ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Դեղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-257-10.05.2022-ԱռՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դեղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-257-10.05.2022-ԱռՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
31.05.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում «Դեղերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը շարադրվում է հետեւյալ կերպ՝ «Ներմուծման հավաստագրի տրամադրման համար դեղի գրանցված լինելը պարտադիր չէ` բարեգործական եւ մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի համար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրում գրանցումը կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաորակավորումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում` Լիազոր մարմնի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, ինչպես նաեւ բժշկակական արտադրատեսակների պատվերի ձեւավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգով համաձայնեցնելուց հետո»: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան փոփոխությամբ ակնկալվում է ապահովել իրավական հիմք՝ համապատասխան կարգ ստեղծելու համար: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու համար օրենքով սահմանված լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին, ինչը օրինականության սկզբունքի հիմնարար բաղադրիչն է, առաջարկում ենք Օրենքում նշել դրույթ առ այն, որ մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, պատվերի ձեւավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բացի այդ նշենք, որ Օրենքի կարգավորման առարկան վերաբերում է դեղերին, դեղանյութերին, դեղաբուսական հումքին եւ հետազոտվող դեղագործական արտադրանքին, իսկ բժշկական արտադրատեսակներին վերաբերող կարգավորումները սահմանված են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում, հետեւաբար մարդասիրական օգնության կարգով ստացվող բժշկակական արտադրատեսակների պատվերի ձեւավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգին վերաբերող կարգավորումները, այդ թվում համապատասխան կարգն ընդունելու համար լիազորող նորմի սահմանումը Օրենքի կարգավորման առարկայից դուրս է: 2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսվող կարգավորումների հստակությունը եւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 31.05.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 31.05.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Դեղերի մասին» օրենքում: Օրենքով սահմանված է, որ բարեգործական եւ մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող դեղերի մասով ներմուծման հավաստագրի տրամադրման համար դեղի գրանցված լինելը պարտադիր չէ` լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո: Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների պատվերի ձեւավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման եւ բաշխման համար: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 18.05.2022թ.
Կառավարության կողմից ներկայացվել է «Դեղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին Նախագծը: Նշենք որ, «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն բարեգործական եւ մարդասիրական ծրագրերի շրջանակներում չգրանցված դեղեր կարող են ներմուծվել` Լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, սակայն հստակեցված չէ համաձայնեցման կարգը սահմանող իրավասու մարմինը: Մյուս կողմից ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1432-Ն որոշմամբ հաստատվել է «Մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի եւ բժշկական արտադրատեսակների պատվերի ձեւավորման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգ»-ը, որի ընդունման իրավական հիմքերը բացակայում են: Վերոգրյալից ելնելով մշակվել է Նախագիծը, որով առաջարկվում է «Դեղերի մասին» օրենքում կատարել լրացում՝ առաջարկելով, մասնավորապես՝ ստեղծել իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների պատվերի ձեւավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման եւ բաշխման կարգի համար: Նախագծի ընդունմամբ կապահովվի մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող չգրանցված դեղերի շրջանառության լիարժեք կարգավորում: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011-513-270, 12-70) 30.05.2022թ.
|