ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-270-24.05.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-270-24.05.2022-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
15.06.2022թ.
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացման արդյունքում «Աշխարհագրական նշումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված «աշխարհագրական նշում» հասկացությունը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «աշխարհագրական նշում՝ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ ցանկացած այլ անվանում, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել եւ (կամ) վերամշակվել եւ (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում»: Նշված ձեւակերպմամբ ստացվում է, որ, որպես աշխարհագրական նշում, հանդիսանում է նաեւ ցանկացած անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից: Նված ձեւակերպումը բավարար չափով որոշակի չէ եւ միանշանակ չի ընկալվում. մասնավորապես՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բովանդակությունից բխում է, որ աշխարհագրական նշում է համարվում՝ ▪ այն տարածքի անվանումը, որը ծառայում է տվյալ տարածքից արտադրանքի ծագումը նշելու համար, ▪ այն որոշակի տեղանքը, որը ծառայում է տվյալ որոշակի տեղանքից արտադրանքի ծագումը նշելու համար, ▪ բացառիկ դեպքերում երկիրը, որը ծառայում է տվյալ երկրից արտադրանքի ծագումը նշելու համար: Այսինքն՝ աշխարհագրական նշում համարվող տարածքի անվանումը մատնացույց է անում որոշակի արտադրանքի՝ նույն տարածքից ծագելու հանգամանքը, որոշակի տեղանքի անվանումը՝ նույն որոշակի տեղանքից արտադրանքի ծագելու հանգամանքը (...), մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացմամբ հասկանալի չէ, թե աշխարհագրական նշում համարվող ցանկացած այլ անվանումը արտադրանքի ինչ աշխարհագրական վայրից ծագելու հանգամանքն է բացահայտում: Այսպիսով՝ Նախագծով նախատեսված կարգավորմամբ հասկանալի չէ, թե ինչ ցանկացած այլ անվանում կարող է համարվել աշխարհագրական նշում, եթե վերջինիս որոշակիացմանը կամ այդ այլ անվանումից արտադրանքի ծագման փաստը հավաստող կարգավորումներին վերաբերող դրույթները բացակայում են: Բացի այդ «ցանկացած այլ անվանում» ձեւակերպումը չի բխում Օրենքով սահմանված «աշխարհագրական նշում» հասկացության տրամաբանությունից: Բացի այդ նշենք, որ Քաղաքացիական օրենսգրքի 1179.1-ին հոդվածով հստակ սահմանված է աշխարհագրական նշման հասկացությունը, որին Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացման արդյունքում ձեւակերպված «աշխարհագրական նշում» հասկացությունը չի համապատասխանում: Մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքի 1179.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխարհագրական նշում է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել եւ (կամ) վերամշակվել եւ (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:»: Նույն դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերում կատարվող լրացումներին: Մասնավորապես՝ Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող լրացման բովանդակությունից բխում է, որ, որպես աշխարհագրական նշում, պահպանվում է ցանկացած այլ անվանում. որը ծառայում է հետեւյալ պայմանները բավարարող արտադրանքը նշելու համար՝ 1) ծագել է տվյալ տարածքից, բնակավայրից, որոշակի տեղանքից կամ երկրից (...): Մինչդեռ արտադրանքի՝ տվյալ տարածքից ծագելու դեպքում պահպանման ենթակա աշխարհագրական նշում է համարվում տվյալ տարածքը, բնակավայրից ծագելու դեպքում պահպանման ենթակա աշխարհագրական նշում է համարվում տվյալ բնակավայրը, որոշակի տեղանքից ծագելու դեպքում՝ աշխարհագրական նշում է համարվում տվյալ տեղանքը, մինչդեռ, հասկանալի չէ, թե աշխարհագրական նշում համարվող ցանկացած այլ անվանումը ծառայելու է արտադրանքի՝ աշխարհագրական ինչ վայրից ծագելու պայմանը նշելու համար: 2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ, որի ուժով աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնող խմբին կարող է փոխարինել գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը, այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարոանում ձեւավորել խումբ: Նշենք, որ Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգավորումները վերաբերում են խմբերին, իսկ խմբին փոխարինող գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հայտ ներկայացնելու ընթացակարգի (ժամկետ, ով կարող է դիմել, երբ կարող է գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը մերժել դիմողին եւ այլն) վերաբերյալ որեւէ կարգավորում կամ ենթաօրենսդրական ակտին հղում Նախագծով նախատեսված չէ: 3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ պարբերության մեջ «համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում՝» բառերը նշել մգեցված՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը » (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին)»: 4. Նախագծի 17-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով նախատեսված կարգավորումների որոշակիությունը եւ հստակությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248), Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 14.06.2022թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Կատարողներ՝ Տ. Բադալյան (հեռ.` 011-513-248), Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616) 14.06.2022թ.
Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է՝ ▪ վերանայել «աշխարհագրական նշում» եւ «երաշխավորված ավանդական արտադրանք» հասկացությունները, ▪ հստակեցնել հսկողության եւ վերահսկողության հետ կապված դրույթներ, ▪ սահմանել, որ աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնող խմբին կարող է փոխարինել գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը, այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձեւավորել խումբ, ▪ կատարել մի շարք այլ խմբագրական բնույթի փոփոխություններ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ Կատարող՝ առաջատար մասնագետ Անի Գյոզալյան 06.06.2022թ.
Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ինչի ընդունումը պայմանավորված է Օրենքում հսկողության եւ վերահսկողության հետ կապված դրույթները հստակեցնելու, «աշխարհագրական նշում» հասկացության սահմանումը վերանայելու անհրաժեշտությամբ: Գործող իրավակարգավորմամբ, իրականացվում են աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները: Օրենքը համահունչ է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասին: Նախագծով հեղինակն առաջարկում է Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, համաձայն որոնց՝ 1. կհստակեցվեն աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշման նկատմամբ պետական վերահսկողություն եւ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմինները եւ դրանց գործունեության շրջանակները, 2. որպես աշխարհագրական նշում կպահպանվի ոչ միայն տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանումը, այլ նաեւ ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որն արտադրվել եւ (կամ) վերամշակվել եւ (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում, 3. կսահմանվի, որ այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձեւավորել խումբ, ապա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փոխարինել խմբին եւ ներկայացնել աշխարհագրական նշման գրանցման հայտ: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:
Ներկայացված Նախագծի ընդունմամբ հեղինակն ակնկալում է, որ կհստակեցվի աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն եւ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները: Ըստ այդմ, հնարավորություն կտրվի որպես աշխարհագրական նշումով արտադրանք գրանցել նաեւ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը: Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 03.06.2022թ.
|