ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` Կ-246-27.04.2022-ՏՀ-011/0) եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2461 -27.04.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-246-27.04.2022-ՏՀ-011/0) եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2461 -27.04.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                         ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

18.05.2022թ.




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  1-ին հոդվածում նախատեսված է հետեւյալը՝ «Սույն օրենքը կարգավորում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիայի տրամադրման հետ կապված հարաբերությունները:»:

Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ծրագրի իրականացման շրջանակներում՝

1) Ընկերությանը խաղատան գործունեության լիցենզիան տրամադրվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներին եւ սույն օրենքին համապատասխան:
 
 

2) Լիցենզիան տրամադրվում է Ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքում «խաղատան կազմակերպում» գործունեության նպատակով:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. 

1) «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները եւ կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:»: 

«Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Խաղատների, շահումով խաղերի բնագավառ» բաժնում, իբրեւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, սահմանված է խաղատների կազմակերպումը: 

Վերոգրյալ դրույթներից հետեւում է, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների եւ լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքով, ինչպես նաեւ այդ օրենքում, իբրեւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, սահմանված է խաղատների կազմակերպումը: Ստացվում է, որ Նախագծի մեջբերված հոդվածներով քննարկվող հարցերի առնչությամբ համապատասխան օրենսդրական կարգավորումներ արդեն իսկ առկա են: Նշվածի համատեքստում անհասկանալի է՝ որն է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու առնչությամբ հարաբերություններն առանձին օրենքում կարգավորելու միտումն այն պարագայում, երբ ոլորտային օրենքներում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով հնարավոր է լուծել այդ խնդիրը: 

Այլ կերպ ասած, Նախագծով սահմանված կարգավորումներով, ըստ էության, հղում է կատարված գործող օրենսդրությանը եւ առկա չեն այնպիսի դրույթներ, որոնց առկայությունն առաջ բերի նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն: Շեշտենք, որ օրենք կարող է ընդունվել այնպիսի հասարակական հարաբերությունների կարգավորման նպատակով, որոնց գործողությունը տարածվելու է անորոշ կամ որոշակի շրջանակի անձանց վրա, այլ ոչ՝ մեկ անձի կամ ընկերության (անհատական): Նշվածով պայմանավորված՝ կարծում ենք, որ «Մայլեռ» ներդրումային ծրագիրը հնարավոր է կյանքի կոչել ոլորտային օրենքներում լրացումներ կատարելով, իսկ առանձին օրենսդրական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

2) Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված է՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Լիցենզավորման մասին», «Շահումով խաղերի, ինտերներ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներին եւ սույն օրենքին համապատասխան: 

Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ծրագրով նախատեսված ճոպանուղու եւ 2 (երկու) հյուրանոցների շահագործման հանձնման պահից Ընկերությունը կարող է դիմել լիցենզավորող մարմին «խաղատների կազմակերպում» գործունեության լիցենզիա ստանալու նպատակով: Լիցենզիան տրամադրվում է «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներին համապատասխան:»:

Հարկ է նկատել, որ խաղատների կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորված են Օրենքով, իսկ Նախագծի կարգավորումներով «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներին հակասող կարգավորումներ նախատեսվել չեն կարող: Այսպես, առանց Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կատարված նշման, արդեն իսկ պարզ է, որ խաղատան կազմակերպման համար, իբրեւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի, լիցենզիա տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Լիցենզավորման մասին» օրենքով: «Մայլեռ» ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղու եւ 2 (երկու) հյուրանոցների շահագործման հանձնման պահից տվյալ ընկերությանը խաղատան լիցենզիա ձեռք բերելու հնարավորություն տալը, օրենսդրությամբ խաղատնային գործունեության լիցենզիա տրամադրելու համար նախատեսված միանման պահանջներից տարբերվող պահանջ եւ լրացուցիչ պայման է նախատեսվում. մասնավորապես՝ Ապարան համայնքում խաղատան կազմակերպում գործունեության տեսակով զբաղվելու հնարավություն նախատեսելու պարագայում1 այդ ընկերությունը մնացյալ ընկերությունների հետ հավասար պայմաններով պետք է հնարավորություն ունենա դիմելու լիցենզիա ձեռք բերելու նպատակով՝ առանց ոչ օբյեկտիվ նախապայմանի սահմանման, որպեսզի պահպանված լինի սահմանադրական խտրականության արգելքը սկզբունքի էությունը: Ներկայացված դիտարկումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը, որը ինքնին հակասում է նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությանը, միաժամանակ խնդրահարոյց է Սահմանադրության 29-րդ հոդվածի տեսանկյունից: 

