ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-243-26.04.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-243-26.04.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
18.05.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է լրացնել նոր 1.1-ին ենթակետ: Հիմք ընդունելով Օրենքի 7-րդ հոդվածի կառուցվածքը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացման բնույթն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «1-րդ մասը լրացնել նոր 1.1 ենթակետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.» ձեւակերպումը փոխարինել «լրացնել նոր՝ 1.1-ին մաս.» ձեւակերպմամբ: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պահանջից, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: 2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 1.1-ին մաս. «1.1 Նախարարը՝ 1) հաստատում է թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական եւ ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Operations Regulation). 2) հաստատում է թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական եւ ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Crew Regulation). 3) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (LICENSING). 4) սահմանում է օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները եւ կարգը (FOREIGN AVIATION SPECIALISTS LICENSE VALIDATION). 5) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական եւ հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (THEORETICAL TRAINING AND SPECIAL FLIGHTS). ( ) 8) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման եւ օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը. 9) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Թռիչքային Պիտանիության Պահպանում» կանոնակարգը. ( ) 12) հաստատում է Եվրոպական միության թռիչքների անվտանգության գործակալության «Եվրոպական Տեխնիկական Ստանդարտներ» ՍԻԵՍ-ԷՏՍՕ-ի մասին ձեռնարկը. 13) հաստատում է աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը. 14) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի թռիչքային պիտանիության ապահովման կանոնները. 15) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական ձեւափոխման եւ վերանորոգման աշխատանքների իրականացման կարգը. 16) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները. ( ) 19) հաստատում է աերոնավիգացիոն կապի եւ դիտարկման ապահովման կարգը. 20) հաստատում է օդանավում, ինչպես նաեւ քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման եւ շահագործման կարգն ու պայմանները. 21) հաստատում է Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները. 22) հաստատում է Հայաստանի Հանրապետության միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը. 23) սահմանում է ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները եւ սահմանափակումները. 24) հաստատում է աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը. 25) սահմանում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառելու եւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ներկայացնելու կարգը. 26) հաստատում է օդային երթեւեկության սպասարկման կարգը.( )»: Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. 1) Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ դրանով կատարվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ նշվում է հետեւյալը. «( )Օրենքի 7-րդ հոդվածում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման լիազորությունները: ( ) Նախագծով կատարվել են նաեւ մի շարք ընթացակարգային եւ գործառույթային բնույթի փոփոխություններ, ինչպես նաեւ լիազորությունների եւ գործառույթների բախշում եւ տարանջատում: ( )»: 2) Սահմանադրության օրինականության սկզբունքին վերաբերող 6-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը (տե՛ս Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61): Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության եւ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753): Ըստ Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը): Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է, որ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները: 3) Օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է, որ օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականները Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել եւ կիրառվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կողմից համապատասխան ծառայություններ մատուցվելու նպատակով, եթե օտարերկրյա պետության կողմից վկայականը տրված է կոմիտեի կողմից վկայականների տրման պահանջներից առնվազն նվազագույններին համապատասխան: Օտարերկրյա պետության կողմից տրված վկայականը ուժ է ստանում կոմիտեի վավերագրի տրամադրման ձեւով, որի պայմաններն ու կարգը սահմանում է կոմիտեն: Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ նախարարը սահմանում է օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները եւ կարգը (FOREIGN AVIATION SPECIALISTS LICENSE VALIDATION): Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի 23-րդ կետով նախատեսվում է, որ նախարարը սահմանում է ուղղաթիռադաշտերի շահագործման պայմանները եւ սահմանափակումները, Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին երկու պարբերությունները