ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-266-17.05.2022-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2661 -17.05.2022-ԱՍ-011/0) եւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2662 -17.05.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-266-17.05.2022-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2661 -17.05.2022-ԱՍ-011/0) եւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2662 -17.05.2022-ԱՍ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
09.06.2022թ.
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացվող նոր՝ 3.2-րդ հոդվածի 3-րդ մասը նույնությամբ կրկնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունը: Հետեւաբար՝ անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր՝ 3.2-րդ հոդվածի 3-րդ մասում պարզապես հղում կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասին: 2. Նախագծի 1-ին հոդվածում «կետը» բառը առաջարկում ենք փոխարինել «կետում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ լրացումը կատարվում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում: Նույնը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթի մյուս դրույթներում շարադրված ձեւակերպումներին: Միաժամանակ առաջարկում Նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացվող նոր՝ 3.2-րդ հոդվածի վերնագիրը շարադրել մգեցված տառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 07.06.2022թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարողներ` Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 07.06.2022թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում, Քրեական օրենսգրքում, «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում: Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել «հարկադիր աշխատանք» եւ «պարտադիր աշխատանք» եզրույթները, ինչպես նաեւ «պարտադիր կամ հարկադիր» աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը: Համաձայն Նախագծերի փաթեթի հիմնավորման` դրա ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 01.06.2022թ.
Կառավարության կողմից Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» եւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքներում՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 909-Լ որոշման: Ըստ էության, Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկվում է լրացնել Օրենսգիրքը նոր՝ 3.2 հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 3.2 Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը 1. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: 2. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որեւէ ձեւի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: 3. Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝ 1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը. 2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը. 3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:»: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված են աշխատանքային օրենսդրության սկզբունքները, որի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է ցանկացած ձեւի (բնույթի) հարկադիր աշխատանքի եւ աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը: Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենսգրքում բացակայում է «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանումը: Համաձայն ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝ 1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը. 2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը. 3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:»: «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) N29 կոնվենցիայով «հարկադիր կամ պարտադիր աշխատանքը» բնորոշվում են միասնական՝ միեւնույն կերպով: Միաժամանակ, ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով հավասարության նշան է դրվում հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ՝ համապատասխանաբար միեւնույն դրույթով սահմանելով, որ «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է» (Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մաս), «Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք»: Վերը նշված լրացման արդյունքում, իրավամբ, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում եւ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական օրենսգրքում: Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Նախագծերի փաթեթի ընդունմամբ, կարծում ենք, Օրենսգրքում կամրագրվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը եւ այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում կհամապատասխանեցվեն պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից, ըստ այդմ, կբարելավվի նաեւ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնականացման գործընթացը: Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 23.05.2022թ.
|