2.  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀO-1-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետում «Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում» բառերից հետո լրացնել «, ««Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված վայրում» բառերը:»:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ 

«2014 թվականի հունվարի 1-ից հետո`

ա) խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում.

բ) խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում.

գ) խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլորը հավասար են օրենքի առջեւ»:

Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Օրենքի առջեւ ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները երաշխավորվում են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ մի շարք կարեւորագույն միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (7-րդ հոդված), «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (26-րդ հոդված), «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (14-րդ հոդված) եւ այդ կոնվենցիային կից 12-րդ Արձանագրությամբ: Նշված փաստաթղթերից բխում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կխախտվեն ընդհանուր հավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքները:

Սահմանադրական դատարանն իր` 2015 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ-1224 որոշման մեջ նշել է՝ «(…) Խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես? նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ:»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` խտրականության արգելքի խնդիր առաջանալու համար պետք է լինի տարբերություն? համադրելի իրավիճակներում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի միջեւ: 

Սահմանադրության մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին վերաբերող 2-րդ գլխի` «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալը. 

«1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները եւ կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:(…)»: 

Հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները եւ ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:

Այսպիսով` ինչպես բխում է Սահամանադրության 59-րդ հոդվածից`Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը։ Այն իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն է ապահովում անձանց (տնտեսավարող սուբյեկտների) համար՝ ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություններն ու գույքը օրենքով չարգելված տնտեսական գործունեություն իրականացնելու համար։ Միաժամանակ, այդ ազատության սկզբունքը բացարձակ չէ եւ ինչպես պետության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների առջեւ դնում է կոնկրետ պարտականություններ։ Այսպես, պետության հիմնական գործառույթն է ապահովել այդ ազատության երաշխավորման անհրաժեշտ իրավական եւ տնտեսական պայմաններ։ Սահմանադրաիրավական վերոհիշյալ նորմի բովանդակությունից ուղղակիորեն բխում է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտաբար պետք է ստեղծվեն տնտեսական ողջ համակարգի կենսագործունեության առավել բարենպաստ պայմաններ` հիմնված ազատ շուկայական տնտեսության պայմաններում տնտեսավարող սուբյեկտների կազմակերպման ու գործունեության ազատության, իրավահավասարության, այդ գործընթացում պետության դերի առավելագույնս հստակեցման սկզբունքների վրա։

Տնտեսական գործունեության ազատությունը բացարձակ ազատություն չէ եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան այն կարող է սահմանափակվել: Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը, Սահմանադրությամբ ամրագրված եւ սահմանադրված կոնկրետ իրավունքի կամ ազատության բովանդակության նեղացումը, նվազեցումը, բացառումն է պետության կողմից՝ ինչ-ինչ կարեւոր շահերից ելնելով: Հասարակության զարգացումն անխուսափելիորեն ստեղծում է իրադրություններ, որոնք պահանջում են պետությունից սահմանափակել մարդու իրավունքները: Ընդ որում, սահմանափակման բնույթը հիմնավորում է օրենսդիրը՝ հաշվի առնելով, որ դա հնարավոր է միայն այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելու, բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29-րդ հոդվածի երկրորդ մաս, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12–րդ հոդվածի 3–րդ կետ): 

