ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-259-11.05.2022-ԱՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-259-11.05.2022-ԱՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                              ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

26.05.2022թ. 





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում:

Միաժամանակ՝ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված եզրակացության մեջ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին տեղեկատվությունը բացակայում է:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

25.05.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.՝ 011-513-248)

25.05.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը» (այսուհետ՝ Արձանագրություն): 

Արձանագրության միջոցով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության միջոցով:

ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված եզրակացության համաձայն, Արձանագրության 10-րդ հոդվածը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից ծախսերի ավելացման, որի չափը գնահատել հնարավոր չէ: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից   լրամշակման կարիք չունի:
 
 

 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

 Կատարող՝  առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 

 24.05.2022թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին Վարշավայում ստորագրված  Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը» (այսուհետ՝ Արձանագրություն)՝  Եվրոպական միության երկրներում առանց թույլտվության գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի, այդ թվում՝ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին եւ ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:

Համաձայնագրի միջոցով Պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը՝ համագործակցության ոգով:

Համաձայնագրի 20-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է. «Չխախտելով սույն Համաձայնագրի ուղղակի կիրառելիությունը` անդամ պետության կամ Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանը եւ անդամ պետությունը կազմում են կիրարկող արձանագրություն, որը նաեւ կարգավորում է, ի թիվս այլ հարցերի, հետեւյալը՝ 

ա) իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին եւ կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, 

բ) ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը,

 գ) միջոցները եւ փաստաթղթերը՝ ի հավելումն Համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների, 

դ) հետընդունման ձեւերը` արագացված ընթացակարգերի ներքո, 

ե) հարցազրույցների ընթացակարգը»:

Արձանագրությունը ներկայացնում է նաեւ մանրամասն կանոններ Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության եւ Լեհաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների մասով:

 Համաձայնագիրը կիրարկող արձանագրություններ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության եւ հետեւյալ պետությունների միջեւ՝ Բենիլյուքսի պետություններ (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն), Էստոնիայի Հանրապետություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Չեխիայի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն:

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                     ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

24.05.2022թ.