ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-252-02.05.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-252-02.05.2022-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

23.05.2022թ. 




Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.  Նախագծի վերնագրում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) կրճատ անվանման հիշատակումը, ինչպես նաեւ Նախագծի 1-ին հոդվածում Օրենսգրքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, այն է՝ «Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:»:

2.   Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: (…)»:

3.  Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է հետեւյալը՝ «Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումներով, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Սույն մասով նախատեսված դեպքերում էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության եւ անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահության եւ իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:»:

Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը.

Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Նորմատիվ իրավական ակերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` «1.Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

2. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: (…)»:

Սահմանադրությամբ` ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը`բացառություն ընդհանուր կանոնից։ Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից (ՍԴՈ–1000, 29 նոյեմբերի, 2011 թ.)։ 

Անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի մերժման սկզբունքը հանդիսանում է պետական իշխանության նկատմամբ վստահության եւ իրավական պետության սկզբունքների կարեւոր բաղադրատարրերից մեկը։ Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարեւոր երաշխիք։ Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի՝ անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա։ Նման պարտավորություն է նաեւ ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով (ՍԴՈ–723, 15 հունվարի, 2008 թ.)։ Օրենքի դրույթների հետադարձ կիրառման առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հետադարձ ուժի արգելման սկզբունքը վերաբերելի է միմիայն այն դեպքերին, երբ օրենքի փոփոխման պատճառով անձի, ով գտնվում է արդեն իսկ օրենքով կարգավորված հարաբերությունների մեջ, ունի որոշակի իրավունքներ եւ պարտականություններ, իրավական վիճակը վատթարանում է, նա զրկվում է իրավունքներից կամ սահմանափակվում է այդ իրավահարաբերությունների ուժով նրա իրավունքի իրացումը (ՍԴՈ–1224, 7 հուլիսի, 2015 թ.)։ 

Օրինաստեղծ գործունեության խնդիրն է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավունքների ու ազատությունների երաշխավորված եւ համալիր իրացումը` որպես իրավունքի գերակայության, իրավական պետության կայացման ու զարգացման անհրաժեշտ նախապայման։ Մասնավորապես, իրավակարգավորման ձեւերի ու միջոցների ընտրությունը, դրանցով անձանց իրավունքների գործադրման առավել արդյունավետ երաշխիքներ ստեղծելու օրինաչափ նպատակ հետապնդելը չեն կարող իրացվել  ի հաշիվ սահմանադրաիրավական որեւէ նորմի ու սկզբունքի անտեսման։

Իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից անհրաժեշտ է իրավական ակտի փոփոխության կամ լրացման արդյունքում նոր իրավակարգավորումները ժամանակի մեջ եւ անձանց նկատմամբ գործողության մեջ դնելու հստակ կանոնների պահպանումը` նրանց իրավունքների իրացման իրավաչափ պայմանների երաշխավորման նպատակով։ Դա առավել եւս կարեւոր է այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է հնարավոր փոփոխությունների արդյունքում անձի իրավունքների իրացման պայմանների խստացմանը (ՍԴՈ–1061, 14 դեկտեմբերի, 2012 թ.)։ 

