ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-269-23.05.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-269-23.05.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
14.06.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:»: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է՝ Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի մոտ հայտնաբերված եւ հետ ընդունված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողը ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում: Սույն հոդվածի կիրառության իմաստով` խոտան ապրանք (արտադրանք) է համարվում ապրանքի (արտադրանքի) արտադրության գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը (արտադրանքը), որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության»: Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով սահմանված է հետեւյալը՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով առկա՝ սույն օրենքի համաձայն որակական կորուստ համարվող արտադրանքը (ապրանքը) համախառն եկամտից նվազեցվում է 2022 թվականի հարկային տարվա ընթացքում՝ այդ տարվա համախառն եկամտի երկու տոկոսի չափով:»: Մեջբերվածի կապակցությամբ նշենք հետեւյալը՝ 1) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են` 1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ. 2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:»: Հաշվի առնելով մեջբերված նորմը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող կարգավորմանը հետադարձ ուժ տալ՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա» ձեւակերպումը վերախմբագրել այնպես, որ հստակ լինի՝ ինչ է ենթադրում 2022 թվականի հուվարի 1-ից ծագելու հանգամանքը՝ ապահովելով այդ դրույթի որոշակիությունը: 2) Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: (…)»: Գործող օրենսդրությամբ որակական կորստի առկայության դեպքում համախառն եկամտից նվազեցում է կատարվում հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող կարգավորման շրջանակներում որակական կորուստ դիտարկվող դեպքի համար Նախագծի 3-րդ հոդվածով հնարավորություն է սահմանվում նվազեցումը կատարել միայն 2022 թվականի հարկային տարվա ընթացքում 2 տոկոսի չափով՝ առանց օբյեկտիվ հիմքի մատնանշման: Նշվածով պայմանավորված՝ առաջարկում ենք ապահովել վերը ներկայացված տարբերակված մոտեցումը նախատեսելու անհրաժեշտության վերաբերյալ օբյեկտիվ հիմնավորումը: 3. Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների համապատասխանաբար «Եզրափակիչ մաս», «Անցումային դրույթներ» վերտառություններն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծի վերը քննարկվող կարգավորման առնչությամբ օբյեկտիվ հիմնավորումը, ինչպես նաեւ Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 10.06.2022թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Կատարող` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 10.06.2022թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող շահութահարկ վճարողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձեւավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, նման հնարավորությունն ամրագրված է միայն գույքի մասով: Մասնավորապես, գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Նույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության եւ (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ որակական կորուստ է համարվում նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը, եթե Օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-7-րդ մասերին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 31.05.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» (այսուհետ՝ Օրենսգիրք), որի նպատակն, ըստ հեղինակի, շահութահարկ վճարողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձեւավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու հնարավորությունների ընձեռումն է: Համաձայն Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Սույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության եւ (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:»: Ըստ էության, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքների մասով ձեւավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու նպատակով գործող հարկային օրենսդրությամբ համապատասխան կարգավորումներ նախատեսված չեն, ինչով էլ պայմանավորված, հեղինակն առաջարկում է ամրագրել, որ որակական կորուստ է համարվում նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը, եթե գործող իրավակարգավորմամբ՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից: Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի մոտ հայտնաբերված եւ հետ ընդունված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողը ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում:» նախադասությունը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի ընդունման դեպքում, կարծում ենք, շահութահարկ վճարողներին հնարավորություն կընձեռնվի առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը համապատասխան չափով նվազեցնել համախառն եկամտից, ինչը սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա եւ կնպաստի ներդրողների համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ձեւավորմանը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 30.05.2022թ.
|