04.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-240-21.04.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
12.05.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով «Քաղաքաշինության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածն առաջարկում ենք բաժանել համարակալված պարբերությունների՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:»: 2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի հոդվածներով կատարվում են միայն փոփոխություններ: 3. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում հղում է կատարված Օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետին: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի կետերի համարակալման փոփոխությամբ պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել նաեւ Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված հղումը: 4. Նախագծի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենքի 12-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածները նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում վերջիններիս վերնագրերի փոփոխությամբ պայմանավորված՝ առաջարկում ենք վերանայել Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը: 5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Այս նորմի հաշվառմամբ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ հոդվածի 1-ին մասում «կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայր» ձեւակերպումից հետո սահմանել համապատասխան կրճատ տարբերակը, այն է՝ կենագործունեության միջավայր, այնուհետեւ հետագա հոդվածներում կիրառել միայն այդ տարբերակը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: 6. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համապատասխան մարզպետը եւ համայնքի ղեկավարը պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը (…):»: Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Համապատասխան մարզպետը եւ համայնքի ղեկավարը պարտավոր են մարզպետարանի եւ համայնքի պաշտոնական կայքերում հրապարակումներով, հասարակության տարբեր շերտերի ներգրավմամբ հանրային քննարկումներով, ինչպես նաեւ հնարավորության դեպքում առցանց եղանակով ծրագրերի եւ նախագծերի ցուցադրման միջոցառումներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրազեկել կենսագործունեության միջավայրի, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերով նախատեսվող քաղաքաշինական միջավայրի փոփոխությունների մասին՝ տեղեկացնելով եւ հնարավորության դեպքում հանրային իրազեկման միջոցառումներին ապահովելով քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցչի մասնակցությունը: (…)»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ «Համայնքի ղեկավարը քաղաքաշինության եւ կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետեւյալ սեփական լիազորությունները. 5) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին.»: Առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 42-րդ հոդվածի օրինակով «Տարածքային կառավարման մարմինների մասին» օրենքում քաղաքաշինության բնագավառում մարզպետի լիազորությունների շարքում ներառել Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 13-րդ եւ 14-րդ հոդվածներում սահմանված գործողությունների իրականացումը: Բացի այդ, առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «միջավայր» հասկացությունը վերանայել, հստակեցնել՝ կիրառելով Օրենքով գործածված «կենսագործունեության միջավայր» եզրույթը: 7. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված է՝ «Օրենքի 14.3-րդ հոդվածի 8.1-րդ մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից» բառերը փոխարինել «Կոմիտեի կողմից» բառերով:»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. 1) Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Կոմիտեն` (…) 7) սույն օրենքի 14.3-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված պահանջների ապահովմամբ համակարգում է միկրոռեգիոնալ եւ տեղական մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները եւ այդ փաստաթղթերի հաստատումից հետո ապահովում դրանց իրագործման վերահսկողությունը, մշակում է տարածքների եւ բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացման ռազմավարությունը. (…)»: Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Տեղական եւ միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն աջակցելու եւ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կոմիտեում ստեղծվում է տեղական եւ միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով)` պետական կառավարման շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: (…)»: Օրենքի 14.3-րդ հոդվածի 8.1-ին մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված տարածական պլանավորման փաստաթղթերը եւ դրանց նախագծման առաջադրանքները միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվում` 1) տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով` համայնքի ղեկավարի կողմից. 2) միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից:»: Օրենքի գործող իրավավակարգավորումների համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է տեղական եւ միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով. Կոմիտեն Օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում համակարգում է միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման աշխատանքները եւ վերջիններիս հաստատումից հետո ապահովում է իրագործման նկատմամբ վերահսկողությունը: Միաժամանակ՝ միկրոռեգիոնալ մակարդակների տարածական պլանավորման փաստաթղթերը (դրանք քննարկում են միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, եւ կարող են հաստատվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում) միջգերատեսրական հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվում միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մասով համապատասխան մարզպետի կողմից: Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 14.3-րդ հոդվածի 8.1-ին մասում կատարված փոփոխությամբ քննարկվող իրավասությունը Կոմիտեին փոխանցելն անհասկանալի է, ինչպես նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ պատճառաբանված չէ: Հատկապես՝ պարզ չէ՝ ինչու է Նախագծով սահմանված փոփոխությամբ միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի եւ դրանց նախագծման առաջադրանքների հատվածով միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու իրավասությունը վերապահվում Կոմիտեին, այն դեպքում, երբ վերջինս իրականացնում է տվյալ փաստաթղթերի եւ առաջադրանքների մշակման համակարգումը, ինչպես նաեւ դրանց հաստատումից հետո ապահովում է նաեւ իրագործման նկատմամբ վերահսկողությունը: Այլ կերպ ասած, ստացվում է, որ միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը եւ դրանց նախագծման առաջադրանքները միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու իրավասությունը վերապահվում է Կոմիտեին, որի կազմում ձեւավորվում է միջգերատեսեւական հանձնաժողովը: Նշվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել Նախագծով սահմանված փոփոխության արդյունքում Կոմիտեին վերապահված լիազորությունը, միաժամանակ՝ բացահայտել վերը մեջբերված փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը: 2) Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում «8.1-րդ» գրելաձեւը փոխարինել «8.1-ին» գրելաձեւով: 8. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (…)»: 9. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 14.3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 9-րդ մասում «ՀՀ կառավարության» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ, ինչպես նաեւ նույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին): 10. Նախագծի 7-րդ հոդվածի «Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով» ձեւակերպումն առաջարկում ենք վերանայել՝ հաշվի առնելով այն, որ Նախագծի 3-րդ հոդվածը բաժանված չէ մասերի:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների համապատասխանությունը «Քաղաքաշինության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 12.05.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 12.05.2022թ.
Ներկայացված Նախագիծն ուղղված է տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի լիազորությունների, պարտականությունների ու քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի հետ իրավահարաբերությունների հստակեցմանը, ինչպես նաեւ համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման կարգի սահմանմանը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 02.05.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք): Գործող իրավակարգավորմամբ, 2024 թվականի հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը, որի նպատակը մինչեւ 2024 թվականը բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելն է: Ըստ այդմ, Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի որոշ հոդվածներ, որոնցով կարգավորվում են տարածական պլանավորման փաստաթղթերի առկայության դեպքում համայնքի լիազորությունները, պարտականություններն ու քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի հետ իրավահարաբերությունները: Առաջարկվում է նաեւ վերախմբագրել Օրենքի որոշ դրույթներ (Նախագծի հոդված 13, հոդված 14)՝ համապատասխանեցնելով դրանք առկա իրավիճակին եւ քաղաքաշինական բնագավառի ռազմավարական մարտահրավերների պահանջներին: Նախագծի հեղինակն առաջարկում է հստակեցնել նաեւ սահմանված կարգով հաստատված, ինչպես նաեւ առանց սահմանված կարգի հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի տրամադրման կարգը, ինչպես նաեւ քաղաքաշինական գործունեության համար առանձնացված հատուկ կարգավորման օբյեկտների ցանկը՝ ներառելով միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքները: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Ընդհանուր առմամբ, ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի եւ փորձ է արվել հստակեցնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ գործառույթները, լրամշակել եւ վերախմբագրել Օրենքի որոշ հոդվածներ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 06.05.2022թ.
|