Վերը մեջբերվածի լույսի ներքո հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը անձի իրավական վիճակը վատթարացնող դրույթ է, քանի որ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորություն է նախատեսում նաեւ մինչեւ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելը կայացված Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումներով, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի: Այսպես, Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին կատարված հղման առնչությամբ նկատենք, որ վերջինս եւս ֆիքսում է նորմատիվ իրավական ակտերին հետադարձ ուժ տալու արգելքը, միաժամանակ՝ ոչ այդքան խիստ մոտեցմամբ անդրադառնալով եվրոպական չափորոշիչներին, նշում է, որ էական է ապացուցել, որ հետադարձ ուժ տալը բխում է հանրային շահերից կամ նկատառումներից (հանրային շահ հանդիսացող որոշակի հիմքերից), ինչպես նաեւ կանխատեսելիության պահանջից: Այլ կերպ ասած, տվյալ կարծիքից բխում է՝ միայն հստակ հիմքերի առկայության պարագայում է հնարավոր շեղում կատարել հետադարձ ուժ տալու արգելքի ընդհանուր սկզբունքից: Մինչդեռ՝ անցում կատարելով ներպետական օրենսդրությանը՝ նշենք, որ Սահմանադրության իմպերատիվ պահանջն է մարդու իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերին հետադարձ ուժ տալու արգելքը: Սահմանադրությամբ ամրագրված ընդհանուր կանոնից որեւէ բացառություն նախատեսված չէ, բացի այդ, Սահմանադրությամբ նախատեսված չեն որոշակիացված հիմքերի հստակ շրջանակ, կառուցակարգ հետադարձ ուժ տալու ընդհանուր կանոնից բացառություն նախատեսելու համար: Շեշտենք, որ միայն համապարփակ կարգավորումների առկայության պարագայում հնարավոր կլինի օբյեկտիվորեն գնահատել` արդյոք հետադարձ ուժ տալու ընդհանուր կանոնից կատարված բացառությունը իրավաչափ է, թե՝ ոչ: Հետեւաբար, կարծում ենք, որ սահմանադրական պահանջից շեղում կատարելը կարող է կատարվել բացառապես ներպետական օրենսդրությամբ՝ Սահմանադրությամբ համապատասխան հնարավորություն նախատեսված լինելու պարագայում: Վերը ներկայացվածը հիմք ընդունելով առաջարկում ենք վերանայել Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում հետադարձ ուժ տալու առնչությամբ նախատեսված դեպքը:

Ի լրումն վերոգրյալի՝ նշենք, որ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված դրույթը, ըստ էության, սահմանում է, որոշակի դեպքերի շրջանակ, որոնց պարագայում կարող է կիրառվել էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը. այն իր բնույթով անցումային դրույթ չէ: Այդ մասին է վկայում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, որտեղ արտացոլված են այն դեպքերի շրջանակը, երբ նորմատիվ իրավական ակտը կարող է ունենալ անցումային դրույթ: Հանրային շահ հանդիսացող հիմքերը Սահմանադրությամբ ամրագրված լինելու անհրաժեշտության առնչությամբ վերը կատարված դիտարկման համատեքստում՝ առաջարկում ենք վերանայել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը: Բացի այդ, Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ կիրառված «Սույն մասով նախատեսված դեպքերում» հղումն առաջարկում ենք հստակեցնել՝ ապահովելով համապատասխան դեպքին որոշակի կերպով վերաբերելիությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված դիտարկումների հիման վրա հարկ է վերանայել Նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձ ուժ տալու առնչությամբ սահմանված կարգավորումը:

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

23.05.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

23.05.2022թ.




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է  փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: 
Առաջարկվում է սահմանել բացառություն, այն է` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ կարող է հարուցվել արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով` խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ վերոհիշյալ դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ                                              

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ                                       

Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

13.05.2022թ. 




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: 

Ըստ էության, Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ որպես ռազմավարական նպատակ դատական իշխանության անկախության եւ անաչառության ապահովման հանգամանքով՝ հաշվի առնելով, որ դատական իշխանության անկախության ամրապնդման տեսանկյունից հիմնաքարային նշանակություն ունի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգավորումների կատարելագործումը:

Վերոնշյալի համատեքստում դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, նաեւ որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ եւ հանրության առջեւ հաշվետու դատական համակարգ ունենալու եւ դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է:

Նախագծով առաջարկվող կարգավորում/ներ/ը անհրաժեշտ է/են՝ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները. 

-   ՄԻԵԴ վճիռների առումով մինչեւ 15 տարվա վաղեմության ժամկետ չսահմանելը հնարավորություն չի տալիս հասնել այն նպատակին, որը դրված է առաջարկվող կարգավորումների հիմքում, այն է՝ հնարավորություն տալ դատական համակարգին գնահատել իր դատավորների գործունեության իրավաչափությունը.