Ազատ տնտեսական մրցակցության սկզբունքն իր հերթին բխում է տնտեսական ազատության եւ հավասարության սկզբունքներից եւ նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտեսավարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների եւ հնարավորությունների ապահովում: Միաժամանակ, Սահմանադրության դրույթների, սահմանադրականության միջազգային սկզբունքների վերլուծությունը վկայում է, որ ազատ տնտեսական մրցակցությունը չի բացառում պետության ու հասարակության անվտանգության եւ օրինական շահերի, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով պետության կողմից արգելված, պետական լիցենզավորման ենթակա, բնական կամ պետական մենաշնորհ հանդիսացող կամ բացառիկ իրավունքներով կարգավորվող գործունեության տեսակների առկայությունը: Նման ոլորտների հստակեցումը, տնտեսական գործունեության ազատության եւ ազատ տնտեսական մրցակցության շրջանակների հնարավոր սահմանափակումները, սակայն, կանոնակարգվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով՝ ապահովելու համար նաեւ այնպիսի քաղաքականության իրականացում, որը երաշխավորում է բարեխիղճ մրցակցություն եւ տնտեսական ու սոցիալական առաջընթաց:

Վերոշարադրյալից բխում է, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «ա» կետում կատարվող լրացմամբ խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հնարավորությունը միայն «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ» Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելը տնտեսական գործունեության ազատության եւ տնտեսական մրցակցության երաշխավորման հիմնական իրավունքի սահմանափակման համատեքստում խտրական է այլ ընկերությունների համար Արագածոտնի մարզի Ապարան համայնքում օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին բավարարելու պարագայում լիցենզիա ձեռք բերելու հավասար պայմաններ չտրամադրելու տեսանկյունից:

Բացի այդ, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «ա» կետով հնարավորություն է նախատեսված խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպել տվյալ կետում թվարկված վայրերում՝ Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «գ» կետով  խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու հնարավորություն է նախատեսված Կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում: Այլ կերպ ասած, Օրենքով սահմանված խաղատան կազմակերպման համար լիցենզիա ստանալու հնարավորությունը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «ա» կետում սահմանված է՝ ըստ վայրերի, իսկ ներդրումային ծրագրի շրջանակներում լիցենզավորման ենթակա տվյալ գործունեության տեսակն իրականացնելու հնարավորությունը սահմանված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «գ» կետում:  Հետեւաբար, կարծում ենք, նշված դրույթի տրամաբանությունից դուրս է կարգավորում նախատեսել կոնկրետ ընկերության վերաբերյալ՝ առանց վայրի մասին նշման:

Նշվածի հաշվառմամբ՝ առաջարկում ենք վերանայել  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումը՝ բացառելով Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված տնտեսական գործունեության ազատության եւ տնտեսական մրցակցության հիմնական իրավունքի սահմանափակման գործընթացում առանց օբյեկտիվ հիմքի տարբերակված մոտեցման առկայությունը եւ, որպես հետեւանք, ոչ խտրական մոտեցումն այն ընկերությունների նկատմամբ, որոնք հավասար պայմաններում հնարավորություն կունենան դիմելու խաղատան կազմակերպման լիցենզիայի ձեռքբերման նպատակով: Միաժամանակ՝ եթե Նախագծերի փաթեթի նպատակն այն է, որ Ապարան համայնքում խաղատան կազմակերպման համար լիցենզիա տրամադրվի միայն «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը, ապա այն կարող է կատարվել ոչ թե «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «ա» կետում լրացում կատարելու միջոցով, այլ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «գ» կետի ներդրումային ծրագրի պահանջներին բավարարելու դեպքում: 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք եզրակացնել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «ա» կետում կատարվող լրացումը խնդրահարույց է Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ եւ 59-րդ հոդվածների տեսանկյունից:

3.  Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված է հետեւյալը՝ «Մայլեռ» ներդրումային ծրագիր (այսուհետ` Ծրագիր)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` 30 միլիարդ ՀՀ դրամի ներդրմամբ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 (երկու հազար ութսուն) հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում լեռնային հանգստավայրի կառուցում, մասնավորապես՝ ճոպանուղու, հյուրանոցների եւ սահուղիների կառուցում ու շահագործում.»: Կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշումից (օրինակ՝ աղյուսակ 2՝ սարի գագաթի ռեստորանի կառուցում) բխում է, որ «Մայլեռ» ներդրումային ծրագիրը չի սահմանափակվում միայն ճոպանուղու, հյուրանոցների եւ սահուղիների կառուցմամբ եւ շահագործմամբ: Հետեւաբար՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում թվարկված շրջանակը:

