ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-278-27.05.2022-ՏՀ-011/0), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2781 -27.05.2022-ՏՀ-011/0), «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2782 -27.05.2022-ՏՀ-011/0) եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-2783 -27.05.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-278-27.05.2022-ՏՀ-011/0), «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2781 -27.05.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) , «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-2782 -27.05.2022-ՏՀ-011/0) եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն (փաստաթղթային կոդ` Կ-2783 -27.05.2022-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական  վարչությունում:

Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության  մասին տեղեկանքը:  
  
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                          ԼԻԴԻՅԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
 

20.06.2022թ.






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում «22.1-րդ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «22.1-ին» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 22.1-ին եւ 22.2-րդ կետերի համաձայն՝ 

«22.1) սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջների հաստատումը.

22.2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջների հաստատումը.»:

Վերոնշյալ լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախ՝ Նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 22.1-ին կետում «սննդամթերքի հետ շփվող նյութերին» բառերն առաջարկում ենք փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերին» բառերով՝ հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում սահմանված հասկացությունը, այն է՝ «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութ` Կառավարության կողմից սահմանված սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում եւ անմիջական շփման մեջ է սննդամթերքի հետ.», ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: 

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 22.3-րդ կետի «սննդամթերքի հետ շփվող նյութերի» բառերին:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 19-րդ կետերում սահմանված են սննդամթերքի անվտանգության ոլորտում Կառավարության հետեւյալ լիազորությունները՝ «6) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը ներկայացվող պահանջների եւ ցանկի հաստատումը, որոնք օգտագործվում են սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում.

19) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշմանը ներկայացվող պահանջների եւ մակնշման առանձնահատկությունների սահմանումը.»: 

Հիմք ընդունելով մեջբերված իրավակարգավորումներն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 22.1-ին կետի՝ սննդամթերքի հետ շփվող նյութերին ներկայացվող պահանջների հաստատման, ինչպես նաեւ 22.1-ին եւ 22.2-րդ կետերի հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջների հաստատման վերաբերյալ Կառավարությանը վերապահվող լիազորությունները վերանայել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 19-րդ կետերում սահմանված սննդամթերքի անվտանգության ոլորտում Կառավարության լիազորությունների համատեքստում իրավական շփոթից խուսափելու նպատակով:

3. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասում կիրառվում են «Կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» հասկացությունները, առաջարկում ենք «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն բառերը՝ որոշակի հերթականությամբ: Մասնավորապես՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված հասկացությունը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

4. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվում է նոր 8-րդ մաս, որի 1-ին կետով նախատեսվում է հետեւյալը.

«Կառավարությունը հաստատում է՝

1) Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ եւ համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների եւ համապատասխանության տեղեկանքի ձեւերը.»:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ հարկ է նշել հետեւյալը.

1) Առաջարկում ենք «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների» բառերը կարգավորման մյուս հատվածից առանձնացնել «,» կետադրական նշանով՝ իրավական շփոթից խուսափելու նպատակով, մասնավորապես՝ հասկանալի չէ «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի» ձեւակերպումը:

2) «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 22-րդ կետով նախատեսվում է, որ Կառավարությունը սահմանում է անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրման կարգը:

«Անասնաբուժության մասին» օրենքի՝ հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսվում է, որ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը անասնաբուժության ոլորտում օգտագործվող հաշվառված ձեւաթղթերն են (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), որոնք հավաստում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, արտահանվող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող կենդանիների առողջական վիճակը, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների ծագումը, կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից եւ կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերատեսակների, բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանելիությունը: «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է «անասնաբուժական հսկման ենթակա ապրանքներ» հասկացությունը` կենդանիներ կամ դրանց բեղմնավորիչ նյութեր (ինկուբացիոն ձու, սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ, սաղմ), կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կենդանական ծագման կողմնակի արտադրանք, կերեր, լրացակերեր, կերային խառնուրդներ, կերային հավելումներ, անասնաբուժական դեղամիջոցներ:

Հիմք ընդունելով մեջբերված դրույթները, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները, առաջարկում ենք վերանայել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 8-րդ մասի 1-ին կետի անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերին վերաբերող կարգավորումը:

