ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-261-11.05.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2611 -11.05.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-261-11.05.2022-ՏՏԳՇ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2611 -11.05.2022-ՏՏԳՇ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
02.06.2022թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում լրացվող պարբերության համաձայն՝ «թափոնների հեռացման վայրեր՝ թափոնների վնասազերծման, ոչնչացման կամ տեղադրման համար հատուկ նախատեսված վայրեր կամ օբյեկտներ (այդ թվում՝ աղբավայրեր, պոլիգոններ). (…):»: Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «(…) թափոնների գործածություն` գործողություններ, որոնք ուղղված են թափոնների հավաքմանը, փոխադրմանը, տեղադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը եւ թաղմանը. (…) հատուկ հատկացված տեղեր` թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրեր՝ թափոնների տեղաբաշխման տեղեր, փոխաբեռնման կայաններ, պոլիգոններ, թափոնակուտակիչներ, աղբավայրեր, համալիրներ, շինություններ, արդյունաբերական հրապարակներ, պոչամբարներ, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասեր. (…)»: Մեջբերված դրույթներից բխում է, որ Օրենքով նախատեսված «հատուկ հատկացված տեղեր» հասկացությունը ենթադրում է թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրերը, որոնց շրջանակը բացահայտված է Օրենքի 4-րդ հոդվածի համապատասխան պարբերությամբ, միաժամանակ՝ Օրենքի այդ հոդվածում բացահայտված է նաեւ թափոնների գործածություն համարվող գործողությունների շրջանակը, որն իր մեջ ընդգրկում է թափոնների վնասազերծումը, տեղադրումը եւ թաղումը: Հետեւաբար՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածում կատարվող լրացմամբ «թափոնների հեռացման վայրեր» հասկացությունը սահմանելիս առաջարկում ենք վերանայել «հատուկ նախատեսված վայրեր» ձեւակերպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 4-րդ հոդվածի համապատասխան պարբերությամբ տրված է «հատուկ հատկացված տեղեր» հասկացությունը, ինչը ենթադրում է թափոնների գործածության համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրերը, իսկ՝ գործածության շրջանակում են նաեւ թափոնների վնասազերծումը, ոչնչացումը եւ տեղադրումը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Ամփոփելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք այն դեպքում, եթե «հատուկ նախատեսված վայրեր» եզրույթի էությունը հանգում է Օրենքով սահմանված «հատուկ հատկացված տեղերի» բովանդակությանը՝ ապա՝ միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն եզրույթը, հակառակ դեպքում՝ բացահայտել «հատուկ նախատեսված վայրերի» շրջանակը՝ նորմի հստակությունն ապահովելու, ինչպես նաեւ իրավական շփոթից խուսափելու նպատակներով: 2. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» վերտառությունը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը նախատեսված է ուժը կորցրած ճանաչել, միաժամանակ՝ գործող Օրենսգրքի քննարկվող հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին նույնաբովանդակ վարչական իրավախախտում լրացվում է 43.1-ին հոդվածում՝ 3.1-ին մասի տեսքով: Նշվածի համատեսքտում առաջարկում ենք Օրենսգրքի 43.1-ին հոդվածում 3.1-ին մաս լրացնելու փոխարեն՝ Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող 3.1-ին մասի «վարչական իրավախախտումները» բառերն առաջարկում ենք փոխարինել «արարքը» բառով: 5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող 11.1-ին մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1.1-ին եւ 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կարող են կիրառվել նաեւ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը:»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը. Օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ եւ գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետեւյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացությամբ, իրեղեն ապացույցներով, իրեր եւ փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաեւ այլ փաստաթղթերով:»: Իրեղեն ապացույց են համարվում նաեւ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը գլխում» ներառված «Ապացույցներ» վերտառությամբ հոդվածը կանոնակարգում է այն հարցը՝ որոնք են համարվում տվյալների հաստատման միջոցներ եւ այդ թվում է իրեղեն ապացույցը: Հետեւաբար՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 43.1-ին հոդվածում լրացվող 11.1-ին մասը նաեւառաջ անհիմն կրկնություն է, քանի որ ապացույցների թույլատրելիության կանոնի համատեքստում լուսանկարները եւ տեսագրությունները կարող են դիտարկվել իբրեւ ապացույց Օրենսգրքի 251-րդ հոդվածի համատեքստում: Բացի այդ, քննարկվող լրացումը այդ հոդվածի, նաեւ համապատասխան գլխի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է: 6. Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով Օրենսգրքի 2191 -ին եւ 224-րդ հոդվածներում կատարվող փոփոխություններով նախատեսված է Օրենսգրքի 43.1-ին հոդվածով նախատեսված որոշ իրավախախտումների քննությունը միաժամանակ վերապահել եւ՛ տեղական ինքնակառավարման մարմիններին, եւ՛ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ քննության իրավասությունը թողնելով այն մարմնին, որն առաջինն է հայտնաբերում այդ իրավախախտումը: Այն դեպքում, երբ միեւնույն շրջանակի գործերի քննությունը վերապահված է 2 մարմիններին միաժամանակ, կարծում ենք, որ կարող է խնդրահարույց լինել գործերի ենթակայության կարգավորումներում որոշակիության տեսանկյունից: Հատկապես՝ վարչական իրավախախտման կրկնության գործերով վերը նշված փոփոխությունները գործնականում կիրառելիս կարող են լրացուցիչ բարդությունների հանգեցնել: Հետեւաբար՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը իրավասություն վերապահել տեղեկացնելու տեղական ինքնակառավարման մարմիններին համապատասխան վարչական իրավախախտումների հայտնաբերման դեպքերի մասին, այլ ոչ՝ վերապահել գործերի քննության հնարավորություն՝ ենթակայությունը պայմանավորելով հայտնաբերման փաստով: 7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետում առաջին «43.1-ին» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «43.1-րդ» գրելաձեւով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 2191-ին հոդվածում գործածված է այդկերպ: Միաժամանակ՝ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: Բացի այդ, առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում «2191» թիվը փոխարինել «2191» գրելաձեւով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: 8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ լրացվող 43.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից:»: Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը՝ առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով բացառություն նախատեսող հատվածով համապատասխան կարգավորումներին հղումը կատարել հստակ եւ ուղղակի կերպով: Միաժամանակ՝ համապատասխան բացառությունը նախատեսելիս առաջարկում ենք հղում կատարել նաեւ Նախագծի 5-րդ հոդվածին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմինը չի կարող իրականացնել համապատասխան իրավախախտման քննությունը, քանի դեռ կարգավորումն ուժի մեջ մտած չէ:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248) 02.06.2022թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարող՝ Կ.Մանուկյան (հեռ.` 011-513-248) 02.06.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող համապատասխան օրենքներում նախատեսել դրույթներ, որոնց նպատակը շրջակա միջավայրի պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացումն է: Ներկայումս չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում, ինչպես նաեւ սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախատումները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով: Այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին, սակայն կարեւորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը եւ իրավախատումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է այս առումով սահմանված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաեւ ՀՀ ոստիկանությանը: Բացի այդ, աղբավայրը շահագործողների համար սահմանվում է նաեւ պատասխանատվության միջոց, որը կիրառվելու է աղբավայրի տարածքում Կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար, ինչպես նաեւ առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել 43.2. հոդվածով եւ նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.` 011 513-668) 23.05.2022թ.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող համապատասխան օրենքներում նախատեսել կարգավորումներ, որոնց նպատակը շրջակա միջավայրի պահպանության գործընթացի արդյունավետության բարձրացումն է: Նախագծերի փաթեթը ներկայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում, ինչպես նաեւ սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախատումները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով: Այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին: Կարեւորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը եւ իրավախատումների արագ հայտնաբերումը, մշակվել է Նախագծերի փաթեթը՝ առաջարկելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաեւ ՀՀ ոստիկանությանը: Առաջարկվում է նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքը լրացնել 43.2. հոդվածով, այն է՝ «Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը» եւ նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին: Նախագծերի փաթեթի վերաբերյալ առկա է հետեւյալ նկատառումը. «Թափոնների մասին» օրենք? 17-րդ հոդվածում նախատեսվելիք փոփոխության համաձայն՝ «Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու եւ կանխատեսելու, դրանց բացասական հետեւանքները ժամանակին բացահայտելու եւ կանխարգելելու նպատակով թափոնների հեռացման վայրերը շահագործողներն ու տնօրինողները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը իրականացնում են պարբերական մոնիթորինգ», մինչդեռ Օրենսգրքի նոր լրացվելիք 43.2 հոդվածում նախատեսվում է պատասխանատվություն «Աղբավայրը շահագործողների» կողմից մոնիթորինգի իրականացման կարգի խախտման համար: Փաստորեն ստացվում է, որ մոնիթորինգի իրականացման պարտականությունը դրվում է համապատասխան սուբյեկտի/սուբյեկտների վրա, իսկ մոնիթորինգի իրականացման կարգի խախտման համար պատասխանատվությունը նախատեսվում է այլ սուբյեկտի համար, ինչի հետեւանքով հակասություն է առաջանում: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Նախագծերի փաթեթում առկա են խմբագրական բնույթի թերություններ: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35) 02.06.2022թ.
|