4.  Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Ծրագրի շրջանակներում Ընկերությանը սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված լիցենզիայի տրամադրման նպատակով գանձվում է տարեկան պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «14. Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ» բաժնի 14.2.3-րդ կետով Ջերմուկ քաղաքում շահումներով խաղերի եւ խաղատների կազմակերպման համար նախատեսված դրույքաչափով: Պետական տուրքի գծով պարտավորությունների ծագման, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, պետական տուրք վճարողների իրավունքների եւ պարտականությունների, ինչպես նաեւ պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» օրենքով:»:

Նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքի «Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ» բաժնի 14.2.1, 14.2.2, 14.2.3, 14.2.4 կետերում սահմանված են համապատասխանաբար Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում շահումներով խաղերի եւ խաղատների կազմակերպման համար պետական տուրքի տարբերակված չափերը: Հաշվի առնելով՝ սույն եզրակացության 1-ին կետում ներկայացված դիտարկման տրամաբանությունը՝ առաջարկում ենք Ապարան համայնքում քննարկվող գործունեության կազմակերպման համար պետական տուրքի չափը սահմանել «Պետական տուրքի մասին» օրենքի վերը նշված բաժնում լրացուցիչ համարով կետ լրացնելու միջոցով:

5.  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

«Պետական տուրքի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է`

- Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը,

- տուրքերի տեսակները եւ դրույքաչափերը,

- տուրք վճարողներին,

- տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները եւ կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները:»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտային օրենքի կարգավորման առարկայից բխում է, որ վերը նշված հարաբերությունները կարգավորված են այդ օրենքի շրջանակներում՝ կարծում ենք, որ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունն անհիմն կրկնում է «Պետական տուրքի մասին» օրենքի կարգավորման առարկան: Հետեւաբար՝ Նախագծի քննարկվող դրույթի սահմանման անհրաժեշտությունը բացակայում է: Դիտարկման տրամաբանությունը վերաբերելի է նաեւ Նախագծի այլ հոդվածներում (օրինակ՝ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մաս) սահմանված կարգավորումներին:

6. Նախագծերի փաթեթի տեխնիկական պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1) Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ գործածված հասկացությունը:

2) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: Նշված կարգավորումը հիմք ընդունելով՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում շտկել «ՀՀ» հապավումը

3) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված օրենքի կրճատ անվանման հիշատակման կանոնը: 

Դիտարկման տրամաբանությունը հաշվի առնելով՝ առաջարկում ենք «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում համապատասխան օրենքի կրճատ անվանման հիշատակումից հանել «ՀՀ» հապավումը:

4) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքին կատարված հղումն առաջարկում ենք հստակեցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում 2-րդ կետ առկա չէ, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Սահմանադրության 28-րդ եւ 29-րդ, 59-րդ հոդվածների տեսանկյունից, բացի այդ, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզիա տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար առանձին օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Միաժամանակ՝ հիմք ընդունելով վերը ներկայացված դիտարկումները՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

--------------------------------------------------------------------------------
1 Տվյալ նկատառումն անհրաժեշտ է դիտարկել սույն եզրակացության 2-րդ կետում նշվածի համատեքստում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

18.05.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին 

Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի «Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ» բաժնում:

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248)

18.05.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որով կսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ: Այսինքն, համաձայն Նախագծերի փաթեթի հեղինակի, նախատեսվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում ընդհանուր սկզբունքներից տարբերվող արտոնության տրամադրում Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրն իրականացնող ընկերությանը՝ հիմնվելով իրավակիրառ պրակտիկայում նման նախադեպ առկայության վրա (տես «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը):

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Ինչպես արդեն նշվեց, Ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, նախատեսվում է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը, «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, օրենքով տալ խաղատան կազմակերպման լիցենզիա (տվյալ դեպքում՝ լիազոր մարմնի կողմից լիցենզիայի հատկացումը զուտ տեխնիկական բնույթ կունենա): Ընդ որում, տվյալ մոտեցումը, ըստ հիմնավորման, ձեւակերպվում է որպես. «ներդրումային ծրագրի իրականացման նպատակով խաղատան կազմակերպման համար առանձին օրենսդրական ակտի ընդունում, որով կսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ:», սակայն իրականում այդ կարգավիճակը ոչ թե առանձնահատուկ, այլ ուղղակիորեն մենաշնորհային է: Այսինքն, տվյալ օրենսդրական կարգավորումներով, կոնկրետ իրավաբանական անձի (բաժնետիրական ընկերության) համար օրենքով սահմանվում է մենաշնորհային դիրք, ինչը համահունչ չէ (կամ չի համապատասխանում) ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:»: Տվյալ մասին անհամապատասխանությունն արտահայտվում է նրանում, որ՝