3) «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 8-րդ մասի 1-ին կետում կիրառվում են «անվտանգության սերտիֆիկատներ» եւ «համապատասխանության տեղեկանք» ձեւակերպումները, որոնք վերաբերում են սննդամթերքին, սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներին: Հարկ է նկատել, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի՝ դրանում կիրառվող հիմնական հասկացություններին վերաբերող 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթը սահմանվում է որպես` անասնաբուժասանիտարական հաշվառված ձեւաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), բուսասանիտարական հավաստագիր, առողջության սերտիֆիկատ, որակի եւ անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, համապատասխանության հայտարարագիր, փորձարկման լաբորատորիայի արձանագրություն:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ արգելվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժասանիտարական հաշվառված ձեւաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), բուսասանիտարական հավաստագիր, առողջության սերտիֆիկատ, որակի եւ անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր համապատասխանության գնահատման, հավատարմագրված եւ նշանակված փորձարկման լաբորատորիայի եզրակացություն):

Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի կարգավորումները՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:(...)»՝ առաջարկում ենք հստակեցնել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասի 1-ին կետում կիրառվող «անվտանգության սերտիֆիկատներ» եւ «համապատասխանության տեղեկանք» հասկացությունները: 

5. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին» բառերով՝ հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում կիրառվող ձեւակերպումը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

6. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվում է նոր 8-րդ մաս, որի 4-րդ կետով նախատեսվում է հետեւյալը՝ «Կառավարությունը հաստատում է  սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը»: Հարկ է նկատել, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում բացակայում են պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման վերաբերյալ կարգավորումները: Միաժամանակ հարկ է նկատել, որ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացվում է նոր՝ 5.1-ին հոդված, որի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվում է, որ լիազոր մարմինը հաստատում է բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը: «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշվառում է լիազոր մարմինը` հաշվառման էլեկտրոնային համակարգում գրանցման եւ բուսասանիտարական հաշվառման վկայական տրամադրելու միջոցով: Հարկ է նկատել, որ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում բացակայում են վերահաշվառման, հաշվառման կասեցման եւ հաշվառման հայտի վերաբերյալ կարգավորումները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝«1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Հիմք ընդունելով նշվածն՝ առաջարկում ենք հստակեցնել եզրակացության սույն կետում մեջբերված՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացվող կարգավորումները:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը հաստատում է լիազոր մարմինը: Հիմք ընդունելով նշվածը, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները, առաջարկում ենք վերանայել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացվող նոր 5.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

7. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ «Կառավարությունը հաստատում է նաեւ՝ 

(…)

5) Արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը եւ ձեւերը:»:

Հարկ է նկատել, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում նախատեսված է Կառավարության կողմից  բուսասանիտարական հավաստագրի ձեւի հաստատման համար լիազորող նորմ:

Մասնավորապես՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաեւ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը իր կազմում գործող տարածքային ստորաբաժանումների (սահմանային հսկիչ կետերի եւ մարզային կենտրոնների) միջոցով:

2. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը եւ անասնաբուժական պետական հսկման ենթակա ապրանքները ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից տրված ապրանքի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:

3. Հսկիչ կետում ներմուծվող ապրանքի, բացառությամբ կենդանիների եւ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, փաստաթղթային ստուգումը, զննումը եւ (կամ) նմուշառումն իրականացվում են Կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

4. Բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է բուսասանիտարական կանոնների պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստող՝ արտահանող երկրի լիազոր մարմնի տված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

5. Արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ցանկին համապատասխան:

6. Բուսասանիտարական հավաստագրի ձեւը հաստատում է Կառավարությունը:

7. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծմանը, արտահանմանը, վերաարտահանմանը եւ տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածում սահմանված է նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոնը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածում սահմանված իրավական նորմի մեկնաբանման կանոնը, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում առկա կարգավորումը մեկնաբանելով ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստում՝ նշենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում նշված բուսասանիտարական հավաստագրի ձեւի Կառավարաության կողմից հաստատման վերաբերյալ լիազորող նորմը վերաբերում է արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի ձեւի Կառավարության կողմից հաստատմանը: Հետեւաբար իրավական շփոթից խուսափելու նպատակով առաջարկում ենք վերանայել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր՝ 8-րդ մասի 5-րդ կետում ամրագրված լիազորող նորմը՝ բացառելով արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի ձեւի հաստատման վերաբերյալ նշումը: Սույն առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջից, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները:»:

8. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի վերնագրին:

9. «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով» բառերը փոխարինել «Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 9-րդ կետով» բառերով՝ հղման հստակությունն ապահովելու նպատակով:

10. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում կատարվում է ոչ որոշակի հղում, այն է՝ «Օրենքի 5-րդ հոդվածից»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»: Նույն հոդվածի 8-րդ մասում սահմանված է՝ «Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է օրենքի անվանման հիշատակման կանոնները, մասնավորապես՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավադրույթներն՝ առաջարկում ենք «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում հստակեցնել հղումը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում սահմանված պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով: Մասնավորապես՝ նշել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի անվանումը կամ առաջին կիրառումից հետո փակագծերում սահմանել կրճատ տարբերակ՝ հաջորդիվ կիրառելով միայն նշված տարբերակը:

11. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «5.1» թիվն առաջարկում ենք փոխարինել «5.1-ին» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով դասական թվականների գրության ձեւը:

12. Առաջարկում ենք «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին հոդվածի համարը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:»:

13. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին հոդվածի համաձայն՝ «1. Լիազոր մարմինը հաստատում է՝

1) բուսասանիտարական անձնագրի ձեւը եւ տրամադրման կարգը.

2) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը:»: 

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ լրացմամբ նախատեսված է լիազոր մարմնի լիազորությունների վերաբերյալ իրավակարգավորում, որում սպառիչ թվարկվում են լիազոր մարմնի լիազորությունները: Միեւնույն ժամանակ հարկ է նկատել, որ «Բուսասանիտարիայի մասին» օրենքի մի շարք հոդվածներում սահմանված են լիազոր մարմնի այլ լիազորություններ: Օրինակ՝ «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հանձնաժողովի եզրակացության եւ ներկայացվող փաստաթղթերի ձեւերը հաստատում է լիազոր մարմինը:», «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Բույսերի վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է բուսասանիտարական ուսումնասիրություն:»: Ուստի առաջարկում ենք «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացվող նոր՝ 5.1-ին հոդվածում լիազոր մարմնի լիազորությունների թվարկումը չկատարել սպառիչ կերպով: Հակառակ դեպքում ենթադրվում է լիազոր մարմնի բոլոր լիազորությունների ներառում լրացվող հոդվածում:

14. «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի չհամարակալված պարբերությունն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»: 

15. «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ի հոդվածով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում  Կառավարության լիազորություններին վերաբերող 6-րդ հոդվածում կատարվող լրացումների, ինչպես նաեւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 8-րդ մասով նախատեսվող կարգավորման արդյունքում Կառավարությունը լիազորվում է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Անասնաբուժության մասին» օրենքում կատարվող լրացումների արդյունքում նախատեսվում է, որ Կառավարությունը սահմանում է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման եւ կենդանական ծագում ունեցող հումքի եւ նյութի լաբորատոր փորձաքննության միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ հաստատոում է՝

1) կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման եւ գրանցման կարգը,

2) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագիրը եւ միջոցառումների կատարման ժամանակացույցը,

3) անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգը:

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:»:

«Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսվում է, որ «Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված բուսասանիտարական անձնագրի ձեւը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում:», սակայն, հարկ է նկատել, որ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի «Բուսասանիտարիայի մասին» օրենքի՝ բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության լիազորություններին վերաբերող 5-րդ հոդվածում կատարվող լրացման արդյունքում նախատեսվում է, որ Կառավարությունը սահմանում է բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը:

Հիմք ընդունելով նշվածը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթով թվարկված օրենքներում կատարվող լրացումների արդյունքում նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ պայմանավորված է վերոնշյալ օրենքներով կարգավորվող որոշակի խումբ իրավահարաբերությունների իրացումը՝ առաջարկում ենք Նախագծերի անցումային դրույթներով նախատեսել նաեւ այդ ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները, ինչպես նաեւ առաջարկում ենքՆախագծերի փաթեթի մեջ ներառված նախագծերով՝ օերնքների ուժի մեջ մտնելու ժամկետները փոխկապակցել այդ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետների հետ:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրինականության սկզբունքի տեսանկյունից:

 Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Անասնաբուժության մասին» օրենքին, «Բուսասանիտարիայի մասին» օրենքին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

17.06.2022թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԶԵՄՖԻՐԱ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

17.06.2022թ.





Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթով  առաջարկվում է համապատասխան օրենքերում սահմանել լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար, ինչպես նաեւ սահմանել լիազորող նորմեր՝ կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, ինչպես նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձեւի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերի հաստատման համար:

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

03.06.2022թ.
 




Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը:

ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող Կառավարության եւ վարչապետի որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:   Վերոգրյալ հանձնարարականի հիման վրա տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից՝ տեսչական մարմինների հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում վեր են հանվել կառավարության մի շարք որոշումներ, որոնց լիազորող նորմերը բացակայում են: 

Ելնելով վերոգրյալից Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքերում սահմանել լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար, ինչպես նաեւ սահմանել լիազորող նորմեր՝ կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, ինչպես նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձեւի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերի հաստատման համար:

Նախագծերի փաթեթը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում 

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                         ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-235, 12-35)

15.06.2022թ.