ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-260-11.05.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-260-11.05.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
01.06.2022թ.
Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: 2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը, այն է՝ «Օրենքի ուժի մեջ մտնելը» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, ըստ որի՝ « Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»: 3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ Օրենքին հղում է կատարվում միայն Նախագծի 2-րդ հոդվածում, ինչի անհրաժեշտությունը բացակայում է (հիմք՝ եզրակացության 2-րդ կետ): 4. Նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 19.6-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում, հոդվածը բաժանվում է հինգ մասերի, մինչդեռ Օրենքի 38-րդ հոդվածի վերջին պարբերությամբ հղում է կատարվում Օրենքի 19.6-րդ հոդվածի 2-6-րդ մասերին: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածն այլեւս չունի 6-րդ մաս՝ առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի վերջին պարբերության մեջ նշված «2-6-րդ մասերով» բառերը փոխարինել «2-5-րդ մասերով» բառերով: Եզրահանգում Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 01.06.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 38-րդ հոդվածի չհամարակալված 4-րդ պարբերության մեջ: Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 01.06.2022թ.
Ներկայացված Նախագիծն ուղղված է ցեմենտի տեղական արտադրության պաշտպանությանը, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը: Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում տվյալ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվում, իսկ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը համապատասխանաբար դառնում են 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետեր? Նախագիծը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ներկայումս Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին (Կ-256-06.05.2022-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին (Կ-2561-06.05.2022-ՏՀ-011/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի մեջ ընդգրկված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը (այսինքն այն կետերը, որոնք Նախագծով առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ): Ընդ որում, տվյալ քայլը բացատրվում է այն հանգամանքով, որ 2021 թվականին պղնձի եւ մոլիբդենի խտահանքի, ինչպես նաեւ մոլիբդենի արտահանման համար պետական տուրքի սահմանումը նպատակ է ունեցել մետաղների միջազգային բարձր գների պայմաններում ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ: Սակայն հանքարդյունաբերության ոլորտի հարկման կայուն եւ կանխատեսելի հարկային միջավայր ապահովելու տեսանկյունից Կառավարությունն անհրաժեշտ է համարում առավելապես գործունեության վերջնական ֆինանսական արդյունքների վրա հիմնված՝ առավել արդարացի ու տնտեսագիտական տեսանկյունից առավել հիմնավորված հարկային բեռ ձեւավորող համակարգի ներդրումը, որը նաեւ կերաշխավորի ոլորտում ստեղծվող նոր արժեքից արդարացի մասհանում պետական բյուջե? Այս կապակցությամբ էլ առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ռոյալթիների նոր՝ պրոգրեսիվ համակարգի ներդրմանը զուգահեռ ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերը (մետաղական հանքանյութի արտահանման համար պետական տուրքերը)՝ որպես ոչ արդյունավետ եւ ժամանակավոր միջոցառում: Նշենք նաեւ, որ ինչպես սույն Նախագծի, այնպես էլ նախագծերի նշված փաթեթի ընդունման արդյունքում կստեղծվի հակասական իրավիճակ. մի կողմից կվերացվեն ժամանակավոր ընդունված պետական երեք տեսակի տուրքերը՝ դրանք փոխարինելով ռոյալթիների պրոգրեսիվ դրույքաչափերի ներդրմամբ, իսկ մյուս կողմից՝ կվերականգնվեն այդ նույն պետական երեք տեսակի տուրքերը՝ լրացուցիչ եւ անհիմն հարկային բեռ սահմանելով հանքարդյունաբերական ընկերությունների համար, ինչն էլ բացասական ազդեցություն կարող է ունենալ տվյալ ոլորտում ներդրումային միջավայրի բարենպաստության տեսանկյունից: Հետեւաբար, կարծում ենք, որ շրջանառության մեջ գտնվող վերը նշված երկու նախագծերի միջեւ առկա է ոչ միայն իրավական, այլ նաեւ ոլորտի նկատմամբ իրականացվող հարկային քաղաքականության հայեցակարգային տարբերություններ:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի՝ վերը նշված հակասությունները վերացնելու տեսանկյունից:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 20.05.2022թ.
Նախագծի վերաբերյալ պետք է նշել, որ ցեմենտի սպառումը (արտադրություն + ներմուծում) էապես աճել է՝ 2019-2021 թվականներին (797 հազարից մոտեցել է 900 հազար տոննային): Ընդ որում, դա տեղի է ունեցել շինարարության չափավոր աճի պայմաններում: Ցեմենտի շուկայի աճը ապահովվել է գլխավորապես տեղական արտադրողների հաշվին: 2019 թվականին ցեմենտի արտադրությունը կազմել է 590 հազար տոննա, 2021 թվականին՝ 853 հազար տոննա: Այսինքն, 2 տարում արտադրությունն աճել է 44%-ով: Արտադրության մեջ աճն ապահովվել է՝ Արարատցեմենտի եւ Հրազդանցեմենտի հաշվին: Միաժամանակ պետք է նշել, որ ներմուծման ծավալներն էապես կրճատվել են: Եթե 2019 թվականին ներմուծվել էր 207 հազար տոննա ցեմենտ, ապա 2021 թվականին՝ ընդամենը 44 հազար տոննա: Վերոգրյալից ելնելով՝ մշակվել է Նախագիծը: Մասնավորապես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում տվյալ հոդվածի 3-րդ մասը՝ (ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով) ուժը կորցրած է ճանաչվում, իսկ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը (մետաղական հանքանյութի արտահանման համար պետական տուրքերը) համապատասխանաբար դառնում են 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասեր, որն ուղղված է ցեմենտի տեղական արտադրության պաշտպանությանը, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը: Առաջարկվող փոփոխություններով ներկրվող ցեմենտի տուրքը նախատեսվում է սահմանել (մեկ տոննայի համար) 9 000 դրամ՝ նախկին 14000-ի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 31.05.2022թ.
|