- Նախագծերի տվյալ փաթեթով սահմանվում է ոչ թե մենաշնորհի հնարավոր տեսակ, այլ կոնկրեն մեկ անձի՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության մենաշնորհ, ինչը համապատասխանում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի բնորոշմանը, ըստ որի. «…տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե, որպես իրացնող կամ ձեռք բերող, չունի մրցակից:»,

- մյուս կողմից, ըստ ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 2-րդ մասի. «…մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:», այնինչ տվյալ օրենսդրական կարգավորումներն ակնհայտորեն ուղղված են մեկ բաժնետիրական ընկերության մասնավոր բիզնես շահի ամրագրմանը:

2. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) խաղատան լիցենզիա տրամադրելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն «Մայլեռ» ներդրումային ծրագիրը սահմանվում է որպես. «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` 30 միլիարդ ՀՀ դրամի ներդրմամբ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 (երկու հազար ութսուն) հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում լեռնային հանգստավայրի կառուցում, մասնավորապես՝ ճոպանուղու, հյուրանոցների եւ սահուղիների կառուցում ու շահագործում», իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ընկերությունը, «խաղատների կազմակերպում» գործունեության լիցենզիա ստանալու նպատակով, կարող է դիմել լիցենզավորող մարմին. «Ծրագրով նախատեսված ճոպանուղու եւ 2 (երկու) հյուրանոցների շահագործման հանձնման պահից:»: Այսինքն, ստացվում է, որ 30 մլրդ դրամով նախատեսվում է կառուցել առնվազն երկու հյուրանոց եւ ճոպանուղի (քանի որ առանձին նշված չէ, կարելի է ենթադրել, որ Ընկերության կողմից բացվող խաղատունը պետք է տեղակայված լինի այդ հյուրանոցներից առնվազն մեկում), այն դեպքում, երբ  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության «գ» կետի համաձայն. 

«խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:

Ընդ որում, սույն կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել (լիցենզավորվել) մեկ խաղատուն եւ (կամ) շահումով մեքենայացված խաղ եւ (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության դեպքում:»:

Նշված երկու դեպքերը, կարծում ենք, կարելի է համեմատել, քանի որ երկու դեպքում էլ «խաղատների կազմակերպում» գործունեության լիցենզիան նախատեսվում է տալ բացառապես կատարվելիք ներդրումների ծավալներից ելնելով (անկախ գործունեության վայրից), իսկ համեմատությունը ցույց է տալիս, որ եթե սովորական պայմաններում միայն խաղատան գործունեության կազմակերպման (այդ թվում՝ նաեւ համապատասխան շենքի կառուցման) համար նվազագույնը պետք է ապահովվի 40 մլրդ դրամի ներդրում, ապա Նախագծով նախատեսվող տարբերակի դեպքում՝ 30 մլրդ դրամով ոչ միայն պետք է երկու հյուրանոց կառուցվի, այլեւ ճոպանուղի՝ դրանք հասցնելով շահագործման մակարդակին:

Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել Նախագծով նախատեսված բուն ներդրումային ծրագիրը՝ նշված երկու դեպքերի միջեւ առկա ֆինանսական այս առերեւույթ անհամաչափության պարզաբանման նպատակով, առավել եւս, որ ներդրումային ծրագրի համաձայն. «Տարածքի նկատմամբ գերակա հանրային շահի ճանաչումը (միայն գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում) հնարավոր կդարձնի ծրագրի իրագործումը, քանի որ բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում: …Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսված տարածքի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչման գործընթացում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող հանդիսանալու է ընկերությունը, ինչի արդյունքում պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չեն առաջանա?»: Այսինքն, սա նշանակում է, որ 2080 (երկու հազար ութսուն) հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը (կամ առնվազն դրա մեծ մասը) դեռեւս պետք է ձեռք բերվի Ընկերության կողմից, ինչն արդեն իսկ բավականին մեծ ծախսերի հետ է կապված:

