ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-244-27.04.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Պ-244-27.04.2022-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                           ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.05.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   Նախագծի 1-ին հոդվածով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվող փոփոխության եւ լրացման արդյունքում սահմանվում է, որ ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, մինչդեռ մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումների համար մրցույթի կազմակերպման դեպքում Կառավարությունը սահմանում է մրցույթին ներկայացվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակ: Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, ինչպես նաեւ Նախագծով, Օրենքով եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանված կարգավորումների վերլուծությունից հասկանալի չէ, թե ինչ սկզբունքից ելնելով է սահմանվել, որ բոլոր տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու վերաբերյալ պայմանը պարտադիր է միայն ներհամայնքային փոխադրումների դեպքում: Այս առումով, կարծում ենք, անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորում:

2.   Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ զ.1-ին կետը սահմանում է. «Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասն ավելացնել նոր կետով՝. «զ.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի երկրորդի առաջին մասում նշված պայմանների խախտումները.»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասով նախատեսված պայմանների խախտման համար: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասը բավանդակում է՝ «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մրցութային եղանակով արդեն ընտրված եւ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ օպերատորների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շահագործվող ներհամայնքային կանոնավոր երթուղիները 2023 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցներով համալրելու կամ փոխարինելու դեպքում դրանք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»: Նշված դրույթի բովանդակությունից բխում է, որ  Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասը ոչ թե պայման է , որը չկատարելը կարող է երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հիմք հանդիսանալ այլ Նախագծի անցումային դրույթն է: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե` 1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ 2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ 3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է որոշակի անձանց շրջանակի ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր ՝ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացումը պետք է սահմանել, որպես Նախագծի անցումային դրույթ, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող նոր՝ զ.1-ին կետը չի կարող հղում կատարել տվյալ լրացվող դրույթին: Այլ հարց է, որ, որպես երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հիմք, կարող է նախատեսվել համապատասխան տրանսպորտային միջոցների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար  մատչելի չլինելու հանգամանքը:

3.  Նախագծի տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` 3) հոդվածներ, (...)  նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով. 4) (...)»: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ » բառերը փոխարինել «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերով, 

2) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝  «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով»՝ ետեւաբար առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում նշված «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով: 

3) Նախագծի 4-րդ հոդվածով նշվում է. «Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. (…)»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրացում կատարվում է նոր նախադասություն լրացնելու միջոցով՝ առաջարկում ենք   «մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.» բառերը փոխարինել «մասում լրացնել նոր նախադասություն» բառերով:

4) Նախագծի 6-րդ հոդվածում նշված է. «Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.», հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 23-րդ հոդվածում լրացնել նոր՝ 7.1-ին մաս՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածը խմբագրել՝ նշելով, որ լրացումը կատարվում է ոչ թե Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասում, այլ հենց 23-րդ հոդվածում:

5) Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածում լրացվող նոր՝ 7.1-ին մասում կիրառված «եւ/կամ» ձեւակերպումը փոխարինել «եւ» կամ «կամ» շաղկապներով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ հայերենում «/» նման կետադրական նշան չկա:

6) Նախագծի 7-րդ հոդվածին նախորդող «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածների պահանջները

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Նախագծով կատարվող փոփոխության եւ լրացումների բնույթով պայմանավորված, կարծում ենք, նպատակահարմար է համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել նաեւ «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում՝ այն հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի դարձնելու համար:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: 

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի հիմնավորվածությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616),

Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

17.05.2022թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616),

Ա. Ղազարյան  (հեռ.` 011-513-248)

17.05.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագիծն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներից օգտվելու մատչելիության ապահովմանը: Այդ նպատակով առաջարկվում է  ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների մասով սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղեւորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում եւ սահմանել մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

03.05.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու, ինչպես նաեւ վերջիններիս իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ:

Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝  

  • սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ անցկացվող մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար,
  •  լիազորել Կառավարությանը՝ սահմանելու մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթին ներկայացվող մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը,
  • կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը եւ այլն:

2. Փոխադրամիջոցների հարմարեցումը կարծում ենք անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ այն նպաստում է բոլոր իրավունքների ինքնուրույն իրացմանը եւ ստեղծում է համապատասխան միջավայր հավասար հիմունքներով ազատություններից օգտվելու համար:

Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին), պարտավորություն է ստանձնել  հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով  փոխադրամիջոցների մատչելիության ապահովման նպատակով ձեռնարկել  համապատասխան միջոցներ: 

Այս սկզբունքն ամրագրված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներում:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի մատչելիությունը, մեր կարծիքով, կարեւորագույն խնդիրներից մեկն է: Առանց մատչելի տրանսպորտային միջոցների հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող իրենց լիարժեք մասնակցությունը ունենալ հասարակական կյանքում: 

3. Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

3.1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 2-րդ մասի լրացման մեջ արված հղումը անհրաժեշտ է ճիշտ կատարել: 

3.2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի  3-րդ մասում կատարել լրացում, այն է՝ «Փոխադրումների ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղեւորներն իրավունք ունեն օգտվելու հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերից: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու ընթացքում ավտովարորդները պարտավոր են աջակցելու հաշմանդամություն ունեցող ուղեւորներին (ներառյալ ֆիզիկական աջակցությունը եւ տեղեկատվության տրամադրումը)՝ օգտվելու ուղեւորափոխադրման ընթացքում օրենքով սահմանված իրենց իրավունքներից:»:

Առաջարկում ենք «հաշմանդամություն ունեցող ուղեւորներ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով՝ օրենքների միատեսակությունն ապահովելու եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համահունչ դարձնելու նպատակով: 

Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 23-րդ հոդվածի լրացմանը:

3.3. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվող լրացմամբ սահմանվում է. «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու ընթացքում ավտովարորդները պարտավոր են աջակցելու հաշմանդամություն ունեցող ուղեւորներին (ներառյալ ֆիզիկական աջակցությունը եւ տեղեկատվության տրամադրումը)՝ օգտվելու ուղեւորափոխադրման ընթացքում օրենքով սահմանված իրենց իրավունքներից:»:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվող լրացման մեջ կիրառված «ֆիզիկական աջակցությունը» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ի՞նչ ֆիզիկական աջակցության մասին է խոսքը:

Բացի այդ, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող լրացումը  պետք է վերաբերի միայն հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տրանսպորտով փոխադրումներ իրականացնող ավտովարորդներին:

Իսկ Նախագծի ընդունման դեպքում, մեր կարծիքով, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տրանսպորտով փոխադրումներ իրականացնող ավտովարորդները պետք  է իրազեկվեն իրենց հավելյալ պարտավորությունների մասին:

3.4. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 23-րդ հոդվածում կատարել լրացում, այն է՝ «,7.1 Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումնրերից օգտվելիս հաշմանդամություն ունեցող ուղեւորն իրավունք ունի ծանրոցից եւ ուղեբեռից բացի իր հետ անվճար փոխադրելու նաեւ աջակցող միջոցներ եւ/կամ դրանց մաս կազմող սարքավորւմներ:»:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով տրված է «աջակցող միջոցներ» հասկացության սահմանումը, այն է՝  «7) աջակցող միջոցներ՝ ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոցներ» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք բժշկական միջամտությամբ փոխպատվաստված են կամ փոխարինողն են որեւէ սարքի.»:

Տարընթերցումներից զերծ մնալու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Օրենքի 23-րդ հոդվածում կատարվող լրացման «եւ/կամ դրանց մաս կազմող սարքավորւմներ» բառերը հանել:

Եզրահանգում

Նախագծի ընդունումը, մեր կարծիքով, դրական նշանակություն կունենա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային տրանսպորտի անմատչելիությունը խոչընդոտում է տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների անկախությանը, հանրային կյանքին նրանց լիակատար մասնակցությանը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝         Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360) 

06.05.2022թ.