ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Քրեակատարողական օրենսգրքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-263-13.05.2022-ՊԻ-011/0)  վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացած Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-263-13.05.2022-ՊԻ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

             ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                               ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

19.05.2022թ. 





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ընդունել ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրք, որի ընդունումը բխում է ՀՀ կառավարության՝ 2019 թվականի նոյմեբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը եւ ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձեւավորման եւ գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1717-Լ որոշման Հավելված 2-ի 1-ին կետից, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից, Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ), ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներից, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հաշվետվություններից:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ այս օրենսգիրքը կդառնա ՀՀ քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերից բխող ինստիտուտների պատշաճ կիրառությունն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որով կամբողջականացվի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումներն ու առաջարկությունները:

1. Նախագծի 46-րդ հոդվածի 5-րդ ասում, ինչպես նաեւ հետագա տեքստում (բացառությամբ՝ 110-րդ հոդվածի 3-րդ մասի),  «սահմանված նվազագույն աշխատավարձի» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի» բառերով՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի հետ համահունչ դարձնելու եւ տարընթերցումներից խուսափելու նպատակով:

2. Ինչպես գործող օրենսգրքում, այնպես էլ Նախագծի 82-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվում է, որ. «Դատապարտյալներն իրավունք ունեն առանց սահմանափակման ստանալ եւ կատարել դրամական փոխանցումներ», իսկ քանի որ որեւէ տեղ չի հստակեցվում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «դրամական փոխանցում» բառակապակցությունը, ապա կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ փոխանցումների մասին: Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ՝

ա) 2022 թվականի հունվարի 18-ի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՕ-12-Ն օրենքով ՀՀ-ում բավականին խիստ սահմանափակումներ են նախատեսվել կանխիկ գործառնությունների կատարման մասով, ուստի տվյալ Նախագծի եւ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի միջեւ համապատասխանության չապահովման պարագայում կստացվի, որ ազատազրկման դատապարտված եւ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները դրամական գործարքների մասով ունեն շատ ավելի լայն իրավունքներ, քան ազատության մեջ գտնվող օրինապահ քաղաքացիները,

բ) անհրաժեշտ է սահմանել, թե սույն օրենսգրքի իմաստով ի՞նչ է հասկացվում «դրամական փոխանցում» հասկացության տակ, ինչպես նաեւ տարանջատել կանխիկ եւ անկանխիկ դրամական փոխանցումները եւ դրանց համար տալ համապատասխան կարգավորումներ,

գ) ըստ էության, անհասկանալի եւ անբացատրելի է մնում դատապարտյալների համար անսահմանափակ դրամական փոխանցումների կատարման հնարավորության ամրագրումը, քանի որ մի կողմից Նախագծի մի շարք հոդվածներով (95-րդ, 96-րդ, 97-րդ եւ այլն) խիստ սահմանափակումներ են նախատեսված դատապարտյալների կողմից ամսական ծախսերի ծավալի առումով (թեեւ անհասկանալի է մնում նաեւ, թե ինչպե՞ս պետք է կատարվի այդ սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունը՝ հաշվի առնելով բանկային գաղտնիքի հանգամանքը), իսկ մյուս կողմից՝ ակնհայտ է, որ դատապարտյալների մոտ դրամական միջոցների առկայությունն արդեն իսկ խաղամոլության տարածման եւ տարբեր նոր հանցագործությունների ի հայտ գալու համար պարարտ հող է ստեղծում (ուստի, կարծում ենք, Նախագծով շատ ավելի խիստ սահմանափակումներ պետք է նախատեսվեն դատապարտյալների կողմից ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ դրամական փոխանցումների կատարման առումով): 

2. Ինչպես նշեցինք, Նախագծի 82-րդ հոդվածի 4-րդ մասով եւ մի շարք այլ հոդվածներով դատապարտյալների, իսկ Նախագծի 115-րդ եւ այլ հոդվածներով սահմանված դեպքերում՝ նաեւ անչափահաս դատապարտյալների համար նախատեսվում է անսահմանափակ դրամական փոխանցումների կատարման իրավունք, սակայն Նախագիծը քրեակատարողական հիմնարկների համար որեւէ պարտավորություն չի նախատեսում այդ փոխանցումների նույնիսկ տեսական հնարավորությունների (ինտերնետ կապի, բանկային ծառայություններ հասանելիության եւ այլն) ապահովման տեսանկյունից՝ չխոսելով արդեն այդ փոխանցումների կատարման գործնական մեխանիզմների եւ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի (ՊՈՍ-տերմինալներ եւ այլն) ու համապատասխան տեխնիկական հնարավորությունների ապահովման մասին: 

Այս կապակցությամբ, ինչպես նաեւ գործող օրենսգրքով եւ Նախագծով դատապարտյալների՝ դրամական փոխանցումների կատարման մասով իրավունքների գործնական ապահովման նպատակով, առաջարկում ենք մշակել եւ Նախագծում ավելացնել առանձին գլուխ կամ հոդված, որով պետք է սահմանվեն դատապարտյալների կանխիկ եւ անկանխիկ դրամական փոխանցումների կատարման իրավունքն ու սահմանափակումները, անչափահաս դատապարտյալների կողմից բանկային հաշիների բացման եւ վճարային քարտերի ստացման առանձնահատկությունները, ազատազրկման վայրերում դրամական փոխանցումների (գործարքների) կատարման նկատմամբ վերահսկողության կարգը, մարմիններն ու մեխանիզմները, դրամական փոխանցումների կատարման գործնական մեխանիզմները եւ դրանց իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունների ու սարքավորումների ապահովման գծով քրեակատարողական հիմնարկների պարտավորությունները, ինչպես նաեւ դատապարտյալների այս իրավունքի իրականացման համար անհրաժեշտ մյուս կարգավորումները: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք է զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

19.05.2022թ.