ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-241-21.04.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-241-21.04.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

13.05.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում է նոր թիվ.

«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 190-րդ հոդվածում՝

1. 1-ին մասում «166-187,» թվերից հետո լրացնել « 190,» թիվը: (...)»:

Օրենսգրքի՝ քննչական ենթակայությանը վերաբերող 190-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-164, 166-187, 190.1, 190.2, 191, 192, 195-201, 204, 212-214, 218, 222, 223, 223.1, 223.2, 223.3, 223.4, 225, 2251, 226.2, 227-232, 235-249 (բացառությամբ 235.1 հոդվածի), 251-298 (բացառությամբ 267.1 հոդվածի), 300, 300.1, 300.2, 301, 301.1, 307.1, 307.2, 307.3, 307.4, 308-328 (բացառությամբ 310.1 հոդվածի), 331-332.5, 336, 338.1, 338.2, 338.3, 341, 341.1, 341.2, 342.1, 342.2, 343-3451, 347-355 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի):

Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ. 

«5.1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցագործությունները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ 200, 201 եւ 214 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ, 309-րդ եւ 375-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով եւ զուգորդվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2, 154.9, 154.10, 161.2, 161.5, 310, 310.1, 311, 311.1, 311.2, 312, 312.1, 312.2, 313, 314, 314.2, 314.3 եւ 352 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները»:

Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք) 190-րդ հոդվածը ներառված է Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 6-րդ հավելվածում: Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի 5.1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում նախատեսվում է, որ Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 6-րդ հավելվածում ներառված հանցագործությունների մի մասի (Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5.1-ին մասի 3-րդ պարբերություն) վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները: Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5.1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսվում է, որ Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 6-րդ հավելվածում ներառված, սակայն, դրա մյուս պարբերություններում չթվարկված, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, օրինակ՝ եթե հանցագործությունները կատարվել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված: 

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված հանցագործությունների շարքում ներառված են Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 6-րդ հավելվածում թվարկվող եւ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5.1-ին մասի 3-րդ պարբերությունում ներառված եւ  բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենաթակայությանը հանձնված հանցագործությունները, բացի Քրեական օրենսգրքի 310.1-ին հոդվածից: Միաժամանակ՝ Օրենսգրքի 190-րդ հոդվածում թվարկվող հանցագործությունների շարքում ներառված չէ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածը, որը ընդգրկված է Քրեական օրենսգրքի կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 6-րդ հավելվածում, եւ որի գործով  նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ այն դեպքերի, երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով եւ զուգորդվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով: 

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք, իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասում հստակ թվարկել Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը ենթակա են քննչական կոմիտեին՝ բացառելով դրանցում այն հանցագործությունների ներառումը, որոնցով գործերը ենթակա են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին: Միաժամանակ՝ առաջարկում ենք Նախագծով Օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների քննչական ենթակայությունից դուրս բերվող կոռուպցիոն հանցագործությունների գործերով ենթակայության կանոնները հստակ նախատեսել այդ մարմիններին վերաբերող մասերում՝ բացառելով ոչ որոշակի կարգավորումների առկայությունը:

2.  Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի  2-րդ մասում լրացվում է նոր նախադասություն. «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ հարկային եւ մաքսային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով կատարում են համապատասխանաբար հարկային եւ մաքսային մարմինների քննիչները:»:

Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 6-րդ հավելվածում ներառված է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացման)  հանցագործությանը վերաբերող 190-րդ հոդվածը, որին վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5.1-ին մասի 1-ին պարբերությունը:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը:  Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Առավել եւս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծով Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5.1-ին մասերում կատարվող լրացումների եւ փոփոխության արդյունքում նախատեսվող կարգավորումներում հստակեցնել քննչական ենթակայության հարցերը նաեւ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դեպքում, երբ այն կատարվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից եւ վերաբերում է հարկային եւ մաքսային իրավահարաբերություններին:

3.  Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում 5.1-ին մասի 1-ին պարբերությունում նախատեսվում է հետեւյալ ձեւակերպումը՝ «հանցագործությունները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից»:

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված է հետեւյալը.

«3. Սույն գլխում պաշտոնատար անձինք են՝

1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում եւ զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:

4. Սույն օրենսգրքի 311-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.2-րդ եւ 313-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնատար անձինք են նաեւ՝

1) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որեւէ ներկայացուցչական մարմնի անդամները.

2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.

3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.

