ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-276-26.05.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-276-26.05.2022-ԱՍ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): 

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                          ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 
 

06.06.2022թ. 



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է՝ 

1. նախատեսել, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով իսկ ճկունություն հաղորդելով սոցիալական ճգնաժամերին դիմակայելու եւ սոցիալական ռիսկերի կառավարման, աղքատության կանխարգելման քաղաքականությանը,

2. սահմանել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը, ինչպես նաեւ սահմանել հոգեկան առողջության եւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնագիտացված խնամքի եւ սոցիալական այլ ծառայությունների տրամադրման հնարավորություն,

3. սահմանել լիազորող նորմեր՝ կացարանով ապահովման ճկուն քաղաքականության իրականացման համար, ինչպես նաեւ աջակցության քարտի տրամադրման վերաբերյալ, որի միջոցով կապահովեն սննդի, հագուստի եւ առաջին անհրաժեշտության այլ գույքի տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց,

4. սահմանել սոցիալական աջակցության արդյունավետ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ այլ լիազորող նորմեր:

 Ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման վրա, ըստ որի. «Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական ծառայություններ կարող են տրամադրել նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վկայագիր ստացած ընտանիքին (անձին)՝ այն ներկայացնելու դեպքում: Պետական վկայագրի ձեւը, տրամադրման կարգը, պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:», իսկ ինչ վերաբերում է պետական վկայագրին, ապա այն, ըստ Նախագծի 1-ին հոդվածի, որոշակի վավերապայմաններով եւ ձեւով անվանական ֆինանսական փաստաթուղթ է, որը պետության կողմից սոցիալական ծառայություն մատուցած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին ֆինանսական փոխհատուցման կամ վկայագիրը ստացած ընտանիքին (անձին) որոշակի գույք ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է:

Վերը նշվածից, սակայն, անհայտ են մնում որոշակի հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հստակեցնել՝ առաջարկվող իրավանորմերի գործնական կիրառության ապահովման եւ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով: Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել՝ եթե պետական վկայագիրը «անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու հիմք է», ապա դրա դիմաց սոցիալական ծառայությունների մատուցումը՝ այդ ծառայությունները մատուցողների համար ինչու՞ պետք է լինի հայեցողական իրավունք, այլ ոչ թե պարտավորություն, առավել եւս, որ այդ վկայագիրը, ըստ առաջարկվող լրացման, «անվանական ֆինանսական փաստաթուղթ է», հետեւաբար՝ պետության կողմից այն հետ ընդունելու եւ դրամական փոխհատուցում չերաշխավորելու դեպքում ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձն այդ վկայագիրը որեւէ այլ կերպ օգտագործել կամ իրացնել չի կարող: Այս պարագայում, եթե ծառայություն մատուցողը կարող է պետական վկայագրի դիմաց մատուցել կամ չմատուցել համապատասխան ծառայությունը (այսինքն՝ ծառայության մատուցումը դիտել որպես իր հայեցողական իրավունք), ապա կարող է առաջանալ մի վիճակ, երբ քաղաքացին, ձեռքին ունենալով սոցիալական ծառայություններ կամ գույք ստանալու հիմք եւ իրավունք, գործնականում չի կարող իրացնել իր այդ իրավունքը, առավել եւս, որ ծառայություն մատուցողների համար ձեռնտու չի լինի ծառայություններ մատուցել մի այնպիսի վկայագրի դիմաց, որը ծառայություն ստացողի անվամբ է եւ չի փոխհատուցվելու պետության կողմից: 

Այս կապակցությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է հստակ սահմանել, որ պետական վկայագրի ներկայացման դեպքում կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք պարտավոր են մատուցել համապատասխան սոցիալական ծառայությունները՝ դրա դիմաց վերցված պետական վկայագիրը համապատասխան մարմնին ներկայացնելուց որոշակի ժամանակ հետո այդ վկայագրում նշված գումարի անվերապահ ստացման (մարման) պայմանով: Այս կապակցությամբ անհրաժեշտ կլինի նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման 3.1-րդ կետի երկրորդ նախադասության «տրամադրման կարգը» բառերը փոխարինել «տրամադրման եւ մարման կարգը» բառերով:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

30.05.2022թ.




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք): 

Ընդհանուր առմամբ, սոցիալական աջակցության ոլորտում գործող  հարաբերությունները հիմնականում կարգավորվում են սույն Օրենքով, որով սահմանվում են սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները, դրանց տրամադրման կարգն ու պայմանները: Ըստ Նախագծի հեղինակի, ՀՀ կառավարության որդեգրած սոցիալապես եւ տնտեսապես ակտիվացման քաղաքականությունը, մասնավորապես՝ ծայրահեղ աղքատության վերացումը, անհրաժեշտություն է առաջանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համատեքստում նախատեսել սոցիալապես անապահով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների սոցիալական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների բազմազանություն եւ դրանց տրամադրման համար անհրաժեշտ նորմատիվ դաշտ:

Ներկայացված Նախագծով հեղինակն առաջարկում է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Մասնավորապես՝

1. Առաջարկվում է, որ ՀՀ կառավարությունը կարող է սահմանել սոցիալական ծառայությունների այլ տեսակներ, դրանով տալով ճկունություն սոցիալական ճգնաժամերին դիմակայելու եւ սոցիալական ռիսկերի կառավարման, աղքատության կանխարգելման քաղաքականությանը: 

2. Սահմանվում է նաեւ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ, որոնց առկայությունը նպաստելու է խնամքի հաստատությունների գործառնության ծախսարդյունավետության մեծացմանը: 

3. Սահմանվում են լիազորող նորմեր կացարանով ապահովման ճկուն քաղաքականության իրականացման համար, ինչպես նաեւ աջակցության քարտի տրամադրման վերաբերյալ, որի միջոցով կապահովվեն սննդի, հագուստի եւ առաջին անհրաժեշտության այլ գույքի տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց:

4. Սահմանվում են սոցիալական աջակցության արդյունավետ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ այլ լիազորող նորմեր:

5. Վերականգնողական ծառայությունների տրամադրումը եւ խնամքը հնարավոր կլինի իրականացնել աջակցող միջոցների միջոցով՝ համապատասխանեցնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքին:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: Մասնավորապես՝

1.  Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 12-րդ հոդվածը, որի 2-րդ մասի 2-րդ կետում՝ «որոշակի բնակության վայր չունեցող անձանց` որպես ժամանակավոր օթեւան.» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «՝ մինչեւ 90 օր» բառերը (գործող Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին «2) որոշակի բնակության վայր չունեցող անձին` որպես ժամանակավոր օթեւան, մինչեւ 90 օր տեւողությամբ.») նույնաբովանդակ իմաստով: Հակառակ պարագայում ստացվում է, որ կացարանը տրամադրվում է անհատույց եւ անժամկետ:

2.  Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում «կենտրոններում,» բառից հետո լրացնել «համայնքային փոքր տներում,» բառերով: Այս կապակցությամբ, կարծում ենք անհրաժեշտ է հստակեցնել «համայնքային փոքր տներ» բառերը, տալ դրանց հասկացությունը եւ չափորոշիչները:

Եզրահանգում

Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          Լ. ՄԱՐԿՈՍՅԱՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

31.05.2022թ.