շարադրվում են նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում նախատեսվում է, որ աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկացման եւ հարթակների շահագործման թույլտվությունների տրման կարգերը եւ շահագործման պայմանները սահմանում է կոմիտեն: Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է, որ աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումը օդանավերի հետ հաշվառվում եւ ներկայացվում է ԻԿԱՕ՝ կոմիտեի սահմանած կարգով: Մինրդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի 25-րդ կետով նախատեսվում է, որ նախարարը սահմանում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառելու եւ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ներկայացնելու կարգը: Վերլուծելով եզրակացության 2-րդ կետի սույն եթակետում մեջբերված օրինակները (նշված բնույթի հակասությունները չեն սահմանափակվում թվարկված օրինակներով)՝ կարող ենք եզրակացնել, որ Նախագծով կատարվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում Օրենքում նախատեսվում են լիազորող նորմեր, որոնք չեն բավարարում իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես՝ նախատեսվում են կարգավորումներ, որոնք լիազորում են տարբեր սուբյեկտների սահմանելու նույն կամ նույնական կարգեր: 4) Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ կոմիտեն որոշակի կարգերի «սահմանման» իրավասությունը ունենալու դեպքերում (Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մաս), չունի Օրենքով նախատեսված պարտականություն դրանք նախարարի հաստատման ներկայացնելու, ուստի քննարկվող կարգավորումները չեն բավարարում իրավական որոշակիության պահանջին, այնքանով, որ դրանցով չի հստակեցվում քննարկվող կարգերը համարվում են սահմանված եւ գործող նախարարի կողմից կոմիտեի մշակած կարգը հաստատելու պահից, թե դրանք «սահմանվում են» կոմիտեի կողմից օրենքով արդեն իսկ նախատեսված իր լիազորությունը իրականացնելու դեպքում: Նախատեսվող կարգավորումներում՝ իրավական որոշակիության բացակայության արդյունքում ծագող հակասություններ առկա են Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի 3-րդ կետի եւ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի 5-րդ կետի եւ Օրենքի 34-րդ հոդվածի, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի 8-րդ կետի եւ Օրենքի 14-րդ հոդվածի, Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին մասի 13-րդ կետի եւ Օրենքի 29-րդ հոդվածի միջեւ (նշված բնույթի հակասությունները չեն սահմանափակվում թվարկված օրինակներով): Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում 1.1-ին մաս լրացնելիս եւ Նախագծով Օրենքում այլ փոփոխություներ եւ լրացումներ կատարելիս բացառել Օրենքում ներքին հակասությունների եւ ոչ որոշակի կարգավորումների առկայությունը: 3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է լրացնել նոր պարբերություն: Մինչդեռ հարկ է նկատել, որ հստակ չէ՝ որ պարբերությունից հետո է նախատեսվում կատարել քննարկվող լրացումը: Հետեւաբար Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկում ենք ապահովել հղման հստակությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում կատարված հղմանը: 4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. «Օրենքի 12-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Թռիչք/վայրէջքի հարթակ է համարվում հողային կամ ջրային հատվածը, որը նախատեսված է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների օդանավերի (ինքնաթիռ, ուղղաթիռ) թռիչք/վայրէջքների, գետնավարման եւ կայանման համար:». 2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք/վայրէջքային հարթակները կարող են շահագործվել միայն շահագործման թույլտվության հիման վրա:». 3) 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատը եւ հարթակների շահագործման թույտվությունը տրվում է կոմիտեի կողմից: Աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկացման եւ հարթակների շահագործման թույլտվությունների տրման կարգերը եւ շահագործման պայմանները սահմանում է կոմիտեն:». 4) 6-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կոմիտեն իր սահմանած կարգով իրականացնում է շարունակական վերահսկողություն սերտիֆիկացված կամ շահագործման թույլտվություն ստացած աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) եւ հարթակների, վերգետնյա միջոցների եւ ծառայությունների նկատմամբ` բացառապես ԻԿԱՕ-ի, Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ապահովության եւ անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման վերահսկողությունը չպետք է խոչընդոտի օդանավակայանների կառավարիչների բնականոն գործունեությանը:». (...):»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Օրենքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ նշվում է հետեւյալը. «(...) Օրենքի 12-րդ հոդվածի փոփոխությունները պայմանավորված են հետեւյալով. Օրենքը սահմանում է միջազգային եւ ներքին օդանավակայանների աերոդրոմների (ուղղաթիռադաշտերի) սերտիֆիկացման պահանջը, ինչը չի կարող տարածվել ընդհանուր նշանակության ավիացիայի համար օգատագործվող հարթակների վրա: Ներկայիս դրությամբ ՀՀ-ում գրանցված ցածր դասի օդանավ շահագործողների կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ ուղղված թռիչքային հարթակների կառուցմանը, որոնց հետագա շահագործման հարցը գործող օրենսդրությամբ կանոնակարգված չէ, իսկ Նախագծի ընդունման