ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-256-06.05.2022-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2561 -06.05.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-256-06.05.2022-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2561 -06.05.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

18.05.2022թ.
 




Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է. 

1) 2023 թվականի հունվարի 1-ից դադարեցնել պղնձի եւ մոլիբդենի խտահանքի, ինչպես նաեւ մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը,

2) պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւը վերանայել այնպես, որ՝

ա. մինչեւ 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ, նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների, եւ հետեւաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց,

բ. ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձեւում լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով: Ընդ որում, նախագծով առաջարկվում է սահմանել, որ բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչը որոշելիս՝ շահույթը նախքան հարկումը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման առաջին եւ երկրորդ բաղադրիչները, ինչպես նաեւ ռոյալթի վճարողի ֆինանսական ծախսերը,

3) սահմանել նաեւ, որ խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանակահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձեւավորված՝ մետաղների միջազգային միջին գները,

4) առաջարկվում է փոխել նաեւ ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկելիս գործող օրենսդրությամբ սահմանված որոշ սահմանաչափեր: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եթե հաշվարկված ռոյալթիի իրացման շրջանառությունը 15 տոկոս (գործող օրենսդրությամբ սահմանված 20 տոկոսի փոխարեն) կամ ավելի չափով ցածր է միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա որպես իրացման շրջանառություն է հիմք ընդունվում միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառության 85 տոկոսը (գործող օրենսդրությամբ սահմանված 80 տոկոսի փոխարեն): 

Նախագիծը  ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի  վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

13.05.2022թ.