-   կարգավորումը նպատակ ունի բարձրացնել արդարադատության համակարգի հանդեպ հանրային վստահությունը. 

-    նախկինում կայացված ՄԻԵԴ վճիռներին չանդրադառնալով՝ բաց է թողնվում դրանց հետեւանքներին գնահատական տալու հնարավորությունը, քանի որ նախկինում առկա չեն եղել արդյունավետ մեխանիզմներ այդ հիմքով դատավորների նկատմամբ բացասական հետեւանքներ կիրառելու համար: 

Նախագծով առաջարկվում է՝

1. Հստակեցնել, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, եթե խախտումը հայտնաբերվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտի ուսումնասիրության արդյունքում.

2. Նախատեսել, որ վերոնշյալ դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի.

 /Հարկ է նկատել, որ նշված 15 տարվա վաղեմության ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ, քանի որ կարգապահական պատասխանատվության հիմքը ոչ թե ինքնին ՄԻԵԴ վճիռն է, այլ դրանով բացահայտված մարդու իրավունքների հիմնարար խախտումը, որը ենթակա է գնահատման որպես դատարան գործող Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Նման խախտումը չի կարող դրսեւորվել այլ կերպ, քան քան դատավորի վարույթում գտնվող գործով նյութական կամ դատավարական որեւէ խախտում թույլ տալով: Ստացվում է, որ դատավորն իր գործունեության ընթացքում պետք է կանխատեսեր, որ իր վարույթում գտնվող գործով նյութական կամ դատավարական նորմի խախտումը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, ընդհուպ՝ կարգապահական պատասխանատվության հիմքով լիազորությունների դադարեցման:/

3. Նախատեսել, որ վերոնշյալ դեպքում կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը կայացված Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտերով արձանագրված  կամ բացահայտված խախտումներով, եթե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝  Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի.

/Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը, օրենքի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ տրամադրած իր կարծիքում, հղում անելով «Իրավունքի գերակայության ստուգաթերթին», իրավունքի գերակայության գնահատման չափորոշիչների տեսանկյունից նշում է, որ քրեական ոլորտից դուրս, անձանց իրավունքների հետադարձ սահմանափակումը կամ նոր պարտականությունների նախատեսումը կարող է լինել թույլատրելի, բայց միայն եթե դա բխում է հանրային շահից եւ համապատասխանում է համաչափության սկզբունքին: Շարունակելով Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հետադարձության հարցը, ըստ էության, չի հանդիսանում եվրոպական չափանիշների խախտում, սակայն անհրաժեշտ է հիմնավորել «ընդհանուր շահերի անհերքելի հիմքերի» կամ «հանրային շահերի նկատառումների» եւ կանխատեսելիության չափանիշի առկայությունը: Դրանով իսկ Վենետիկի հանձնաժողովը, փաստորեն հաստատել է, որ բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված հետադարձությունը կարող է համարվել թույլատրելի: 

Առաջարկվող հիմքով լիազորությունների դադարեցում կարգապահական տույժը հնարավոր է կիրառել, եթե, հիմնավորվի, որ դա ակնհայտորեն պայմանավորված է դատական իշխանության անկախության եւ անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահության եւ իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով:/ 

4. Հիմք ընդունելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքն առ այն, որ Դատական օրենսգրքում օգտագործվող «այլ միջազգային ատյան» հասկացությունը խնդրահարույց է, Դատական օրենսգրքից վերոնշյալ ձեւակերպումը հանել: 

Նախագծի ընդունմամբ, ակնկալվում է բարձրացնել դատական իշխանության հեղինակությունը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունմամբ կբարձրանա դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը՝ հաշվի առնելով նախատեսվող մարդու իրավունքների եւ /կամ/ ազատությունների հիմնարար խախտումների հանգեցրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների ներդրումը:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ
 

(հեռ. 011-513-618), (16-18)

23.05.2022թ.