դեպքում կարող են սահմանվել ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք/վայրէջքային հարթակներին ներկայացվող պահանջները եւ դրանց շահագործման թույլտվության տրամադրման կարգը, ինչ եւ թույլ կտա կանոնակարգել դրանց օգտագործումը: (...) Նախագծով Օրենքի 12-րդ՝ օդանավակայանները եւ աերոդրոմները հոդվածում փոփոխություններ կատարելը պայմանավորված է ՀՀ-ում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման շրջանակներում վերջին ժամանակաշրջանում արձանագրված ցածր դասի օդանավերի (ինքնաթիռներ, ուղղաթիռներ) շահագործման ակտիվության հետ, որոնց կողմից հիմնականում օգտագործվում է «Զվարթնոց» օդանավակայանը, ինչն առաջացնում է շահագործողական որոշակի սահմանափակումներ: Ցածր դասի օդանավերի տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս դրանց թռիչք/վայրէջքների համար օգտագործել ոչ միայն աերոդրոմներ, այլ նաեւ հողային ծածկույթով համապատասխան հարթակներ, որոնց շահագործման պայմանները ներկայիս դրությամբ սահմանված չեն: Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա կանոնակարգել ընդհանուր նշանակության ավիացիայի համար օգատագործվող հարթակներին շահագործման թույլտվության տրման գործընթացը եւ շահագործման պայմանները: (...)»: Հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածում կատարվող լրացումների արդյունքում նախատեսվող կարգավորումներից եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից կարող ենք հստակեցնել, որ թռիչքի եւ վայրէջքի հարթակները չեն հանդիասանում օդանավակայանների մաս եւ դրանց ներկայացվող պահանջները անհրաժեշտ է սահմանել Օրենքով: Հիմք ընդունելով նշվածը՝ կարող ենք եզրակացնել, որ օրենքով աերոդրոմներին եւ օդանավակայաններին վերաբերող մի շարք պարտադիր պահանջներ կիրառելի չեն թռիչքի եւ վայրէջքի հարթակների նկատմամբ: Ուստի առաջարկում ենք դրանց ներկայացվող նվազագույն պահանջները նախատեսել Օրենքով: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նշվում է, որ ցածր դասի օդանավերի տեխնիկական բնութագրերը թույլ են տալիս դրանց թռիչք/վայրէջքների համար օգտագործել ոչ միայն աերոդրոմներ, այլ նաեւ հողային ծածկույթով համապատասխան հարթակներ, որոնք նախատեսվում են ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք/վայրէջքների համար, սակայն, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածում կատարվող լրացումների եւ փոփոխությունների արդյունքում նախատեսվում է, որ թռիչքի եւ վայրէջքի հարթակները նախատեսված են նաեւ ներքին ոչ կանոնավոր առեւտրային փոխադրումների համար: Հիմք ընդունելով եզրակացության սույն կետում մեջբերված կարգավորումները եւ կատարված դիտարկումները՝ առաջարկում ենք Օրենքում թռիչքի եւ վայրէջքի հարթակների վերաբերյալ նախատեսել ամբողջական կարգավորումներ՝ իրավական որոշակիության եւ օրինականության կզբունքների պահպանման նպատակով: 5. Նախագծում կիրառվում են «թռիչք/վայրէջքային հարթակներ», «թռիչք/վայրէջքի հարթակ» եւ «հարթակներ» եզրույթները: Առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտայատելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծում կիրառվող «շահագործման թույլտվություն» եւ «թույլտվություն» եզրույթներին: 6. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ պարաբերությունները շարադրվում են նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ «4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատը եւ հարթակների շահագործման թույտվությունը տրվում է կոմիտեի կողմից: Աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկացման եւ հարթակների շահագործման թույլտվությունների տրման կարգերը եւ շահագործման պայմանները սահմանում է կոմիտեն:»: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին եւ 2-րդ պարաբերությունների տեքստից հանել «4.» մասի համարը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հոդվածի մասի համարը չի համարվում Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին եւ 2-րդ պարաբերությունների բաղկացուցիչ մաս: 7. Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասի համաձայն՝ «7. Աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատի կամ հարթակի թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել կոմիտեի կողմից, եթե աերոդրոմը կամ հարթակը, դրանց շահագործման կազմակերպումը, սարքավորումները, միջոցները կամ ծառայությունները չեն համապատասխանում սահմանված պայմաններին կամ սահմանափակումներին: Եթե ի հայտ բերված թերությունները չեն ազդում թռիչքների եւ ավիացիոն անվտանգության վրա, ապա կոմիտեն իրավասու է շահագործողից պահանջելու վերացնել նշված թերությունները սահմանված ժամկետում, որի ընթացքում կարող են կիրառվել շահագործման սահմանափակումներ:»: Հարկ է նկատել, որ քննարկվող դրույթում սահմանված է աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատի կամ հարթակի թույլտվության գործողության վերաբերյալ կարգավորում, մինչդեռ նախատեսված պայմանը, որին անհամապատասխանության դեպքում աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատի կամ հարթակի թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել վերաբերում է միայն աեորոդրոմին կամ հարթակին: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 12-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ մասում «աերոդրոմը կամ հարթակը» բառերը փոխարինել «աերոդրոմը (ուղղաթիռադաշտը) կամ հարթակը» բառերով: 8. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 5-րդ մասի համաձայն՝ «5. Միջազգային առեւտրային օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում օդանավի օդաչուի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 60 տարին, իսկ օդանավում մեկից ավել օդաչուի առկայության դեպքում՝ 65 տարին: Թռիչքի ժամանակահատվածում Օդանավում մեկից ավել օդաչուի առկայության դեպքում 60 տարին անց կարող է լինել օդաչուներից միայն մեկը: Օդանավի թռիչքային անձնակազմի մյուս անդամների՝ շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի եւ բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին:»: Հարկ ենք համարում նշել, որ օդանավի թռիչքային անձնակազմի տարիքային սահմանափակումը նախատեսվում է միայն միջազգային առեւտրային օդային փոխադրումներ իրականացնելու դեպքերի նկատմամբ: Մինչդեռ Օրենքի 35-րդ հոդվածում սահմանված են օդանավի հրամանատարի եւ անձնակազմի անդամների վերաբերյալ կարգավորումներ: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվող փոփոխության արդյունքում բացի միջազգային առեւտրային օդային փոխադրումներ իրականացնող օդանավի թռիչքային անձնակազմի, մյուս բոլոր օդանավերի թռիչքային անձնակազմերի համար տարիքային սահմանափակումը վերացվում է: 9. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված են կոմիտեի իրավասությունները: Մինչդեռ հարկ է նկատել, որ մի շարք կարգավորումներ անհիմն կրկնում են Օրենքում առկա կարգավորումները: Օրինակ՝ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Կոմիտեն, որը՝ 1)պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի, քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտի աշխատողների ուսուցման ազգային ծրագրի, ինչպես նաեւ սույն կետում նշված ծրագրերից բխող կարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների եւ պլանների մշակման, համապատասխան նախարարի եւ Կառավարության քննարկմանը եւ հաստատմանը ներկայացման, դրանց ներդրման, կիրառման եւ պահպանման համար:»: Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Կոմիտեն` ( ) 8) մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի եւ ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը.»: Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավակարգավորումները՝ նշենք, որ ինչպես Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետում, այնպես էլ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում սահմանված է կոմիտեի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակման եւ համապատասծան նախարարին այն ներկայացնելու վերաբերյալ կարգավորում: Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Կոմիտեն, որը՝ ( ) 8) քննարկում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների եւ ավիացիոն գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն եւ ներդնեն այդ ծրագրերը: Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերը հանդիսանում են օդանավակայանի աերոդրոմի եւ (կամ) ուղղաթիռադաշտի սերտիֆիկատի կամ թույլտվության տրամադրման նախապայման.»: Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ «Կոմիտեն` ( ) 24) հաստատում է օդանավակայանների եւ օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը.»: Հարկ է նկատել, որ Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետում սահմանված է կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը: Կոմիտեի կողմից օդանավակայանների եւ օդանավ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատման կանոն է սահմանված նաեւ Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 24-րդ կետում: Այսպիսով՝ առաջարկում ենք Նախագծում բացառել անհիմն կրկնությունները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծով կոմիտեին վերապահվող եւ Օրենքում առկա նույնական այլ կարգավորումներին: 10. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Կոմիտեն, որը՝ 1)պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի, քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտի աշխատողների ուսուցման ազգային ծրագրի, ինչպես նաեւ սույն կետում նշված ծրագրերից բխող կարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների եւ պլանների մշակման, համապատասխան նախարարի եւ Կառավարության քննարկմանը եւ հաստատմանը ներկայացման, դրանց ներդրման, կիրառման եւ պահպանման համար:»: Վերոնշյալ կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Կոմիտեն` ( ) 8) մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի եւ ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը.»: Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում սահմանված կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից: Մասնավորապես՝ հասկանալի չէ՝ ո՞ր մարմնի հաստատման է ներկայացվում ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը. Կառավարության թե համապատասխան նախարարի: 11. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Կոմիտեն, որը՝ ( ) 8) քննարկում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների եւ ավիացիոն գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն եւ ներդնեն այդ ծրագրերը: Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերը հանդիսանում են օդանավակայանի աերոդրոմի եւ (կամ) ուղղաթիռադաշտի սերտիֆիկատի կամ թույլտվության տրամադրման նախապայման.»: Հիմք ընդունելով այն հանագամանքը, որ թույլտվություն նախատեսվում է միայն թռիչք/վայրէջքային հարթակի շահագործման համար, առաջարկում ենք սույն կարգավորման մեջ «թույլտվության» բառը փոխարինել «թռիչք/վայրէջքային հարթակի շահագործման թույլտվության» բառերով: 12. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 52-րդ հոդվածի 12-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված եւ Օրենքում կիրառվող եզրույթը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 13. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենքի 7-րդ հոդվածում, որի համաձայն՝ «Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի 4) ենթակետը:»: Հարկ է նկատել, որ Օրենքի 7-րդ հոդվածում կատարվող փոփոխությունները նախատեսված են Նախագծի 1-ին հոդվածում: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 7-րդ հոդվածում կատարվող փոփոխությունը նախատեսել Նախագծի 1-ին հոդվածում՝ Նախագծով նախատեսված փոփոխությունների ու լրացումների ըստ հոդվածների հաջորդականության կատարումն ապահովելու նպատակով: 14. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագիր չեն ունենում:»: 15. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ` 1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:» Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի անցումային դրույթներում բացակայում են Նախագծով սահմանաված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետի վերաբերյալ իրավակարգավորումները, ինչպես նաեւ օրենսդրական ակտերի այն մասերի վերաբերյալ նշումները, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումից հետո:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության եւ օրինականության սկզբունքների տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, «Ավիացիայի մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.05.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 17.05.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է «Ավիացիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) համապատասխանեցնել ՀՀ միջազգային համաձայնագրերին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձեւերին ու ընթացակարգերին, նշված փաստաթղթերում կատարված վերջին փոփոխություններին, ինչպես նաեւ կարգավորել բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթներ: Մասնավորապես, առաջարկվում է՝ - հստակեցնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման լիազորությունները, - կարգավորել ցածր դասի օդանավ շահագործողների կողմից թռիչքային հարթակների կառուցման եւ դրանց հետագա շահագործման հետ կապված հարաբերությունները, - օրենքում ներառել ԻԿԱՕ-ի հրապարակած փաստաթղթերում կատարված փոփոխությունները, որոնք ենթակա են պարտադիր կիրառման անդամ պետությունների կողմից: Մասնավորապես՝ Չիկագոյի կոնվենցիայի թիվ 17 «Անվտանգություն» հավելվածի նոր՝ 17-րդ խմբագրությամբ ավիացիոն անվտանգության բնագավառում սահմանվել են նոր չափորոշիչներ, որոնք նախատեսում են ՀՀ օրենսդրության պարտադիր համապատասխանեցում նշված պահանջներին ու չափորոշիչներին եւ այլն: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն խմբագրական առումով առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենքի 52-րդ հոդվածի նոր խմբագրությամբ տեքստի 5-րդ մասի 5-րդ կետի «բ» ենթակետում «առեւտրային ձեռնարկությունների» բառերը (որը հնացած եւ չօգտագործվող հասկացություն է) փոխարինել «կազմակերպությունների» բառով:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 02.05.2022թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ավիացիայի մասին» օրենքում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ավիացիայի մասին» օրենքի /այսուհետ՝ Օրենք/ մի շարք դրույթների՝ ՀՀ միջազգային համաձայնագրերին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՈ) կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձեւերին ու ընթացակարգերին համապատախանեցնելու, ինչպես նաեւ բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման, օդային տրանսպորտի բնագավառում առավել արդյունավետ քաղաքականության իրականացման հանգամանքով: Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝ 1. /Օրենքի 7-րդ, 44-րդ, 47-րդ եւ 48-րդ հոդվածների փոփոխություններ/
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կանոնավոր առեւտրային օդային հաղորդակցությունների իրականացման նշանակումները եւ թույլտվությունը տրամադրվում են օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրերի հիման վրա եւ անմիջապես կապված են Կառավարության կողմից վարվող քաղաքականության հետ:
2. /Օրենքի 12-րդ հոդվածի փոփոխություններ/
3. /Օրենքի 52-րդ հոդվածի փոփոխություն/
Ելնելով Չիկագոյի կոնվենցիայի 1-ին հավելվածի 2-րդ բաժնի 2.1.10 կետի պահանջներից՝ նախատեսվում է փոփոխություն կատարել նաեւ Օրենքի 35-րդ հոդվածում՝ դրա 5-րդ մասը շարադրելով նոր խմբագրությամբ, ինչի կապակցությամբ ներկայացնում ենք հետեւյալ նկատառումը. Փոփոխության համաձայն կիրառվում է «միջազգային առեւտրային օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում» արտահայտությունը, ինչի կապակցությամբ բաց է մնում վերոնշյալ սահմանման տակ չընկնող օդային այլ փոխադրումների դեպքում ավիացիոն անձնակազմին ներկայացվող պահանջների կանոնակարգումը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Ներկայացված Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ. ԿՐԹԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ (հեռ.՝ 011 513-360)
|