ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-242-26.04.2022-ՊԱ-011/0) եւ  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2421 - 26.04.2022-ՊԱ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-242-26.04.2022-ՊԱ-011/0),  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-2421 - 26.04.2022-ՊԱ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                             ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

17.05.2022թ.





Իրավական փորձաքնության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում լրացնել նոր եզրույթ՝ «թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ (այսուհետ՝ ածանցյալներ)»: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մայիսի 6-ին վավերացված «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ (այսուհետ՝ Արձանագրություն) սահմանված դրույթներով: Այսպես՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արձանագրության բոլոր այն դրույթները, որոնք պարունակում են թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների (այսուհետ նաեւ՝ ածանցյալներ) վերաբերյալ կարգավորումներ, վերաբերում են նաեւ «նոր պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութերին (այսուհետ՝ հոգեակտիվ նյութեր)» եզրույթին, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Օրենքում առկա չեն վերջինիս վերաբերյալ կարգավորումներ՝ կարծում ենք՝ նպատակահարմար է Օրենքի 3-րդ հոդվածում «ածանցյալ» եզրույթի հասկացությունից բացի լրացնել նաեւ «հոգեակտիվ նյութ» եզրույթի հասկացությունը:

2.   Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է ածանցյալների վերաբերյալ լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 40-րդ գլխի մի շարք հոդվածներում՝ առաջարկում ենք Օրենսգրքի 40-րդ գլխում սահմանված դրույթների համար հիմք հանդիսացած արգելքները սահմանող Օրենքի «Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեությանը ներկայացվող պահանջները» վերտառությամբ 3-րդ գլխում նույնպես լրացնել ածանցյալների շրջանառության արգելքի վերաբերյալ կարգավորումներ: 

Բացի Օրենքի նշված գլխից՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է ածանցյալների վերաբերյալ լրացումներ կատարել նաեւ Օրենքի մի շարք այլ հոդվածներում, ինչպես օրինակ՝ Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետում, 38-րդ, 39-րդ, 40-րդ եւ այլ հոդվածներում:

3.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «կամ ածանցյալներ» բառերը լրացնել Օրենսգրքի 394-րդ հոդվածի վերնագրում, որի արդյունքում այն ունենում է հետեւյալ տեսքը. «Պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) կամ ածանցյալներ պատրաստելու նպատակով, պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը»: Նշված մասի բովանդակությունից բխում է, որ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների պատրաստման համար անհրաժեշտ են պրեկուրսորներ: Այսպես՝ Օրենքի 4-րդ պարբերությամբ սահմանվում է. «թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ (այսուհետ՝ պրեկուրսորներ)` նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալիս, արտադրելիս, պատրաստելիս, վերամշակելիս եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1988 թվականի «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում.»: Համադրելով այս սահմանումը «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածում լրացվող «թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ (այսուհետ՝ ածանցյալներ)» եզրույթի սահմանման հետ, այն է. «(…) սինթետիկ կամ բնական ծագման նյութեր, որոնք առանձին տողերով ներառված չեն Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում, որոնց քիմիական կառուցվածքն առաջացել է համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի քիմիական կառուցվածքում մեկ կամ մի քանի ջրածնի ատոմների, հալոգենների կամ հիդրոքսիլ խմբերի փոփոխումով (ձեւական փոխարինում) այլ միարժեք կամ երկարժեք ատոմներով կամ փոխարինողներով (բացառությամբ՝ հիդրոքսիլ եւ կարբոքսիլ խմբերի), որոնցում ածխածնի ատոմների ընդհանուր քանակը չպետք է գերազանցի համապատասխան թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ելակետային քիմիական կառուցվածքում ածխածնի ատոմների քանակը (…)», կարող ենք փաստել, որ ածանցյալը չի կարող ունենալ պրեկուրսոր: Հետեւաբար նպատակահարմար չէ Օրենսգրքի 394-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում լրացումներ կատարել ածանցյալների վերաբերյալ:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ առաջարկում ենք ածանցյալների վերաբերյալ լրացումներ չկատարել նաեւ Օրենսգրքի 399-րդ հոդվածում:

4.   Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացնել «կամ ածանցյալ» բառը Օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովազդելու կամ դրանք ապօրինի իրացնելու կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ կարգավորում: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանվում են Օրենսգրքի իմաստով զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր համարվող թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը: Հետեւաբար կարծում ենք՝ անհրաժեշտ է Օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասից բացի ածանցյալների վերաբերյալ լրացում կատարել նաեւ նույն հոդվածի 4-6-րդ մասերում:

5.   Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի՝ «Ալկոհոլի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ազդեցության հետեւանքով ոչ սթափ (հարբած) վիճակում քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված արարքը կատարած անձի քրեական պատասխանատվությունը» վերտառությամբ 27-րդ հոդվածում լրացվում է կատարվում ածանցյալների առնչությամբ՝ կարծում ենք՝ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարել նաեւ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերում, որոնք նախատեսում են վերոնշյալ իրավիճակում հանցանք կատարելը՝ որպես պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք:

6.   Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 27-րդ, 393-399-րդ, 402-403-րդ, 515-րդ եւ 531-րդ հոդվածների՝ վերնագրերում «(անալոգ)» եւ «(անալոգի)» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ ածանցյալներ» եւ «կամ ածանցյալների» բառերը»: Վերը մեջբերված ձեւակերպումից բխում է, որ նշված հոդվածներում միաժամանակ առկա են եւ՛ «անալոգ» բառը, եւ՛ «անալոգի» բառը: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ այդ հոդվածի նպատակն է «(անալոգ)» բառից հետո լրացնել «կամ ածանցյալներ» բառերը, իսկ «(անալոգի)» բառից հետո՝ «կամ ածանցյալների» բառերը: Հարկ է նկատել, որ այդ դեպքում անհրաժեշտ է պարզապես նշել, որ ցանկացած հոլովաձեւով շարադրված «(անալոգ)» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «կամ ածանցյալներ» բառերը՝ համապատասխան հոլովաձեւով:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետին:

7.   Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանումը շարադրելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, այն է. «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:» եւ «Հայաստանի Հանրապետության» բառերը շարադրել օրենսգրքի ընդունման ամսաթվից հետո:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

13.05.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթով կատարվող լրացումների արդյունքում, կարծում ենք, անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել նաեւ մի շարք այլ օրենքներում: Մասնավորապես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 44.1-ին, 126-րդ եւ այլ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրեսնգրքի 108-րդ, 113-րդ եւ 239-րդ, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 28-րդ, «Փոստային կապի մասին» օրենքի 20-րդ, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 2-րդ եւ 29-րդ, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 14-րդ հոդվածներում եւ այլ օրենքներում:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                 ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

13.05.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքը լրացնել է նոր հասկացությամբ՝ այն համապատասխանեցնելով «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում» կիրառվող հասկացություններին: Բացի այդ, այս օրենքում լրացվող հասկացությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու նպատակով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Վերջինիս համաձայն՝ Օրենսգրքի 27-րդ, 393-399-րդ, 402-403-րդ, 515-րդ եւ 531-րդ հոդվածները կլրացվեն «ածանցյալ» հասկացությամբ, ինչի շնորհիվ կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու եւ դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-668)

02.05.2022թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով  առաջարկվում է լրացում կատարել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում, ինչպես նաեւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում»:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների կողմից փոփոխություւններ եւ լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության համար 2021թվականի հունիսի 21-ից ուժի մեջ մտած «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր), ինչով պայմանավորված էլ՝ անհրաժեշտություն է առաջացել Համաձայնագրի դրույթներին չհակասելու նպատակով լրացում կատարել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում՝ համապատասխանեցնելով այն Համաձայնագրում կատարված փոփոխություններին, մասնավորապես՝ լրացված հասկացությունների մասով: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ լրացումներ կատարել  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:

Վերոնշյալ նկատառումներից ելնելով՝ մշակվել է Նախագծերի փաթեթը՝ «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Այսպիսով, Նախագծերի փաթեթով առաջարկվում է. 

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքը լրացնել նոր՝ «թմրանյութերի հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ» հասկացությամբ,
լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում  (օրենսգրքի 27-րդ, 393-399-րդ, 402-403-րդ, 515-րդ եւ 531-րդ հոդվածները կլրացվեն «ածանցյալ» հասկացությամբ), ինչի շնորհիվ կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու եւ դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում:
Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

         Եզրահանգում

Ներկայացված Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70),

Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011 513-235, 12-35)

13.05.2022թ.