5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները։»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի՝ հանրային պաշտոններին վերաբերող 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ «1. Հանրային պաշտոններն ընտրովի կամ նշանակովի պաշտոններ են, որոնք զբաղեցվում են քաղաքական գործընթացների, հայեցողական որոշումների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ընթացակարգերի արդյունքով: Այդ պաշտոններն զբաղեցնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում անհատական կամ կոլեգիալ կարգով ընդունում են որոշումներ, պատասխանատվություն կրում իրենց կայացրած որոշումների համար, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հանրային պաշտոնը դասակարգվում է խմբերի՝ պետական եւ համայնքային:

3. Պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար եւ հայեցողական:

4. Համայնքային պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական եւ հայեցողական:»:

«Հանրային ծառայության մասին» օրենքի՝ հանրային պաշտոնների դասակարգմանը վերաբերող 2-րդ գլխում ներառված հոդվածներով նախատեսվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց իրավասությանը եւ նրանց պաշտոններին ներկայացվող պահանջներին վերաբերող կարգավորումները, որոնց վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ հանրային պաշտոնների որոշ տեսակների նկարագրությունը ներառվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգավորումներում: Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5.1-ին մասում հստակեցնել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով չսահմանված շրջանակը: 

4.  Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է «(բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով:

Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը.

Օրենսգրքի 190-րդ հոդվածի գործող 3-րդ մասի համաձայն՝ «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:» 

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով ազգային անվտանգության մարմինների քննիչների ենթակայությանն է հանձնվում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված այն հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը, որոնք նախատեսված չեն 190-րդ հոդվածի 5.1-ին մասում: Հետեւաբար, կարծում ենք՝ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված փոփոխությունը կարող է հանգեցնել անհիմն կրկնության: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասում բացառել անհիմն կրկնությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասում ազգային անվտանգության մարմինների ենթակայությանը հանձնված հանցագործություններից Քրեական օրենսգրքի 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի վերաբերյալ բացառության սահմանման նշումը կատարվել է դրույթի հստակության ապահովման նպատակով: 

5.  Նախագծի՝ տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1)  Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք գրել «քրեական» բառից առաջ՝ Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված պահաջին, այն  է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»:

2)  Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

3)   Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասի «5.1-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «5.1-ին» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը: Բացի այդ Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ.» բառերը եւ միջակետն առաջարկում ենք հանել:

4)   Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքի 190-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5.1-ին մասում առաջարկում ենք ապահովել հոդվածների համարների գրության միասնական մոտեցում:

5)   Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

12.05.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
 

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248)

12.05.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահել որոշակի տեսակի հանցագործությունների քննությունը, իսկ մնացած կոռուպցիոն հանցագործությունների քննությունն այդ կոմիտեի ենթակայությանը վերապահելու համար նախատեսել որոշ վավերապայմաններ, այն է՝ եթե այդ հանցագործությունները կատարվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ նախաքննությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը))՝ հարկային եւ մաքսային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով կատարեն համապատասխանաբար՝ հարկային եւ մաքսային մարմինների քննիչները, քանի որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները պետք է ապահովված լինեն ֆինանսական, տեխնիկական համարժեք ռեսուրսներով, միաժամանակ՝ ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը ենթադրում է լրացուցիչ տակտիկայի կիրառում, իսկ հարկային եւ մաքսային քննիչներին հասանելի է ֆինանսական հանցագործությունների բացահայտման համար բավարար տեղեկատվության շրջանակ: 

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

25.04.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում:

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակային գերակշռությունից: 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, այն կառավարելի դարձնելու միջոցով կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների նախաքննությունը պատշաճ եւ որակյալ դարձնելու հրամայականով: 

Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝ 

  •      Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահել միայն այն կոռուպցիոն բնույթի գործերը, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից՝ սահմանելով նաեւ այդ կանոնից բացառություններ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին վերապահելով նաեւ որոշ այլ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննություն իրականացնելու  իրավասություն: Այս նկատառումով առաջարկվում է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությունից հանել նաեւ մասնավոր կոռուպցիոն դեպքերի քննությունը: 
  •      Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին վերապահել նաեւ այնպիսի հանցագործությունների նախաքննությունը, որոնք իրենց դրսեւորումներով հիմնականում կոռուպցիոն հատկանիշ չեն պարունակում: Դրանք են ՀՀ քրեական օրենսգրքի 308, 309 եւ 375 հոդվածներով նախատեսված հանցագործությունները՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, ինչպես նաեւ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, եթե կատարվել են բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով? 
  •      Նախաքննությունը  ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի /Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը /փողերի լվացում//՝ հարկային եւ մաքսային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով կատարել համապատասխանաբար հարկային եւ մաքսային մարմինների քննիչների կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային եւ մաքսային մարմինների քննիչներին իրենց գործունեության շրջանակներում հասանելի է ֆինանսական հանցագործությունների բացահայտման համար բավարար տեղեկատվություն, տեղեկատվություն ստանալու մեխանիզմներ, համապատասխան ռեսուրսների շրջանակ, ինչը կարող է նպաստել հարկային եւ մաքսային իրավահարաբերություններով փողերի լվացման վերաբերյալ գործերով արդյունավետ նախաքննության իրականացմանը: 

Նախագիծը սոցիալ, կրթական,  առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

                      Եզրահանգում

Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ
 

(հեռ.՝ 011 513-270, 12-70)

04.05.2022թ.