 3. Նախագծի հիմնավորման մեջ, որպես դրանով նախատեսված մենաշնորհային կարգավիճակի ամրագրման փաստարկ, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը ներկայացվում է որպես «իրավակիրառ պրակտիկայում առկա նման նախադեպ»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նշված երկու դեպքերի հետ կապված միակ ընդհանուր երեւույթը կայանում է նրանում, որ երկու դեպքում էլ գործ ունենք կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի հետ, սակայն մյուս բոլոր առումներով դրանք անհամեմատելի երեւույթներ են եւ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը չի կարող դիտվել որպես տվյալ Նախագծով ներկայացվող ծրագրի նախադեպ: Մասնավորապես, եթե «Դիլիջանի միջազգային դպրոց»-ի հետ կապված խոսքը գնում է հարկային արտոնությունների տրամադրման մասին (ինչի հնարավորությունը նախատեսված է ՀՀ հարկային օրենսգրքով), ապա սույն Նախագծով խոսք է գնում խիստ սահմանափակ գործունեության (խաղային բիզնեսի) մրցակցային շուկայում օրենքի ուժով լիցենզիայի տրամադրման եւ մենաշնորհային դիրքի ամրագրման մասին (ինչն էլ չի բխում ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի էությունից): Հետեւաբար, «Դիլիջանի միջազգային դպրոց»-ի հետ կապված իրավակարգավորումները չեն կարող դիտվել որպես նախադեպ Նախագծով առաջարկվող կարգավորումների տեսանկյունից, սակայն սույն Նախագծով նախատեսված կարգավորումները կարող են բացասական իմաստով նախադեպ հանդիսանալ հետագայում որեւէ անձի համար մենաշնորհային կարգավիճակի ամրագրման եւ օրենքի ուժով այդ մենաշնորհի մասնավոր շահերի պաշտպանության նպատակով:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

04.05.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է շրջանառության մեջ դնել «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» օրենքի նախագիծը եւ լրացում կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Մայլեռ» ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման նպատակներից:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ Ծրագրով առաջարկվող զբոսաշրջային գոտում հնարավորություն կտրվի խաղատների կառուցում գործող օրենսդրությամբ՝ նույնատիպ պայմաններով (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան եւ այլ քաղաքների նմանությամբ): Ըստ գործող օրենսդրության, խաղատների առկայությունը պետք է լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների: Առաջարկվող մոտեցումը ենթադրում է Ծրագրի իրականացման նպատակով համապատասխան օրենսդրական ակտի ընդունում:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է ընդհանուր սկզբունքներից տարբերվող արտոնության տրամադրում Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրն իրականացնող ընկերութանը (իրավակիրառ պրակտիկայում նման նախադեպ առկա է («Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենք):

Համաձայն ներկայացված Նախագծերի փաթեթի, Ծրագրով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է ներդնել 30 միլիարդ ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 (երկու հազար ութսուն) հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքում լեռնային հանգստավայրի կառուցում, մասնավորապես՝ ճոպանուղու, հյուրանոցների եւ սահուղիների կառուցում:

«Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ծրագրով նախատեսված ճոպանուղու եւ 2 (երկու) հյուրանոցների շահագործման հանձնման պահից Ընկերությունը կարող է դիմել լիցենզավորող մարմին «խաղատների կազմակերպում» գործունեության լիցենզիա ստանալու նպատակով: 

Այսինքն, ընկերությանը խաղատան լիցենզիա կտրամադրվի Ծրագրով նախատեղվող ճոպանուղու եւ երկու հյուրանոցների կառուցման եւ շահագործման հանձնելու հետո միայն:

Ընդհանուր առմամբ, Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում եւ Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կստեղծվի զբոսաշրջային կենտրոն՝ դրանով հանդերձ կխթանվի զբոսաշրջությունը, ինչը, բնականաբար, սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա Արագածոտնի մարզի համար:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

4.05.2022թ.